Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ օգոստոսի 4-ին, ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյին։
Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է Ուկրաինայի հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ նման հանդիպումների արդյունքում քննարկումներն էլ ավելի են ամրապնդում իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար հետևանքները, աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նշված խնդիրների հասցեագրման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Բացի այդ, Պաշտպանն անդրադարձել է Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա տղամարդուն ադրբեջանցիների կողմից առևանգելու դեպքին։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Վագիֆ Խաչատրյանի իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ:
Կողմերը քննարկել են Հայաստանում գտնվող ուկրաինացիների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր։ Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ իր մանդատի շրջանակում պատրաստ է աջակցել ցանկացած դիմումատուի։
Կարդացեք նաև
Ալեքսանդր Սենչենկոն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության համար և նշել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու պատրաստակամությունը։