«Խնդիր ունենք մարզից ԲԴԽ անդամ ընտրելու, սա շատ էական է, այս համամասնությունը անհիշելի ժամանակներից խախտվել է»,- այսօր դատավորների ընդհանուր ժողովից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Գեւորգ Գյոզալյանը:
Վկայակոչելով Դատական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասը, նա նկատում է, որ ըստ այդ կետի, ԲԴԽ դատավոր-անդամները պետք է ունենան մեկ անդամ Վճռաբեկ դատարանից, մեկ անդամ Վերաքննիչ դատարանից, 3 անդամ առաջին ատյանից, ընդ որում՝ առաջին ատյանի դատարանից մեկ անդամը պետք է մարզից լինի. «Եթե մենք մարզից չընտրենք, ապա այս այդ հոդվածը կշարունակի խախտված մնալ, ինչը բացասական հետեւանքների կբերի»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Դատական դեպարտամենտը ծանուցումն ուղարկել մարզի միայն Սնանկության դատավորներին, Գեւորգ Գյոզալյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այդ ժամանակ Դատական դեպարտամենտը օրենքի խախտմամբ է ծանուցում ուղարկել եւ նա առնվազն պարտավոր էր այդ ժամանակ եւ դրանից ավելի վաղ ծանուցել մարզին, որովհետեւ մենք մարզից դատավոր չունենք»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ իր ներկայացրած տրամաբանությամբ, որ մարզային դատավորները պետք է ներկայացնեն եւ պաշտպանեն մարզային դատարանների շահերը, այդ դեպքում, ասենք, Երեւանի քրեական դատարանի շահերն ո՞վ պետք է ներկայացնի: Գեւորգ Գյոզալյանը հակադարձեց՝ տվյալ դեպքում կա Երեւանի ընդհանուր իրավասության դատարան: Իսկ ԲԴԽ-ում ներկայացված անձինք այդ դատարանների շահերը ներկայացնու՞մ են, թե՞ ոչ, հարցին նա ասաց, որ չի կարող պատասխանել, զուտ օրենքի տեսանկյունից է հարցին անդրադառնում:
Կարդացեք նաև
Իսկ ԲԴԽ անդամներին հետ կանչելու նախագծի մասին հարցին էլ Գեւորգ Գյոզալյանը պատասխանեց. «Ինքս ուսումնասիրել եմ այդ նախագիծը: Բավականին խորը վերլուծություն եմ իրականացրել եւ դա համարում խնդրահարույց է, որովհետեւ եթե մենք այդ խողովակը բացենք, սահմանադրականության հետ կապված որոշակի խնդիրներ ենք ունենում դատավորի անկախության հետ կապված»:
Նշենք, որ նույն օրակարգով սա արդեն երկրորդ ժողովն է: Նախորդ նիստին օրակարգը չէր հաստատվել, քանի որ ԲԴԽ դատավոր անդամի ընտրությանը մասնակցելու համար ծանուցագրեր էին ստացել միայն մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները, թեեւ Խորհրդի դատավոր անդամի ընտրությանը մասնակցելու չափանիշներին համապատասխանում էին նաեւ այլ դատավորներ։ Մերժված օրակարգն այսօր հաստատվել է. ժողովին մասնակցող 201 դատավորից օրակարգի ընդունմանը դեմ է քվեարկել 17-ը։
Մամուլում հրապարակումներ եղան, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հերթով իր մոտ է հրավիրել մարզերի եւ Երեւանի բոլոր դատարանների նախագահներին, սպառնացել նրանց, ասել՝ ինչ ուզում են անեն, բայց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի օրակարգով ժողովը չի ընթանալու: Նա իբրեւ պարտադրել է բոլոր դատարանների նախագահներին՝ ապահովել իրենց դատարանների դատավորների ներկայությունը ժողովին ու ապահովել իր օրակարգի իրագործումը: Նաև պայման է դրել, որ օրակարգում չի լինելու ԲԴԽ դատավոր անդամի հետկանչի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության հարցը:
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր տեղ է առաջացել, քանի որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Վերջինս այժմ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ