Անհետ կորած զինծառայողների, գերիների ծնողներն այսօր կառավարության մոտ որոշել էին բողոքի ցույց անել՝ պահանջելով, որ կոնկրետ քայլեր ձեռնարկեն՝ վերադարձնելու իրենց զավակներին: Բայց կառավարության շենքին չմոտեցան, հրապարակում քննարկեցին ու որոշեցին գնալ նախ Ազգային ժողով ու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հանդիպել:
Անհետ կորած զինծառայող Վոլոդյա Հարությունյանի ծնողը՝ Հարություն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարությունը ոչինչ չի անում, անցյալ տարվա նոյեմբերին հանձնաժողով է ստեղծվել՝ անհետ կորածների, գերիների հարցով, բայց սայլը տեղից չի շարժվում: Թե ինչ են ակնկալում, քայլերի ի՞նչ հերթականություն՝ նա ասաց. «Նախ պիտի պարզեն ԴՆԹ-ների իսկությունը, որոնք կան: Ավարտված չէ գործընթացը: Փորձում ենք օգնել Քննչական կոմիտեին, հանձնաժողովին, բայց առաջընթաց չկա: Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ պիտի ներգրավեն ԴՆԹ-ի աշխատանքներին, ներգրավել են, բայց առաջընթաց չկա»:
Անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողն ասաց, որ մայիսի 11-ին է վերջին անգամ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ. «Ինքը պատասխան չուներ տալու, ասում է՝ գնացեք, տունը երեխա չունե՞ք, հետները յոլա գնացեք: Ոչ մի բան չունի ասելու: Ասում է՝ երկրի վիճակը տեսնո՞ւմ եք, իմ պապն էլ է անհայտ կորած եղել մինչեւ օրս, մենք հարմարվել ենք, դուք էլ հարմարվեք»:
Երբ հիշեցրին, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ մի երկու ամիս ավել մնալու համար գերիները մեզ կներեն՝ ծնողները արձագանքեցին. «Կներեք, 2018 թվից Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է ասել ու արել: Բերեք այդտեղից սկսենք»:
Կարդացեք նաև
Ծնողներից Արսեն Ղուկասյանը միջամտեց. «Ինքը ասել է եւ հակառակն է արել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ