Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի համար զարմանալի եւ շատ հետաքրքիր է, թե ինչո՞ւ է Դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվել նույն օրակարգով, որը մեկ անգամ չէր հաստատվել: Նա հույս ունի, որ հենց սկզբում այդ հարցը կպարզաբանվի. այս մասին Մխիթար Պապոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ:
Հիշեցնենք, որ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը ձայների մեծամասնությամբ հաստատվել է. ժողովին մասնակցող 201 դատավորից օրակարգի ընդունմանը դեմ է քվեարկել 17-ը։
Լրագրողներից մեկը հիշեցրեց Դատավորների միության հայտարարությունն այն մասին, որ դատավորները սպառնալիքների չտրվեն ու հետաքրքրվեց՝ ինքն ի՞նչ կարծիքի է այդ մասին: Մխիթար Պապոյանը պատասխանեց․ «Ձեր կողմից հայտնվածը մամուլում եմ կարդացել, կամ ձեզնից եմ լսում, բնականաբար, եթե այդ հարցին չպատասխանեմ էլ, բոլորիդ համար պարզ է, որ ինձ նման առաջարկ ասեմ, պայման ասեմ, ինձ նման բան չի ասվել»։
Հարցին, թե ինքը հավատո՞ւմ է, որ ԲԴԽ նախագահն ասած լինի, որ իր օրակարգով պետք է շարժվեն, ոչ թե Մխիթար Պապոյանի ու նրա սպառնալիքների, պատասխանեց. «Իսկ դու՞ք հավատում եք։ Ցանկացած մարդ, ով ընդունակ է սպառնալիքներ ներկայացնելու կամ ժողովրդավար լինելու, դա բոլորի նկատմամբ չի կարող լինել։ Յուրաքանչյուր մարդ՝ պաշտոնյաների մասին է խոսքս, ինքն է թույլ տալիս իր հետ սպառնալիքի լեզվով խոսեն, թե չփորձեն խոսել սպառնալիքի լեզվով։ Ինձ հետ Կարեն Անդրեասյանը սպառնալիքի լեզվով երբեւէ չի խոսել, այդպիսի փորձ էլ երբեւէ չեմ հիշում»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ