Լրահոս
Օրվա լրահոսը

Չի կարող աշխարհի աչքերի առջեւ 30 հազար երեխա սովի մատնվել․ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Կոռնիձորում էին (ֆոտոշարք)

Օգոստոս 04,2023 22:24

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանի ուղեկցությամբ՝ Հայաստանում գործունեություն ծավալող մարդասիրական մանդատով եւ երեխաների պաշտպանության իրավունքներով զբաղվող շուրջ 15 կազմակերպության ներկայացուցիչներ օգոստոսի 4-ին եղել են են Կոռնիձորի սահմանային հատվածում։  Հիշեցնենք՝ արդեն 10-րդ օրն է, ինչ այստեղ կանգնած են  Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությամբ 21 բեռնատարները։ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքն Արցախ, իսկ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբից դեռ որեւէ արձագանք չկա։

Փոխնախարարի խոսքով՝ այս մարդասիրական կազմակերպությունները դիմել էին իրենց՝ այստեղ գալու, իրենց աչքերով տեսնելու եւ իրավիճակի ամբողջ սրությունն ըմբռնելու համար։

«Սա համարում ենք ցեղասպանության ակտ։ Հատկապես մեր մտահոգության առարկան են 30 հազար երեխաները, որոնք ապրում են Արցախում եւ այս պահին զրկված են սնունդից, դեղորայքից։ Ընտանիքները բաժանված են։ Ոտնահարված են երեխաների բոլոր իրավունքները, եւ մեր ակնկալիքն է, որ այս հարցը շուտափույթ լուծում ստանա, ու միջոցներ ձեռնարկվեն միջանցքը բացելու համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Քնարիկ Գարամֆիլյանը։

Միրա Անտոնյանը

«Հայ օգնության ֆոնդ» երեխաների պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչ Միրա Անտոնյանն ասաց, որ չափազանց մտահոգված են ստեղծված իրավիճակով։ «Ուզում ենք մեր միջազգային գործընկերներին տեղեկացնել եւ խնդրել նրանց, որ կոտրեն բոլոր այն դռները, որոնց հնարավոր է հասնել, տեղ հասցնել ուղերձներն այն մասին, որ չի կարող օրը ցերեկով, աշխարհի աչքերի առաջ 30 հազար երեխայի սովի մատնել։ Արցախի երեխաներն էլ աշխարհի բոլոր երեխաների նման ունեն նույն իրավունքներն ու հնարավորությունները»,- նշեց Միրա Անտոնյանը։

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի զարգացման գծով տնօրեն Հայկ Բոյաջյանի խոսքով՝ իրենք Արցախում կանանց 9 հոգանոց աշխատակազմ ունեն, ովքեր ամենօրյա ռեժիմով շարունակում են այնտեղի երեխաներին տրամադրել անհրաժեշտ ծառայություններ: Նրա դիտարկմամբ՝ ներկայում մեծ է թերսնուցման վտանգը, ու այս իրավիճակի հետեւանքները դեռ երկար ժամանակ իրենց զգացնել կտան: «Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ հնարավորինս թուլացնենք այդ ծանրությունն ու լարվածությունը»,-ասաց Հայկ Բոյաջյանը:

Րաֆֆի Դուդակլյանը

«Վորլդ Վիժիոն» հայաստանյան գրասենյակի ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը նշեց, որ Կարմիր խաչի հայտարարությունից հետո աշխարհը պիտի սթափվեր, հասկանար, որ լուրջ մարդասիրական աղետ է Արցախում։

Վարդուհի Դադունցը

«Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդուհի Դադունցն էլ նշեց, որ միանում են գործընկերների կոչին՝ պահանջելով կատարել արդարադատության միջազգային դատարանի որոշումներն ու բացել Լաչինի միջանցքը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031