Բայց այդ Հատուկ կարծիքը ո՞վ է բանի տեղ դնելու
Այս գործի նյութերում բացակայել է ՍԴ դատավորի հատուկ կարծիքի համաձայն որեւէ ստորագրություն, առկա չէր ՍԴ աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթը, որով հաստատվեր, որ առկա է էլեկտրոնային ստորագրություն, որ այն իսկությանը համապատասխան է, որ այն ստորագրված է իրավասու անձի կողմից: Դատավորի համար «անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ հանդիսացած դիմումին տրվել դիմողի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն»: Չնայած այս ամենին, ՍԴ-ն որոշում է կայացրել…
Կառավարությունն իր` 2023 թվականի հունիսի 16-ի N 966-Ա որոշմամբ հավանություն է տվել 2014 թվականի հոկտեմբերի 14-ին ստորագրված «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը եւ որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը՝ կազմով Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի, մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Կառավարության ներկայացուցիչ` Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուրադյանի, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի հոկտեմբերի 14-ին ստորագրված «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Այն ՍԴ էր մուտքագրվել կառավարության կողմից 2023 թվականի հունիսի 20-ին:
Համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) եւ Մեծ քսանյակի (G20) պետությունների կողմից համատեղ մշակված Հարկային հարցերում ֆինանսական տեղեկությունների ավտոմատ փոխանակման ստանդարտին (Standard for Automatic Exchange of Financial Information in Tax Matters) համապատասխան՝ տեղեկությունների ավտոմատ փոխանակման գործընթացի դյուրացմանն ուղղված՝ ստանդարտացված եւ արդյունավետ մեխանիզմի ապահովման նպատակով: Համաձայնագիրը հաջորդում է Եվրոպայի խորհրդի «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիային ու այն փոփոխող արձանագրությանը, որոնք, ըստ էության, քննարկվող համաձայնագրի իրավական հիմքերից են, եւ որոնք Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել են 2019
Կարդացեք նաև
թվականի դեկտեմբերի 13-ին ՀՕ-275-Ն օրենքով (ՍԴՈ-1490):
Համաձայնագիրն ունի վեց հավելվածներ. «Ոչ փոխադարձության սկզբունքով գործող պետությունների ցանկը», «Փոխանցման մեթոդները», «Տվյալների պաշտպանության նշված երաշխիքները», «Գաղտնիության պահպանման վերաբերյալ հարցաշար», «Իրավասու մարմինները, որոնց համար սույն Համաձայնագիրը գործողության մեջ է դրվել» եւ՝ «Փոխանակման նախատեսված ամսաթվերը», որոնք ենթակա էին լրացման:
ՍԴՈ-1697 որոշմամբ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Հայաստանը պարտավորվել էր՝ ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինն այլ իրավասու մարմնի հետ մշակի եւ համաձայնեցնի տվյալների փոխանցման մեկ կամ մի քանի մեթոդներ, այդ թվում՝ գաղտնագրման չափանիշները՝ ստանդարտացումն առավելագույնի հասցնելու եւ բարդությունները, եւ ծախսերը նվազագույնի հասցնելու, մյուս իրավասու մարմնին ծանուցի, երբ հիմքեր ունի կարծելու, որ սխալը կարող է դարձած լինել տեղեկությունների ոչ ճիշտ կամ թերի տրամադրման պատճառ, կամ Հաշվետվություն տրամադրող ֆինանսական հաստատության (Պետության ցանկացած ֆինանսական հաստատություն, որը չի համարվում Հաշվետվություն չտրամադրող ֆինանսական հաստատություն) կողմից չի ապահովվել Միասնական հաշվետվողական ստանդարտով նախատեսված՝ հաշվետվության տրամադրման գործող պահանջներին:
Այս գործով ՍԴ դատավոր Ե. Խունդկարյանը հուլիսի 28-ին հայտնել է Հատուկ կարծիք: Դատավորը համաձայն չէր ՍԴ որոշմանը: Նա հարկ էր համարել հիշեցնել «ՍԴ մասին» օրենքը, համաձայն որի՝ դատավորը պարտավոր է մասնակցել քվերակությանը եւ քվեարկել կողմ կամ դեմ՝ ՍԴ համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը: Ըստ ՍԴ դատավորի, որոշումներ կամ եզրակացություններ ընդունելիս քվեարկությանը մասնակցելը եւ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը ՍԴ դատավորի պարտականությունն է:
Դատավորը հայտնել է, որ իր կողմից որոշմանն անհամաձայնություն տալը պայմանավորված է «Թույլատրելի եղանակով ներկայացված, դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում ՍԴ-ն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ ընդունված որոշման բովանդակությունից»:
Հերթական անգամ ՍԴ է մուտքագրվել դիմում, ըստ դատավորի՝ «իրավասու անձի կողմից չստորագրված», անթույլատրելի, եւ հայտնի չէ, Սահմանադրական դատարանում առկա՞ են, արդյոք, էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ՍԴ-ն որ էլեկտրոնային հարթակով է ստացել այս դիմումը, քանի որ առկա չէ իրավական ակտ այդ մասին:
Այսինքն, ՍԴ դիմող անձի համար կանխատեսելի պիտի լինի առհասարակ, թե ինչ միջոցների կիրառմամբ է դատարանում հաստատվում կամ հերքվում ներկայացված էլեկտրոնային փաստաթղթի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը, ինչը հնարավորություն կտար ՍԴ դիմող անձանց համար նախքան էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային փաստաթղթի ձեւով դիմում ներկայացնելը կանխատեսել, թե ինչ գնահատական է տրվելու դրանում առկա էլեկտրոնային ստորագրությանը: ՍԴ դիմողների համար պետք է գործեն համանման պայմաններ եւ բացառվի անհավասար վերաբերմունքը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.08.2023