Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու պատմական կենտրոնում գտնվող հյուրանոցառեստորանային համալիրներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանն, անդրադառնալով Համահայկական 8-րդ ամառային խաղերի հանդիսավոր բացման առիթով որոշ հյուրանոցատերերի, գիշերակացով զբաղվող կազմակերպությունների կողմից արհեստականորեն գներ թանկացնելուն, ասաց․ «Աշխարհում կա նման պրակտիկա, գոյություն ունեն սեզոնային գներ, կան կոնկրետ օրեր, երբ հյուրանոցների գները բարձրացվում են, դա նորմալ է։
Բայց այս դեպքում խոսքը ամրագրված համարները չեղարկելու ու հետագայում նորից ավելի բարձր գնով ծախելու մասին է։ Սա՛ է արատավոր պրակտիկան։
Ամանորի տոնական օրերին, բոլորդ էլ գիտեք, որ քաղաքում հյուրանոցային համարների գները բավական բարձր են։ Աշխարհում է այդպես․ գոյություն ունի բարձր սեզոն, ցածր սեզոն՝ զբոսաշրջային լեզվով ասած։
Ուղղակի մենք հյուրանոցային ոլորտում չունենք այն կուլտուրան, որ հյուրն ամրագրի գիշերակացի սենյակ, դա իրենից ներկայացնի իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ։
Կարդացեք նաև
Booking-ով՝ էլեկտրոնային համակարգերով ամրագրումներ անելու ժամանակ Booking-ի հետ պայմանագիր կնքած կազմակերպությունը իրավունք չունի ամրագրված համարն առանց հիմնավոր պատճառների չեղարկելու։
Սա օրենքով կանոնակարգվող գործընթաց է, որն Եվրոպայում և աշխարհի շատ զարգացած երկրներում կանոնակարգված է, իսկ մեր մոտ՝ ոչ։
Ոչ ոք պատասխանատվություն չի կրում ամրագրումների համար իրավական առումով։
Խնդիրը սա է, գուցե հյուրանոցները տակտիկական առումով շահում են՝ մեկ օրվա մեջ երկու օրվա գումար աշխատելով, բայց ստրատեգիական առումով մեծ սխալ է, որովհետև դա բերում է հիասթափություն, հեղինակազրկում։
Մարդիկ էլ հո միամիտ չեն, մեկը մյուսին, փոխանցելով այդ իրողությունը, հետագայում կխուսափեն այդ հյուրանոցներից և առերևույթ թվացող շահույթը հետագայում ոչ թե շահույթ կդառնա, այլ վնաս։
Ես ինքս հորդորում եմ այս ոլորտով զբաղվող կազմակերպություններին, եթե ամրագրումը կատարվել է, չի կարելի ուղղակի գումար աշխատելու պատրվակով չեղարկել՝ նոր, ավելի թանկ գնով վաճառել։
Եթե կա վաճառքի բաժին, եթե կա հեռատեսություն, կան մասնագետներ, որոնք 3-4 ամիս առաջ կանխատեսում են, թե այս օրը պիկ է լինելու քաղաքում, իրենք կարող են գները բարձրացնել ու նորմալ, օրինական ճանապարհով շատ գումար աշխատել։ Բայց ուղղակի չեղարկել տարբեր պատճառներով՝ կարծում եմ սխալ է, և սա վնասում է ընդհանուր Գյումրիի հեղինակությանը։ Նման մոտեցումները շատ արագ պիտի բացառել»։
Վարդան Սրտաշյանը նշեց, որ իրենց հյուրանոցում 40-50 օր առաջ ամրագրում են արել, հյուրանոցի սենյակների 90 տոկոսը ամրագրել է Երևանի քաղաքապետարանի սպորտի բաժինը ՝ երիտասարդ ըմբշամարտիկների համար։ Գինը, մեր զրուցակցի ասելով, բարձր չի եղել, իհարկե, որոշակի թանկացում արել են՝ մոտ 20-30 տոկոսով։
Մեր զրուցակիցը նաև պատմեց, որ Համահայկական խաղերի կազմակերպիչներից մեկը, որը նաև հովանավոր է, հյուրանոցային համար էր փնտրում, և իրենք չեն կարողացել նրա համար ազատ սենյակ գտնել։
«Այն մարդը, որը լուրջ լումա ունի այս ամբողջ սպորտային միջոցառման մեջ, ինքը կանգնած է համար ունենալ-չունենալու խնդրի առաջ։ Իրեն 3 համար էր պետք, մենք կարողացանք ընդամենը մեկ համար տրամադրել՝ հյուրերի հետ կապ հաստատելով։ Հյուրերից մեկը չեղարկեց ու այդ համարը տրամադրեցինք այդ մարդկանց։ Խնդիրն այս կարգի լուրջ է»,- ասաց Վարդան Սրտաշյանը։
Ի դեպ, նա նշում է, որ Գյումրիում վաղը՝ Համահայկական 8-րդ ամառային խաղերի հանդիսավոր բացման օրը սրճարանների ու ռեստորանների գները չեն թանկանա։
«Սննդի օբյեկտներում ընդհանուր գին բարձրացնել մեր-երկու օրվա համար, ես որպես մասնագետ էլ եմ ասում՝ տեխնիկապես բավական բարդ է․ եթե ծրագրով են աշխատում, այդ ամբողջը պիտի փոխեն։ Չեմ կարծում, որ դա հնարավոր կլինի ու ռեստորաններում, սննդի օբյեկտներում թանկացումներ կլինեն»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գյումրու լուսանկարը՝ Տիգրան Գասաբյանի