Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանն (լուսանկարում) ու նրա կինը՝ Արմինե Հասրաթյանը, հուլիսի 25-ին հրավիրվել էին գլխավոր դատախազություն՝ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Չնայած ներկայանալու մասին ծանուցմանը` ո՛չ Արա Մինասյանը, ո՛չ նրա կինը եւ ո՛չ էլ նրանց ներկայացուցիչը չեն ներկայացել դատախազություն։
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Արա Մինասյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Այս վարչության դատախազ Արտաշես Հարությունյանը, որը Մինասյանի գործով դատախազն է, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ըստ օրենսդրության, գործով անցնողներին մեկ ամիս ժամկետ է տրամադրվում գործին ծանոթանալու, դիրքորոշում հայտնելու համար։ Հնարավոր է, որ գործով անցնող անձը, ինչպես դատախազը պարզաբանեց, որոշ տվյալներ ներկայացնի, որոնց հիման վրա բռնագնձման ենթակա գումարի վերահաշվարկ կատարվի, հնարավոր է համաձայնություն լինի, անձը ամբողջ գումարը կամ մի մասը կամավոր վերադարձնի, ինչի համար էլ համապատասխան ժամկետ է տրամադրվում։ Չներկայանալու, առարկություն կամ դիրքորոշում չհայտնելու դեպքում հայց է պատրաստվում, ապա այն ուղարկում են դատարան։
Արա Մինասյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ։ Դատախազն այս առնչությամբ ասաց, որ իրենց պրակտիկայում նման դեպքերը շատ են, երբ անձը հետախուզման մեջ է լինում, սակայն նրա ներկայացուցիչը ներկայանում է դատախազություն, ընդ որում՝ կամ նույն օրը կամ առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում են ներկայանում․«Բայց որ ծանուցումից տասն օր անցնի ու չներկայանան․․․ Ամեն դեպքում՝ հուլիսի 25-ից սկսած մեկ ամսում չներկայանալու դեպքում հայցը կպատրաստենք, կուղարկենք դատարան»։
Կարդացեք նաև
Թե ի՞նչ ծավալի է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը, դատախազը հրաժարվեց այս փուլում նման տվյալներ տրամադրել։
Նշենք, որ ծանուցման մեջ նշված օրը եւ ժամին ներկայանալու անհնարինության դեպքում անձը կամ նրա ներկայացուցիչը պետք է այդ մասին տեղեկացնեն իրավապահ մարմնին։ Դատախազն ասաց, որ չներկայանալու կամ այլ օր ներկայանալու մասին ո՛չ Մինասյանը, ո՛չ նրա կինը կամ ներկայացուցիչը չեն հայտնել։
Հիշեցնենք, որ ըստ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության՝ Քրեական գործի նախաքննության ընթացքում 2022 թվականի նոյեմբերի 29-ին Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու կամ օգտագործելուն օժանդակելու համար, ինչպես նաեւ առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու համար:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական գործով (վարույթով) 2023 թվականի մայիսի 12-ին հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ին օժանդակող 2 անձի նկատմամբ: Նախաքննությամբ պարզվել է, որ Թ. Գ.-ն, 2004 թվականից աշխատելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալի պաշտոնում, 2014 թվականի մայիսից մինչև 2017 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, Բժշկական կենտրոնի պետական պատվերի փաստաթղթերի ձեւակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ա. Մ.-ի եւ Բժշկական կենտրոնի այլ աշխատակիցների հանցակցությամբ, օժանդակել է Բժշկական կենտրոնի տնօրենի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 908 մլն 47 հազար 850 դրամի հափշտակությանը:
Օգոստոսի 2-ին քննչական կոմիտեն հայտնել է, որ չորս անձինք օժանդակել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրենի կողմից մի քանի դրվագ վատնում կատարելուն, օրինակ՝ գնման մրցույթում կեղծիքով հաղթող է ճանաչվել ԲԿ փոխտնօրենին պատկանող ՍՊԸ–ն` առաջարկելով շուկայականից ավելի քան 22 միլիոն բարձր գին։ Այդ անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, Ըստ ՔԿ-ի՝ Արա Մինասյանի մասով, նաեւ վերջինիս կողմից այլ չարաշահումներ կատարելու առնչությամբ վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ