Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը» Արցախում պատրաստվում է խաղաղ երթ իրականացնել դեպի Հակարիի կամուրջ՝ Բերձորի միջանցքի բացման եւ ադրբեջանական ապօրինի անցակետի ապամոնտաժման պահանջով։
«Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» նախաձեռնող խմբի անդամները քիչ առաջ գնացել են ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ պահանջելով իրենց տեղեկություն տրամադրել ադրբեջանական տելեգրամ ալիքներով տարածված տեղեկատվության վերաբերյալ։ Արցախցիները նաեւ պահանջում են, որ ռուս խաղաղապահները հայտարարեն, որ ապահովելու են իրենց խաղաղ երթի անվտանգությունը։
Նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանը հայտարարել է, որ անվտանգության հարցերը լուծելու համար անհրաժեշտ է, որ երթն ուղեկցեն ռուս խաղաղապահները՝ իրականացնելով իրենց ստանձնած պարտավորությունները։ «Ի՞նչ է կատարվել այստեղ, մի քանի օր առաջ մենք ընդամենը ավտոբուսների վրա գրություն ենք փակցրել, որ խաղաղ երթի ենք պատրաստվում, ադրբեջանական կողմ արդեն իր հակաքայլ է արել, որը խուճապի տրամադրություններ է ստեղծել, ինչն իրենց նպատակն է։ Բայց իրենք սա մենակ չեն արել, մեր Ազգային ժողովի պատգամավորը, առիթից օգտվելով, սկսել է ժողովրդի մեջ այդ խուճապային տրամադրությունները սրել։ Ադրբեջանը միանգամից հայտարարել է, որ Արցախում պրովոկացիա են փորձում պատրաստել, եւ դա պատրաստում են իշխանությունները՝ ժողովրդի միջոցով»,- ասել է Օսիպյանը։ Նա նշել է, որ ադրբեջանական տելեգրամ ալիքները հաղորդել են, թե իբր ռուս խաղաղապահները փորձում են «հայ ահաբեկիչներ» տեղափոխել Բերձորի միջանցք։
«Մենք որեւէ ուժային նպատակ չենք հետապնդում, ամեն ինչ արվում է խաղաղ նպատակով, բայց Ադրբեջանը հիստերիա է բացել այն նպատակով, որ մեզ մոտ խուճապի տրամադրություններ առաջացնի։ Եթե թշնամին ուզում է մեզ խուճապի մեջ մտցնել, ի՞նչ պետք է անենք մենք, ճիշտ հակառակը, սառնասիրտ պետք է վերաբերվենք այս հայտարարություններին եւ փորձենք հասկանալ, թե որոնք են մեր հետագա քայլերը։ Պետք է ներքին գործիչների ու կուսակցությունների նկատմամբ ուշադիր լինենք, որովհետեւ իրենց մի մասը ծառայելու է Ալիեւին, եւ սա մեզ համար մեծ վտանգ է։ Եթե թշնամիները հայտարարում են, որ ռուս խաղաղապահները մեր խաղաղ երթը փորձում են են վերածել զինված դիմադրության, եւ ռուսների կողմից չկա հերքում, մեր խնդիրն է, իջնենք Իվանյան եւ ռուսներից պահանջենք՝ իրենք հերքեն Ադրբեջանի սուտը, եթե դա սուտ է։ Բացի դրանից, ասում ենք, որ ռուսները պետք է ներկա լինեն եւ խաղաղ երթի անվտանգությունն ապահովեն։ Մենք պետք է իջնենք Իվանյան, որ ռուսները դուրս գան ու հայտարարեն, որ խաղաղ երթի անվտանգությունը կապահովեն, քանի որ իրենց վրա այդ պարտականությունները վերցրել են»,- ասել է նա։ Օսիպյանը հավելել է, ռուս խաղաղապահները պարտավոր են ուշադրություն դարձնել եւ բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի արցախցիների երթը չվերածվի զինված պայքարի կամ թշնամու կողմից ագրեսիայի։
Կարդացեք նաև
«Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Ավանեսյանը ռուս խաղաապահների տեղակայման վայրում ունեցած հանդիպումից հետո «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենց առաջարկել են վաղը գրավոր նամակ փոխանցել։ «Իրենց ներկայացուցիչն ասաց՝ գրավոր նամակը վաղը բերեք, մենք երկուշաբթի գրավոր կպատասխանենք։ Պետք է նամակը վաղը պատրաստենք եւ տանենք։ Այդ նամակում մենք հիմնականում բարձրացնելու ենք հարցը, որ ադրբեջանական տելեգրամ ալիքներից մեկում սադրիչ լուր է հրապարակվել, որ իբրեւ թե ռուս խաղաղապահներն արցախցիների խաղաղ ցույցի պատրվակով փորձում են Լաչինի միջանցքում գործողություն իրականացնել։ Ռուս խաղաղապահները պետք է նաեւ մեզ պատասխան տան, թե իրո՞ք պատրաստվում են այդպիսի բան անել, թող մեզ գրավոր պատասխանը տան»,- ասաց Ավանեսյանը։
Ավանեսյանը նշեց, որ երթի անվտանգությունն ապահովելու հարցը եւս պետք է քաննարկեն ռուսական կողմի հետ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ