Ես հասկանում եմ, որ խեղդվողը փրփուրներից է բռնում եւ այդ իմաստով հասկանալի է նաեւ, որ «Հայաքվե» նախաձեռնության կազմակերպումը մի քանի իմաստով ավելի լավ է, քան դրա չիրականացումը: Եթե ուրիշ ոչ մի բան, ապա գոնե փաստացի ջրի երես դուրս կգա այն իրավիճակը, թե մեր ժողովուրդն իրականում ինչ է մտածում Արցախի այսօրվա իրավիճակի վերաբերյալ: Համաձա՞յն է, արդյոք, իշխանությունների այն մոտեցմանը, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, որից հետո կամ այն աստիճանաբար կհայաթափվի, կամ սարսափելի մեծ ջանքերով՝ մի կերպ կպահպանի իր ինքնուրույնությունը՝ ինքնորոշումն առանձին միավորի կարգավիճակում, կամ պատերազմով նրանց՝ ուղղակի վախի սպառնալիքի տակ կփորձեն քշել Արցախից, որին այս պարագայում դիմակայեը համարյա անհնարին կլինի: Կարծում եմ, այս տարբերակներից ցանկացածի պարագայում, Հայաստանի իշխանությունները կամ կօգնեն Ադրբեջանին, կամ լավագույն դեպքում, լոյալ՝ ձեռնպահ կմնան, քանզի նրանք արդեն բացահայտ հայտարարել են, որ Արցախը տեսում են Ադրբեջանի կազմում եւ հակառակ քայլ անելու դեպքում, Ալիեւն ուղղակի շատ խիստ կպատժի Հայաստանին …
Եթե ցանկացած մեկը փորձում է գնալ որեւէ քայլի, ապա տրամաբանական է, որ նախքան այդ քայլին գնալը, նա պետք է հնարավորինս խորը վերլուծի, թե ուր է գնում, ինչպես եւ ինչու: Կարծում եմ, «Հայաքվե» նախաձեռնության կազմակերպիչները եւս մտածել են այս ուղղությամբ եւ ունեն իրենց պրակտիկորեն իրագործելի տեսլականն ու նպատակը: Ամեն դեպքում, ես որպես հայ մարդ, ով եւս բնականաբար ստորագրել է դրա տակ, ուզում եմ հասկանալ, թե այն մինչեւ ուր է հասնելու եւ ինչպես: Արդեն ասացինք, եթե ուրիշ ոչինչ, ապա այն գոնե պրակտիկորեն վեր կհանի տվյալ պահին Արցախի վերաբերյալ ժողովրդի մոտեցման իրական վիճակը եւ կհասկանանք, թե ինչ պատկեր ունենք ու այդ տրամադրվածությամբ ինչի կարող ենք հասնել:
Ենթադրենք հավաքվեց պահանջվող՝ անհրաժեշտ թվով ստորագրությունները, ապա ի՞նչ է լինելու դրանից հետո: Նախ համոզված եմ, որ ստորագրությունների հավաքումից եւ դրանք ԿԸՀ ներկայացումից հետո, իշխանություններն իրենց բոլոր լծակներով քրքրելու են՝ մանրակրկիտ «ստուգման» են ենթարկելու դրանց իսկությունը եւ հազարումի «սխալներ են հայտնաբերելու» ներկայացված փաթեթում եւ փորձելու են միանգամից մերժել այդ փաթեթի օրենքին համապատասխանությունը ու, հետեւաբար, հենց այդ փուլում փորձելու են մերժել այն: Եթե անգամ այդ փուլում չմերժեն, ապա հարցը կգնա 300 000 ստորագրության հավաքմանը, որի պարագայում եւս, էլ ավելի «մանրակրկիտ ստուգման» կենթարկեն ու էլի կփորձեն մերժել դրանց՝ օրենքին համապատասխանությունը: Եթե որոշեն դա էլ չանել, ապա հարցը մտցնելով Ազգային ժողովի քննարկմանը, հազար ու մի անհեթեթ պատճառաբանություններով ԱԺ-ն կմերժի այն: Եթե անգամ նախաձեռնող խումբը օրենքով սահմանված կարգով հնարավորություն ունենա այն բողոքարկելու, ապա անգամ ժամանակը թույլ չի տա, քանզի մինչ այդ իշխանություններն արդեն ստորագրած կլինեն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համաձայնագիրը եւ դրանով ամեն ինչ ավարտված կլինի ու արդյունքում կունենանք, որ այդ թանկ ժամանակահատվածում՝ փոխանակ կոնկրետ զբաղվելու Արցախի փրկության հարցով, զբաղվեցինք դատարկ ժամավաճառությամբ: Այնպես որ, ասվածը պարզորոշ նշանակում է, որ գուցեեւ իմաստ ուներ շարունակել «Հայաքվե» նախաձեռնության իրականացումը, սակայն միայն մի սպասումով, որ ինչպես վերն ասվեց, դրանով ընդամենը կունենանք ժողովրդի մոտեցման իրական պատկերը, իսկ այդ ժամանակահատվածը զուգահեռաբար պետք է օգտահործվեր Արցախի փրկությանն ուղղված լրջմիտ քայլեր ձեռնարկելու համար …
Ամփոփելով ասեմ՝ գուցեեւ շատ կարեւոր է «Հայաքվե» նախաձեռնության իրականացումը, սակայն այն հաստատ Արցախի փրկության բանալին չէ, այնպես որ, պետք է պրակտիկորեն իրագործելի, ռեալ լուծումներ փնտրել: Անկասկած, իրականում շատ իզուր ժամանակ ենք վատնել եւ ցավալիորեն, այն անարդյունք, սպառման եզրին է:
Կարդացեք նաև
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
04.08.2023
Շատ սթափ ու ճիշտ դատողություններ։ Հայաքվեն բոլոր ստորագրողները էլի ինքնամոռաց մոլորության մեջ են որ էլի փրկեցին Արցախը։ Այնինչ հենց հիմա մոբիլիզացվել և զինված պայքարի է պետք գնալ այն մի քանի խմբերի հետ որ սակավամարդ են բայց լոլոներով հասարակությանը չեն շեղում։ Հայաքվեն շեղող օրակարգ է