Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անգելինա Մանուկյան. «Ցերեկները գալիս, հացադուլ եմ անում ՄԱԿ-ի առջեւ, երեկոները գնում եմ Եռաբլուր՝ամուսնուս մոտ»

Օգոստոս 04,2023 15:13

Արցախցի Անգելինա Մանուկյանը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ երրորդ անգամ է հացադուլ անում: Նրա ամբողջ ընտանիքը՝ ծնողները, եղբայրները, ամուսնու ծնողները, Արցախում են, որոնց հետ հանդիպելու հնարավորությունից ինքը զրկված է արդեն ինն ամիս:

«Ոչ մի բան չանել ու տանը նստել չի լինում, որովհետեւ թե Արցախում ինչ է կատարվում, իմանում ես, ոչ թե ինչ-որ մարդկանց խոսքերից կամ լրատվականներից, այլ հենց քո ընտանիքից: Ամեն օր զանգում, խոսում եմ ու տեղյակ եմ՝ ինչ վիճակ է:

«Կանայք հանուն Արցախի» նախաձեռնության հացադուլի մասին իմացել եմ կայքերից ու եկել, ծանոթացել, միացել եմ հացադուլ անող կանանց: Ուզում ենք ինչ-որ ձեւով պահել ուշադրությունը Արցախի նկատմամբ, ցույց տալ իրական վիճակը: Կոնկրետ ես հստակ պահանջներ ունեմ ՄԱԿ-ից: Գիտենք, որ, ՄԱԿ-ը իրագործում է կոնկրետ մարդասիրական ծրագրեր եւ հասկանալի չէ, թե ինչի նույն ծրագրերը կասկածելիորեն չեն կարող իրագործվել Արցախի դեպքում»,-ասաց Անգելինան՝ նշելով, որ, այս պահին պահանջն առաջին հերթին սնունդը, դեղորայքը հասցնելն է, որովհետեւ Արցախում ընդհանրապես ոչինչ չկա: «Իմ կրտսեր եղբայրը ինը տարեկան է: Նա ասթմատիկ խնդիրներ ունի, սակայն անհրաժեշտ դեղեր գտնելն այնտեղ մեծ խնդիր է: Եղբայրներիցս ավագը գիշերն է հերթ կանգնում հացի համար, կրտսերը ցերեկներն է խանութներում հերթ պահում:

Այո, այս պահին առաջնայինը սնունդ հասցնելն է, բայց դա չէ լուծումը: Մի անգամ հումանիտար բեռ հասցնելով, աղետը մի քանի օրով հետաձգելով՝ հարցը չի սպառվում: Արցախցու համար գլխավորը իր երկրում, իր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքն է, ինչին հասնելու համար նա պատրաստ է դիմանալ այս համապարփակ պաշարմանը, սովին ու զրկանքներին:

Ճիշտ է, ես հիմա ՄԱԿ-ի առջեւ եմ, սակայն հանրահավաքների կազմակերպիչներին, մասնակիցներին միշտ հարցնում եմ, թե ինչի ենք հավաքվում Ազատության հրապարակում: Պահանջները օպերայի շենքի՞ն ենք ներկայացնում: Ինչի՞ չենք գնում կառավարություն, կառավարությունից ու այն մարդուց պահանջում, ով մեր պատասխանատուն է՝ ուզենք, թե չուզենք: Պատասխան պիտի պահանջել առաջին հերթին երկրի ղեկավարից: Նիկոլ Փաշինյանից պետք է պահանջել, որ Արցախի խնդրին տա արդարացի լուծում, կատարի ժողովրդի կամքը: 29.800 քմ-ին, որի մասին վարչապետը խոսում է, ժողովուրդը համաձայն չէ, իսկ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Եկեք մեզ կոտորեք, չենք համաձայնելու:

Ես 44-օրյա պատերազմում զոհված Յակով Սարգսյանի կինն եմ Արցախից: Իմ ամուսինը պատերազմ գնացել է նրա համար, որ իր ընտանիքը՝ ես, իր ծնողները, այսօր ապրենք Արցախում: Նա զոհվել է նոյեմբերի 5-ին, Շուշիի մատույցներում, Սղնախում: Ու փաստորեն իմ ամուսնու ու նրա նման հազարավորների արածը Նիկոլ Փաշինյանը մի ստորագրությամբ, երկու անկապ խոսքով ջուրն է գցում: Իրենց երեխաների համար արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելու համար գնացած տղամարդկանց երեխաները այսօր չունեն ուտելիք, էլեկտրաէներգիա, գազ եւ այլն: Ումի՞ց պահանջենք: Իհարկե, առաջին հերթին Հայաստանի Հանրապետության իշխանությունից, կառավարությունից ու վարչապետից:

Ու վերջում, թե ինչի եմ ես հիմա Երեւանում, այլ ոչ թե Արցախում: Իմ ամուսնուն տեղափոխել, հուղարկավորել են Եռաբլուրում: Ես էլ նրա հետ եկել եմ Երեւան, որ միշտ կողքը լինեմ: Ցերեկները այսպես գալիս, հացադուլ եմ անում ՄԱԿ-ի առջեւ, երեկոները գնում եմ ամուսնուս մոտ»,-պատմեց հերոսի այրին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031