Տեղեկացրել ենք, որ այսօր անհետ կորած զինծառայողների, գերիների ծնողները բողոքի ցույց էին անում:
Անհետ կորած զինվորի հորեղբայր Արսեն Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մեր նպատակը մեր երեխեքին գտնելն ու վերադարձնելն է: Բայց այսօրվա իշխանությունները՝ իրենց պարագլխի հետ միասին, ոչ մի բան չեն անում, քանի որ շատ լավ բոլորդ հիշում եք Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունը, որ էն զինվորը, որը զենքը դրել ու հանձնվել է, նա իմ համար գոյություն չունի: Այսինքն, ինքը բոլոր անհետ կորածներին դրեց էդ «շկալայի» (սանդղակի.-խմբ.) տակ, որ բոլորը զենք են դրել: Չէ, մարդիկ են եղել՝ կռվել են մինչեւ վերջին փամփուշտը, վիրավորված են եղել, բայց ինքը ուղիղ մեսիջ արեց, որ մեզ գերի պետք չի: Դա իր մեսիջն էր, ինչ ուզում եք՝ արեք, ոնց ուզում եք՝ արեք: Իսկ եթե էդ կատեգորիայի, էդ կալիբրի մարդը նման հայտարարություն է անում, ճիշտ է, ինքը ամեն ձեւ հետո փորձեց իրան արդարացնել, որ ես չգիտեի, որ մեզ նկարում են, դա թաքուն նկարահանում էր, լյա-լյա, տապալյա»:
Արսեն Ղուկասյանը գերիների եւ անհետ կորածների հանձնաժողովի անդամ է. «Կոնկրետ ծնողների կողմից ունեցել ենք առաջարկ, որ ստեղծվի աշխատանքային խումբ, որը կսկսի ԴՆԹ-ների անալիզները նորից անել, բայց արդեն 7-րդ ամիսն է՝ տեղից չի շարժվում: Ամեն ինչ արվում է՝ խոչընդոտելու: Իսկ եթե իրենք մաքուր են, արդար են, պարզ են, ինչի՞ չեն ամեն ինչ անում, որ մենք էլ գնանք, տեսնենք, ուսումնասիրենք, համոզվենք, որ ցավներդ տանենք, ամեն ինչ ճիշտ եք արել: Դա արդեն մեզ բավարար հիմքեր է տալիս, որ մենք կասկածենք իրենց պարզ, մաքուր, թափանցիկ արած աշխատանքի մեջ»:
Կարդացեք նաև
Արսեն Ղուկասյանն ասաց, որ ինքն անձամբ այլեւս չի ուզում հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Ինձ հաճելի չի, որ գնամ նստեմ ու ինքը նորից սկսի սուտ, սուտ սուտ… Ինչքա՞ն կարելի է: Ու դու հասկանում ես, որ ստում է անընդհատ: Երբ ծնողները հանդիպել են, ինքը այսպիսի արտահայտություն է արել, ծնողներին ասել է՝ ես չեմ հասկանում, դուք էդ տունը երեխա չունե՞ք, գնացեք ձեր ողջ երեխեքով զբաղվեք, ի՞նչ եք սաղ օրը ընկել անհետ կորածներով: Էդ մարդն ուզում է ասի՝ գնացեք, դուք երեխա չեք ունեցել: Գերիների ծնողները մի քանի օր առաջ փակեցին Բաղրամյան պողոտան, պահանջը ո՞րն էր՝ հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, բայց անգամ այդ պահանջը չբավարարեցին: Ինքը քանի անգամ ասել է՝ չի եղել եւ չի լինի նման դեպք, որ անհետ կորած եւ զոհված զինվորների ծնողներն ուզենան իմ հետ հանդիպել, ես իրանց մերժեմ: Դա իր բառերն են, մենք լսել ենք, բայց այսօր այն վիճակն է, որ ինքը ծնողներին ո՛չ ուզում է ընդունի, ո՛չ ուզում է լսի, որովհետեւ էլ ի՞նչ ասի, սուտը վերջացել է»:
Ճշտեցինք՝ այսինքն, վարչապետը ձեզ ասում է՝ համարեք, որ այդ երեխաներին չեք ունեցել ու սկսեք նորի՞ց՝ Արսեն Ղուկասյանը պատասխանեց. «Այս վերջերս էլ ասեց՝ համարեք, որ ձեր երեխաները զոհվել են՝ հանուն խաղաղության: Բայց ներողություն եմ խնդրում, մի հատ խաղաղությունը ցույց տվեք, ո՞ւր է այդ խաղաղությունը, եթե ամեն օր դեպքեր են տեղի ունենում: 120 հազար հոգի այնտեղ գերի են մնացել, պատանդ են մնացել, բա խաղաղություն էիր բերում, դու 30-35 հազար մարդ էիր ասում, թե՝ ես ստիպված ստորագրեցի նոյեմբերի 9-ի պայմանագիրը: Կամ նոյեմբերի 9-ի պայմանագիրը, որը եղել է, չեմ հասկանում, դա մենակ Հայաստանի վրա՞ է դրված, որ պիտի մենակ Հայաստանը կատարի կետերը: Եռակողմ հայտարարություն է, ո՛չ Ռուսաստանն է իր պարտավորություններն անում, ո՛չ Ադրբեջանը, մենակ Հայաստանը: Չեմ ջոկում, էդ երեքի մեջի չմոն Հայաստա՞նն է: Կներեք, էլի: Չէ՛, Հայաստանը չմո չի, սխալ ասեցի, Հայաստանի ղեկավարն է չմո»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ