Սկիզբը՝ այստեղ
- ՉԻՆԱՍՏԱՆԸ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
Ծառից արցախցու ընկնելը պատահական չէր: Այն նախապես ծրագրված էր: Նախապես մշակված անախորժությունները ինձ հետեւում են Ամերիկայում: Կարծես թե կարեւոր առաքելությամբ եմ եկել այս երկիրը, հին լուսապատկերներ եմ բերել՝ հիշեցնելու նախահայրենիքի մասին: Պետք է տեսնեն իրենց նախնիներին, մտածեն նրանց մասին: Սակայն պարզվում է՝ ինչ-որ բան, շատ կարեւոր բան հաշվի չեմ առել: Շահը, ավելի շուտ՝ շահույթը: Պետք է մարդկանց ցույց տայի, թե անմիջական ինչ շահ կարող են ունենալ: Հետս բերել էի այդ լուսանկարների կրկնօրինակները: Ես առաջարկեցի այցելուներին, սակայն նրանք ամենեւին տրամադրված չէին իրենց միջոցներով օգնել, որ շարունակեի ցուցադրությունը ԱՄՆ-ի այլ քաղաքային համայնքներում:
Ո՞նց չմտածեմ, որ մի անհայտ անեծք ամենուր հետեւում է ինձ:
Ահա եւ մի նոր անակնկալ. ՀՀ ԳԱԱ Հիմնարար գրադարանի նոր տնօրենը տնեցիներից պահանջել էր, որ անմիջապես գան եւ «Շուշի» հիմնադրամին հատկացված 14 քառ. մ տարածքով գրասենյակից դուրս հանեն Բակուրի եւ, ընդհանրապես, հիմնադրամի գույքը: Սենյակը Արցախի Հանրապետության կառավարության խնդրանքով հիմնադրամին է հատկացրել նախորդ նախագահներից Ֆադեյ Սարգսյանը: Մտածեցի, որ Հայոց Շուշի բերդաքաղաքը կրկին գրավել է թուրքը, որից երեւի միայն հիմնադրամն է կենդանի մնացել, բայց այն էլ ուզում են դուրս շպրտել:
Կարդացեք նաև
Իմ անհաջողություններով ուրախանո՞ւմ են գաղափարական իմ թշնամիները: Նախանձն ու ատելությունը հանգիստ չի՞ տալիս նրանց:
Գլենդելյան «Ցենտրալ» գլխավոր պողոտայում աղյուսաշեն շենքի մուտքին հայկական դրոշ էր ծածանվում: Ահա եւ իմ փրկությունը: Հայաստանի Հանրապետության լոսանջելեսյան հյուպատոսությունն էր: Այստեղ ինձ կօգնեն, ուղղություն կտան, նույնիսկ կխնդրեն կառուցվող Հայ-ամերիկյան թանգարանի տնօրեն Պերճ Կարապետյանին ոչ թե խուսափել ինձ լսելուց, այլեւ ընդունել իմ առաջարկությունները: Ես նպատակադրվել էի թանգարանին առաջարկել ոչ միայն աշխարհի հայ համայնքների մասին հին լուսանկարների 7 հազարանոց հավաքածուն, այլեւ Արցախյան ազատագրական շարժման հետ կապված իմ 250 ժամ տեւողության նկարահանումներով կարճամետրաժ հայերեն ու անգլերեն 24 ֆիլմեր ստեղծելու գաղափարը: Կարող էի միայն հեռախոսով կապվել Հյուպատոսարանի հետ: Խոստացան պատասխանել:
Անհաջողությունների արանքում երբեմն պայծառ ժամեր էի ապրում: Դրանցից մեկը չինաստանյան փոքրիկ թաղամասում գտնվելն էր: Ամեն ինչ արվել էր ամերիկացիներին ու նաեւ Ամերիկայի հյուրերին հրամցնելու Չինաստանի մթնոլորտը: Օդում կախված կարմիր գնդերն ու կղմինդրե կեռ-կեռ տանիքները միանգամից հուշում են. սա Չինաստան է եւ վերջ… Նվերների խանութների աշխատողները ձգտում են կռահել, թե ինչ կգնեինք: Թոռանս՝ կարատեով զբաղվող Ռոբերտի համար Սոնան շղթայով իրար կապված մենամարտի զուգափայտ գնեց, Էվայի համար՝ չինական նախշազարդ հովհար: Առանց կեռ-կեռ կիսատանիքներով աշտարակի էլ ի՞նչ Չինաստան: Իսկ Սոնայի չինական խայտաբղետ զարդերով պայուսակն անպայման կշարժի ամերիկայի կանանց նախանձը: Հիմնարկների մուտքը պահպանում են հրեշավոր էակները: Մի տեղ մուտքի մոտ ձողեր էին տեղադրված, որոնց վրա այցելուները կարմիր ժապավեն են կապում, այդպես ձողին թողնելով իրենց անհաջողությունները: Ինքս էլ կմասնակցեի այս ծեսին, սակայն կարմիր ժապավեն չունեի, չնայած չգիտեի էլ, թե դա Ամերիկայում կօգնի՞ ինձ ազատվելու անեծքի կապանքներից: Սոնան ինձ անընդհատ հուշանվերներ էր առաջարկում, որոնցից ես ընտրեցի զանգը, բուդդայի եւ զինվորի քանդակները:
Լոս Անջելեսի Դաուն թաուն կենտրոնում ենք:
Միահարկ հսկա քաղաքում, ասես անապատի մեջ հսկա ծառերի մի խումբ վեր է խոյացել ու ասում է՝ ահա ես՝ ձեր ապագան: Սակայն միահարկ քաղաքը դիմադրում է: Երկնաքերները իրար չեն կրկնում: Ճարտարապետները փորձում են յուրաքանչյուր շինությանը ուրույն ոճ եւ իմաստ հաղորդել, որպեսզի իրար նման չլինեն:
Լոս Անջելեսում ապրում է 3 միլիոն 900 հազար մարդ, որից 600 հազարը՝ հայ: Քաղաքը 1751 թ. հիմնել է իսպանացի Ֆիլիպպե դե Նեվերը: ԱՄՆ-Մեքսիկա պատերազմից հետո այն ողջ Կալիֆոռնիայի հետ անցել է ԱՄՆ-ին: Կալիֆոռնիայի ընդերքում նավթի հանքի հայտնաբերումը նրա վերընթացի համար լուրջ խթան հանդիսացավ:
Դուրս եկանք մայրուղի ու դեպի Լոս Անջելեսի թաղամասերից մեկը՝ Շերվուդ Փորեսթ ենք ընթանում: Էկրանի քարտեզը ճշգրտությամբ թելադրում է Արգամ-Մանե ամուսինների տուն տանող ճանապարհը, նախապես հուշում՝ որ կողմը թեքվել: Երբ սխալվում ես, անմիջապես հուշում է ճանապարհը գտնելու ելքը: Երբ հակընթաց մայրուղու վրա տեսնում ես հազարավոր մեքենաների ընթացքը, ու այդպիսի տասնյակ մայրուղիներն անընդհատ անցնում են իրար վրայով, միեւնույն ժամանակ կապ պահպանում իրար հետ, իսկ տիեզերական երեսուն արբանյակները ուշի- ուշով կառավարում են այդ խելացնոր թվացող շարժումը, սկսում ես հասկանալ Ամերիկայի առաջընթացի գաղտնիքը. դա համընդհանուր շարժումն է: Ամերիկայի մեծ մասը անիվների վրա է: Նույնիսկ ավտոմեքենաները տնակների են վերածվել՝ ներսի բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Առաջարկում են մեկ այլ քաղաքում աշխատել, խնդրեմ, ընտանիքով կարող են տեղավորվել ավտոտնակում: Ճանապարհի կողքին կա համապատասխան գոտի, որտեղ տեղակայվել են այդ մեքենաները, վերածել ընդհանուր բնակավայրի:
Մի քանի մայրուղի փոփոխելով հայտնվեցինք Շերվուդ Փորեսթում՝ Արգամենց տան մուտքի մոտ: Բակը բույսերի ձեւավորմամբ հետաքրքիր միջավայր էր ստեղծել, որն ավարտվում էր լողավազանով: Արգամ Եղիազարյանը, որը մասնագիտությամբ դիզայներ է, տունն իր բակով 2002-ին գնել էր խարխուլ վիճակում: Տանիքը փայտեղեն էր: Նա ուրախ էր, որ այնպիսի վիճակում էր, որ պետք է հիմնովին վերակառուցեր, իր ցանկալի մթնոլորտը ստեղծեր: Այսօր նրա տունը հայտնի վայր է դարձել կինոմասնագետների, ֆոտոշոպի մասնագետների, երաժշտական կոմեդիայի վարպետների համար: Շատ դրվագներ այս տան միջավայրում են նկարահանում:
Տան կառուցմանը զուգահեռ Արգամ Եղիազարյանը հնաոճ իրեր, նկարներ, ձուլածո քանդակներ էր հավաքում: Նա ինձ ներկայացրեց այն իրերը, որոնք իր հպարտությունն են: Հին պահարանները իրենց զարդաքանդակներով կարող են հանդիսանալ ցանկացած թանգարանի զարդն ու պարծանքը: Ցանկացած իր առանձին պատմություն ունի: Դրանք անցել են հարյուրամյակների, ընտանիքների միջով: Առանձին հարգանքով է խոսում Նապոլեոնի կնոջը պատկանող նկարազարդ սպասքի, անգլիական 1744 թ. խոշորացույցի, ճապոնական թրի նկարազարդ պատյանի, եկեղեցական ծիսական իրերի, մեծ ժամացույցների, առաջին հեռախոսի մասին: Պատերին XVII-XVIII դդ. դիմանկարներ են, բնության կամ քաղաքային տեսարաններ: Եվ կարեւորը՝ այդ ամենն Արգամը աշխատեցնում է ամերիկյան ձեւով՝ ունենալով իր շահույթը:
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.08.2023