«Մենք ձեզ հետ ենք, սիրելի Արցախցիներ, ՍԸԽ ԿԱՑԻՔ». այսպիսի ցուցապաստառներով ու կոչերով այսօր Դանիայի մեր հայրենակիցները Կոպենհագենում ԵՄ ներկայացուցչության մոտ բողոքի ցույց եւ հացադուլ են կազմակերպել՝ ի աջակցություն շրջափակման մեջ հայտնված 120 հազար արցախցիների, 30 հազար երեխաների ու կանանց: Նրանք բողոքի ցույցն անվանել են՝ «Հացադուլ՝ հանուն մեր արժանապատվության»:
Բացի այդ, նրանք բաց նամակ են պատրաստել, որն այսօր ուղարկելու են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որտեղ մասնավորապես հորդորում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, որն իրականացնում է հայերի ցեղասպանություն: Մեզ հետ զրույցում կազմակերպիչներից մեկը՝ մեր հայրենակից Բյուրակն Իշխանյանը, տեղեկացրեց, որ արդեն մոտ 30 ստորագրություն կա նամակի տակ:
Aravot.am-ի հետ զրույցում Կոպենհագենում բողոքի ցույցին մասնակցող եւ կազմակերպիչ Լիլիթ Սահակյանն ասաց, որ շատ անցորդներ են արձագանքում, հետաքրքրվում ու կարդում ցուցապաստառները. «Շատերը տեղեկացված չեն Դանիայում, Շվեդիայում, տեսնում են, զարմանում ու ապշում են: Ովքեր տեղեկացված են, ասում են՝ մեզ հետ են»:
Կարդացեք նաև
Ցույցի ժամանակ միջադեպ է գրանցվել,այդ հատվածով անցել է մի ադրբեջանցի ու սկսել բղավել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է». «Գնաց-եկավ, մի քանի անգամ պտտվեց, պրովոկացիաներ արեց: Նա փորձում էր խանգարել: Մեքենայով էր անցնում, մենք մայթին ենք կանգնած: Երբ անցնում էր, մեզ տեսավ, սկսեց բղավել շատ ուժեղ: Հետո գնաց, հետ եկավ, ադրբեջանական երաժշտություն էր միացրել, պարում էր իր մեքենայի մեջ ու կապիկություն էր անում: Բայց հիմնականում մարդիկ, անցորդները իրենց աջակցությունն են հայտնում: Զգում ենք, որ մարդիկ իրազեկվում են այսպես: Մեկը եկավ, նայեց, ասեց՝ ցավդ տանեմ ու գնաց, այսինքն, աջակցությունը մեծ է: Ճիշտն ասած՝ սա շատ սպոնտան ստացվեց, երեկ առավոտ ենք որոշել ու դուրս եկել ցույցի ու հույս չունեինք, որ շատ մարդիկ կմիանան, որովհետեւ աշխատանքային օր է եւ շատ կարճ ժամանակ ունեինք կազմակերպելու, բայց արդեն մոտ 18 հոգի միացել են մեզ»:
Թե ինչու են հենց ԵՄ ներկայացուցչության մոտ բողոքի ցույց անում, ի՞նչ են ակնկալում՝ Լիլիթ Սահակյանը պատասխանեց. «Մեր նպատակն է, որ արձագանքեն: Մենք հիմա ԵՄ ներկայացուցչության առաջ կանգնած ենք, երկու դրոշ կա, մեկը ԵՄ դրոշն է, մյուսը ոչ թե Դանիայի դրոշն է, որ պետք է լինի, այլ՝ Ուկրաինայի, այսինքն, իրենց ամեն ինչը ընտրովի է, իրենց պրոպագանդան ընտրովի է ու շատ կողմնակալ: Դրա համար մենք այստեղ կանգնել ենք, որ տեսնեն՝ մարդիկ կան, որ պահանջում են ուշադրություն, հասկանո՞ւմ եք, Արցախն անտեր չի»:
Հատկանշական է, որ բողոքի ցույցի ժամանակ այդ հատվածով է անցել հայերի ցեղասպանության ժամանակ դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենի ծոռը: Հիշեցնենք, որ Յակոբսենը, լինելով բուժքույր, իր խնամքի տակ էր առել հազարավոր հայ որբերի խնամքը, կերակրել էր 4500 երեխաների՝ փրկելով սովից եւ հիմա նրա ծոռը, անցնելով նոր ցեղասպանությունը կանխելու մասին կոչերի կողքով, իր աջակցությունն է հայտնել՝ հանուն արցախահայերի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ótima ilustração sobre os protestos em frente a UE.