«Ժողովը որոշեց, որ ԲԴԽ անդամի ընտրության, տեղերի հարցը պետք է որոշի Դատավորների ժողովը, ոչ թե դատական դեպարտամենտը։ Հիմա եթե նույն օրակարգն է, ինձ համար իսկապես անհասկանալի է։ Նաեւ այսօր կարեւոր է, տեսնենք կա՞ հետկանչի ինստիտուտը, ես տեղեկություն ունեմ, որ օրակարգում չկա, բայց պետք է, որ այդ հարցն էլ քննարկենք»,-այսօր դատավորների ընդհանուր ժողովից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը ձայների մեծամասնությամբ հաստատվել է. ժողովին մասնակցող 201 դատավորից օրակարգի ընդունմանը դեմ է քվեարկել 17-ը։ Օրակարգը նույնն է, ինչ նախորդ մերժվածն էր. այն է՝ ԲԴԽ դատավոր անդամի ընտրություն: Թեկնածուները նույնպես չեն փոխվել. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։
Ժողովի մեկնարկից առաջ Արման Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե նույն օրակարգը լինի, ինքը դեմ է քվեարկելու, քանի որ նախորդ նիստին այդ օրակարգն արդեն մերժվել էր. «Հիմա չեմ կարող հասկանալ՝ ի՞նչ պետք է լինի, որ ես կողմ քվեարկեմ այն բանի շուրջ, ինչին ես արդեն քվեարկել եմ դեմ։ Նախորդ նիստին հիմնավորումներ են ներկայացվել եւ այդ հիմնավորումներով հանդերձ ժողովն այդ օրակարգը չհաստատեց»։
Մամուլում հրապարակումներ եղան, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հերթով իր մոտ է հրավիրել մարզերի եւ Երեւանի բոլոր դատարանների նախագահներին, սպառնացել նրանց, ասել, ինչ ուզում են անեն, բայց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի օրակարգով ժողովը չի ընթանալու: Նա իբրեւ պարտադրել է բոլոր դատարանների նախագահներին՝ ապահովել իրենց դատարանների դատավորների ներկայությունը ժողովին ու ապահովել իր օրակարգի իրագործումը: Նաև պայման է դրել, որ օրակարգում չի լինելու ԲԴԽ դատավոր անդամի հետկանչի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության հարցը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ