Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ահազանգի հետքերով․ ի՞նչ է կատարվում Գյումրիում՝ Համահայկական խաղերին ընդառաջ

Օգոստոս 04,2023 20:51

Aravot.am-ն ահազանգ է ստացել այն մասին, որ Համահայկական 8-րդ ամառային խաղերին
ընդառաջ՝ Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մոտակայքում ինչ-որ անձ տաղավար է տեղադրել՝ սառնարանով, որի մեջ հյութեր են եղել ու պատրաստվել է  փող աշխատելու։

Տեղի ոստիկանությունը դիմել է Գյումրու համայնքապետարանի անօրինական շինությունների և հողազավթումների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Սարոյանին, որպեսզի վերջինս հեռացնի տաղավարը, քանի որ ապօրինի է, նաև տգեղ․ Գյումրին 11 հազար հյուր պիտի ընդունի, պիտի այցելեն նաև  կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ։

Ըստ ահազանգի՝ Գոռ Սարոյանը ոստիկանությանը պարզաբանել է, թե չի կարող հենց այնպես հանել տաղավարը, քանի դեռ չի պարզվել, թե ով է տերը, տվյալ դեպքում ապօրինության հեղինակը։

Սակայն կարճ ժամանակ անց պարզվել է, որ ապօրինության հեղինակը հենց Գյումրու համայնքապետարանի անօրինական շինությունների և հողազավթումների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Սարոյանն է․ տաղավարը նրանն է։

Ոստիկանությունը հեռացնել է տվել այն։

Aravot.am-ը պարզաբանում ստանալու նպատակով դիմեց Գոռ Սարոյանին՝ հետաքրքրվելով, թե իրակա՞ն է  այս պատմությունը։

Քաղաքապետարանի պաշտոնյան վստահեցրեց, որ ինքը կապ չունի տաղավարի հետ: Իրեն են դիմել ոստիկանությունից առ այն, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մոտակայքում երեք տաղավար է տեղադրված եղել՝ կարմիր մեծ անձևրանոցներով, սառնարանով, ինքն էլ գտել է տիրոջը, բանակցել և հեռացնել է տվել։

Նա նաև ասաց, որ ինքը տեղեկացրել է ոստիկանությանն այն մասին, որ քաղաքապետարանի անօրինական շինությունների և հողազավթումների բաժինը չի կարող առանց վարչական արձանագրության՝ վերցնել տաղավարներն  ու հեռացնել, դա կլինի ապօրինություն, այդ դեպքում տերը կարող է դատի տալ իրենց, թե գույքս վնասել են։

Ըստ պաշտոնյայի՝ քաղաքապետարանը նման իրավասություն չունի, եթե ոչ բնակչի հետ բանակցելով, ապա պիտի օրենքով շարժվի․ արձանագրություն կազմի, բնակչին այս մասին տեղյակ պահի, վարչական վարույթ  նախաձեռնի, իսկ այս ամենն առնվազն երկու շաբաթ տևի։

Քաղաքապետարանի պաշտոնյան չի բացառում, որ վաղը, երբ Գյումրին կունենա 11 հազար հյուր, շատերը կփորձեն առիթն օգտագործել ու տաղավարներ տեղադրել և ոչ միայն «Շիրակ» ֆուտբոլայի ակումբի մոտակայքում, այլեւ՝ կենտրոնական հատվածներում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031