Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հիմա է՞լ ենք «ֆորպոստ»

Օգոստոս 05,2023 10:00

Երբ մոտ 20 տարի առաջ՝ 2004 թվականին, ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի «ֆորպոստն» է (միջնաբերդը) Հարավային Կովկասում, դա խիստ բացասաբար ընկալվեց բոլոր նորմալ մարդկանց կողմից: Բայց խնդիրն այն է, որ մենք չպիտի լինենք ոչ միայն Ռուսաստանի, այլեւ որեւէ այլ երկրի կամ կազմակերպության «ֆորպոստը», որովհետեւ այդ կարգավիճակը ենթադրում է, որ, գտնվելով «աշխարհաքաղաքական խզվածքի» կետում, դու դառնում ես ինչ-որ մեկի «առաջամարտիկը», որն իր վրա է վերցնում հակառակ կողմի առաջին հարվածները:

Երբ ասվում է, որ մենք «ժողովրդավարության ֆորպոստ» ենք, դա միայն առաջին հայացքից է գեղեցիկ հնչում: Նախ` մեր ժողովրդավարության մասին պնդումները սուտ են, եւ եվրոպական կառույցները, որոնք զմայլվում են Հայաստանի իբր «ժողովրդավարական» ռեժիմով, ինչպես նաեւ համապատասխան հ/կ-ները, դա շատ լավ գիտեն: Երկրորդ՝ հաշվի առնելով, որ 20 տարում այդ խզվածքը մեծացել է, դա կարող է նշանակել, որ հիմա էլ մենք «Արեւմուտքի ֆորպոստն» ենք՝ մի դեր, որից Վրաստանը, քաղաքական հաշվենկատություն դրսեւորելով, հրաժարվել է:

Եթե կա տարբերակ ամբողջությամբ հրաժարվելու ռուսներից եւ ՀԱՊԿ-ից, այստեղ եւ Արցախում տեղադրել ՆԱՏՕ-ի զորքը, ինչպես որ առաջարկում են նույն հ/կ-ականներն ու, այսպես կոչված, «արտախորհրդարանական ուժերը», ապա ես դրան երկու ձեռքով կողմ եմ: Բայց դա նույնքան իրատեսական է, որքան «Վիլսոնի քարտեզով» Հայաստանի սահմանները գծելը:

Քանի որ նման տարբերակ չկա, պետք չէր 2019-ին հրաժարվել Լավրովի վերջին պլանից, պետք չէր հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի մասն է, ինչպես որ դա պահանջում էր եվրոպական եւ ամերիկյան դիվանագիտությունը: Դա ուղղակի հարվածի տակ դրեց մեր 120 հազար հայրենակիցներին: Արեւմուտքը, միջազգային կազմակերպությունները, բացի միջանցքը բացելու վերացական կոչերից, ոչինչ չեն կարող անել: Ռուսաստանը, գոնե տեսականորեն, կարող է, բայց չի ուզում: Եվ խնդիրը նաեւ Հայաստանի դիրքորոշումն է: Ռուսաստանի վարքագիծը կարող ենք անվանել «ցինիկ», «անբարոյական», «անմարդկային» (այդպես էլ կա), բայց պետք է համարձակություն ունենալ նայելու փաստերին:

Երբ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական անգամ բավականին կոպիտ ձեւով արձագանքել էր Փաշինյանի խոսքերին, Հայաստանի վարչապետի պատասխանը մոտավորապես հետեւյալն էր՝ նա ո՞վ դառավ, որ իմ խոսքերը մեկնաբանի: Փաշինյանին թվում է, որ միջազգային հարաբերությունները կենցաղային մակարդակով ինքնահաստատվելու ասպարեզ են: Ներքին կյանքում դա աշխատում է, արտաքին հարաբերություններում՝ ոչ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    Բոլոր նորմալ մարդիկ կերազեին լինել Ռուսաստանի «ֆորպոստը»: Հատկապես հիմա, երբ մեծարգո թրքահպատակ բռնապետիկը՝ շաղակրատելով «ինքնիշխանության» եւ «ժողովրդավարության» մասին, Հայաստանը դարձնում է թուրքական մի զզվելի վիլայեթ: Զավեշտալի է, որ «Ֆորպոստ» բառից խրտնողները ձայն-ծպտուն չեն հանում՝ լսելով «հայասեր» Մակրոնի խոսքն այն մասին, որ Հայաստանն իրենց համար լոկ «բուֆեր» է՝ ռուսների դեմ պայքարում, կամ էլ Կանադայի ԱԳՆ հայտարարությունը, թե բա հակառուսական «պլացդարմ» լինելուց լավ բան չկա էս աշխարհում… 🙂

  2. Ջորդանո Գալիլյան says:

    “Երբ ասվում է, որ մենք «ժողովրդավարության ֆորպոստ» ենք, դա միայն առաջին հայացքից է գեղեցիկ հնչում:”

    Չգիտեմ, ում ականջին է դա գեղեցիկ հնչում, բայց նախ պետք է ճշտել, որ նիկոլական փնթի բռնապետության բրենդը «ժողովրդավարության բաստիոնն» է, այլ ոչ թե «ժողովրդավարության ֆորպոստը»: Տարբերություն այս եզրույթների միջեւ, այնուամենայնիվ, կա՝ եւ բառացի, եւ նրբերանգային: Բայց ամեն դեպքում անիմաստ է քննարկել մի բան, որը գոյություն չունի եւ չի էլ կարող գոյություն ունենալ Հայաստանի նման երկրներում…

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “…մի դեր, որից Վրաստանը, քաղաքական հաշվենկատություն դրսեւորելով, հրաժարվել է:”

    Փառք ու պատիվ վրացիներին, որ ուշքի են եկել ու վերջապես հասկացել, թե ինչ լեզվով չի կարելի խոսել ռուսների հետ: Որոշ ուշացումով, բայց այնումենայնիվ այնտեղ հասկացան, որ Արեւմուտքն իրականում թքած ունի ոչ միայն ժողովրդավարության, այլեւ ամբողջ Վրաստանի վրա: Հիշենք, որ ռուսատյաց Սաակաշվիլիի Վրաստանը Արեւմուտքի համար «ժողովրդավարության փարոս» էր, իսկ իր պետական շահերը պաշտպանող Վրաստանը միանգամից դարձավ ժողովրդավարության թշնամի…

  4. Ջորդանո Գալիլյան says:

    “Եթե կա տարբերակ ամբողջությամբ հրաժարվելու ռուսներից եւ ՀԱՊԿ-ից, այստեղ եւ Արցախում տեղադրել ՆԱՏՕ-ի զորքը, …, ապա ես դրան երկու ձեռքով կողմ եմ: Բայց դա նույնքան իրատեսական է, որքան «Վիլսոնի քարտեզով» Հայաստանի սահմանները գծելը:”

    Դա լավ էլ իրատեսական է, շատ ավելի իրատեսական, քան 1975 թ. գոյություն չունեցող պետության քարտեզով Հայաստանի սահմանները գծելը: ՆԱՏՕ-ի թուրքական զորքը Նիկոլը կտեղադրի «Արեւմտյան Ադրբեջանում» ու հանգիստ կվայելի իր դավաճանական խուժանապետությունը: Այնպես որ հանգիստ խղճով կարելի է բարձրացնել երկու ձեռքը, միայն թե հետո չասեք, թե մենք ուրիշ բան էինք հասկանում՝ ՆԱՏՕ ասելով: Ախր էդ ՆԱՏՕ կոչեցյալը հաստատ մեզանից ավելի լավ գիտի, որտեղ եւ ինչպես տեղադրի իր սեփական զորքը…

  5. Ջորդանո Գալիլյան says:

    “…պետք չէր հրաժարվել…, պետք չէր հայտարարել… Դա ուղղակի հարվածի տակ դրեց մեր 120 հազար հայրենակիցներին”

    Այդ մարդուն հենց դրա համար են իշխանության են բերել, որ հրաժարվի ռուսական ամեն ինչից, հայտարարի ամեն տեսակ ապուշություն ու հարվածի տակ դնի բոլոր հայերին: Առնվազն միամիտ պետք է լինել՝ հավատալու համար այն հեքիաթին, թե մեծարգո պարոն ազգակործան պատուհասը իբր չի գիտակցում իր արածը, իբր նա ընդամենը մի ապաշնորհ ու անհեռատես կառավարիչ է: Սրան քիչ է նույնիսկ դավաճան կամ թշնամի որակելը: Մարդկության պատմության մեջ ընդհանարապես դժվար է գտնել նման ստոր, լկտի ու խաբեբա մի երկոտանու՝ այն էլ երկրի ղեկավարի կարգավիճակով: Ավետիք Իշխանյանը միանգամայն իրավացի է՝ նշելով, որ դրա նման ցինիկ, անգութ, մարդատյաց արարած աշխարհը դեռ չի ծնել…

  6. Լավատես says:

    Սովետի պետությունը քանդողները՝ դրանք պետական հանցագործներ էին, որոնց սովետական օրենքներով պետք է բարձրագույն պատժի ենթարկեին, եթե սովետն իր գոյությունը պաշտպաներ, ստացվում է, կամ քանդողները պետք է վերացնեին պետությունը կամ էլ պետությունը նրանց կտաներ պետության դատախազի մոտ: Այս անգամ պետության դատախազը պետության հետ վերացավ՝ ի տարբերություն հայտնի ֆիլմի սցենարի: Սա հույս է ներշնչում այսօրվա պետական հանցագործներին, որ նույն սցենարով իրենք էլ կպլստան ու վարի տալով սեփական պետությունը գործը պետության դատախազին չի հասնի: Հետեւություն՝ ամեն գնով պաշտպանենք մեր պետության գոյությունը պետական հանցագործներից եւ հասնել նրան, որ պետական օրենքով դատել այդ պետական հանցագործներին, հակառակ դեպքում նրանք իրենց դատավճիռն արդեն կայացրել են՝ վերացնել մեր պետությունը: Սա միայն մեր պետությանը չի վերաբերում, սա վերաբերում է աշխարհի բոլոր մեծ ու փոքր պետություններին: Ինչպե՞ս պաշտպանել պետությունը: Մենք չպետք է անձնավորենք պետական հանցագործներին՝ դա դատախազի գործն է, մենք պետք է խոսենք օրենքի խախտման մասին եւ ինչպես երդվյալ ատենակալներ մեր վերջնական որոշումը ներկայացնենք՝ օրենքը խախտվե՞լ է թե ոչ, իսկ մնացածը արդեն պետության դատախազի եւ պետության դատարանի եւ փաստաբանի գործն է: Օրենքից մենք պետք է խոսենք ե՛ւ ներսի ե՛ւ դրսի բոլոր հարթակներից, եթե մենք ենք խախտել օրենքը՝ թող մեզ պատժեն միջազգային օրենքի ուժով, թե ուրիշներն են օրենք խախտել, մենք պետք է ստիպենք պատժել խախտողներին միջազգային օրենքի ուժով: Օրենքը պաշտպանելով եւ պատժելով պետական հանցագործներին, մարդկությունը դրանով կպաշտպանի եւ կպահպանի սեփական պետությունները եւ միջազգային կառույցները: Ազգովին դառնանք Օրենքի պաշտպանության մարտիկը՝ սկսած ընտանիքում՝ ընտանեկան օրենքի պաշտպանության վերջացրած ՄԱԿում՝ միջազգային օրենքի պաշտպանության: Օրենքը պետք է դառնա մեր կրոնը: Այսօր մենք պաշտպանենք Օրենքը եւ վաղը Օրենքը կպաշտպանի մեզ:

  7. Լավատես says:

    Չնայած միշտ դեմ եմ եղել սովորական քաղաքացի օրինազանցներին պատժելուն, որովհետեւ քաղաքացիների օրինազանցությունը համարել եմ պետության վատ կառավարման արդյունք, բայց սա վերաբերում է սովորական քաղաքացիներին, իսկ ինչ վերաբերում է պետական պաշտոնյաներին, ապա ճիշտ հակառակը՝ պետպաշտոնյանի օրինազանցությունը շատ մեծ վնասների է բերում եւ պետական պաշտոնյաներին գտնում եմ պետք է դատեն ոչ թե սովորական քաղաքացու համար գրված օրենքներով ու սովորական դատարանով, պետպաշտոնյան պետք է դատվի հատուկ պետպաշտոնյաների համար գրված օրենքներով եւ ռազմական տրիբունալով, որտեղ չի բացառվում նաեւ բարձրագույն պատիժը՝ ցմահ բանտարկությունը: Այնպես որ, պետպաշտոնյան, նախքան կաշառք վերցնելը կամ օտարերկրյա հատուկ ծառայություններին ծառայություն մատուցելը, մի լավ կմտածի հնարավոր հետեւանքների մասին:

  8. Լավատես says:

    Մի քիչ էլ կիրառական կրոն հնարեմ): Ասում են, մարդը մեղավոր է արդեն ծնվում, գտնում եմ, ոչ թե մեղավոր, այլ թույլ, նույնն է թե ասել միրգը խակ է, ուրեմն՝ մեղավոր է: Թուլությունը մեղք չի: Բայց մեղքեր կան: Առաջին մեղքը, երբ բացի ինքդ քեզնից ու Արարչից ուրիշ սուբյեկտ ես ճանաչում քո ճակատագրում: Այսօր տեղեկատվական դաշտը հեղեղված է՝ էս մարդն է մեղավոր, էս պետությունն է մեղավոր, որ մենք էս վիճակում ենք: Ուրիշին մեղադրելը մեղք է, քո ճակատագրի համար կա ընդամենը երկու սուբյեկտ, մեկը դու ես, մյուսն էլ Արարիչն է ու վերջ: Երբ վստահ ես գործում եւ ստացվում է, գործում է քո՝ որպես սուբյեկտի կամքը, երբ համոզված չես քո ուժերի վրա, խնդիրը հստակ ձեւակերպիր եւ հանձնիր Արարչի կամքին՝ հաստատ քո ուզածով ամեն ինչ կստացվի: Ինչպես տանտիրուհուն կնեղացնես, եթե ցեխոտ կոշիկներով տուն մտնես, այնպես էլ Արարչին շատ կնեղացնես, եթե վատ տրամադրությամբ նրա հետ շփվես: Սա էլ երկրորդ մեղքը, եթե տրամադրությունդ վատ է, ուրեմն չես հավատում Արարչի ամենազորությանը, իսկ Արարչի համար ամենամեծ վիրավորանքը՝ քո անհավատությունն է իր հանդեպ: Դժվար բան չկա, աթեիստների համար, երբ համոզված ես՝ դա ձեռքի կառավարումն է, եթե համոզված չես՝ միացրու ավտոպիլոտը): Օրինակ, հասկանում ես, որ այսինչ գործը պիտի անես, բայց հեչ հավես չունես, ալարում ես, ի՞նչ պետք է անես, պետք չի ինքնախաբեությամբ հարգելի պատճառներ փնտրել չանելու համար, հակառակը, դիմիր Արարչին, հստակ ձեւակերպիր խնդիրը՝ պետք է այսինչն անել, ուժ ու խելք տուր առանց հոգեկան տվայտանքների այդ գործն անեմ: Ղեկավարումը հանձնիր Վերադասին ու հաճույքով ենթարկվիր Նրա կամքին ու գնա էդ չուզածդ գործն արա: Կտեսնես, առանց հոգեկան տվայտանքների եւ նույնիսկ հաճույքով ամեն ինչ շատ լավ կստացվի: Մարդն իր գենետիկական հնարավորությունների հինգ տոկոսն էլ չի օգտագործում եւ որպեսզի ավելի լիարժեք բացահայտես հնարավորություններդ, պետք է մաքսիմալ չափով աշխատես, իսկ երբ կբացվի երկրորդ շնչառությունդ, դու կանցնես հաջորդ մակարդակ, ասենք, երբ նորակոչիկը դառնում է փորձառու զինվոր: Երրորդ մեղքը՝ երբ երկրորդ շնչառությունդ հազվադեպ է բացվում, որն էլ թուլության նշան է, մի բան, երբ անչափահասն է թույլ, ուրիշ բան է, երբ մեծահասակն է թույլ՝ վերջինիս համար սա մեղք է: Ոչ միայն մարդն է սուբյեկտ եւ Արարիչը, սուբյեկտ է ազգը եւ Արարիչը, սուբյեկտ է համայնքն ու Արարիչը: Արցախի կամքը, Շիրակի կամքը, Երեւանի կամքը, ո՞րն է ոչ թե երեւանցիների, այլ Երեւանի կամքը գալիք ընտրություններում: Եթե Երեւանը սուբյեկտ է, պետք է ունենա իր կամքը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031