Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք խաղաղություն չենք մուրում, մեր տղերքը զոհվել են հանուն հայրենիքի, եւ չենք թողնելու, այս հայրենիքը մասնատես ու ծախես»․ զոհվածների ծնողները՝ Նիկոլ Փաշինյանին

Օգոստոս 04,2023 15:05

Այսօր հրավիրած ասուլիսում «Որդիների կանչ» ՀԿ անդամներն անդրադարձան Նիկոլի Փաշինյանի՝ Euronews-ին տված հարցազրույցում հնչեցրած մտքերին։ ՀԿ նախագահ Արուս Հարությունյանը նշեց, որ նույնիսկ հարցազրույց վերցնողն ապշած էր Հայաստանի վարչապետի պահվածքից։ «Ինքն ասում է՝ Բրյուսելի, Մոսկվայի բանակցային գործընթացները ոչինչ չեն կարող տալ, քանի որ Ալիեւը անում է այն, ինչ ինքն ուզում է։ Ես ուզում եմ իրենց հարց տալ՝ դու ո՞ր երկրի շահերն ես պաշտպանում։ Ալիեւն իր երկրի շահերն է պաշտպանում, իսկ դու ո՞ր երկրի շահերն ես պաշտպանում։ Ամեն անգամ այր ու կին անդրադառնում են զոհված տղաներին։ Նախ` հայտնի խոսք կա՝ բերանդ մեռոնով ողողիր, հետո տղաների անունը տուր։ Մեր տղաները զոհվել են հանուն ո՞ր խաղաղության, քո խաղաղությա՞ն։ Ո՞ր խաղաղության, այն, որ 120 հազար մարդ սովամահ են լինո՞ւմ։ Մեզ քո խաղաղությունը պետք չէ, մենք խաղաղություն չենք մուրում։ Այսօր քո սահմանից մարդ են գողանում ո՞ր խաղաղության։ Մեր տղերքը զոհվել են հանուն հայրենիքի, եւ մենք չենք թողնելու, այս հայրենիքը մասնատես, ծախես ու ապրես»,- ասաց Արուս Հարությունյանը։

«Որդիների կանչ» ՀԿ անդամ Աշոտ Զաքարյանն էլ հարցադրում արեց․ «Ի՞նչ է նշանակում արտահայտությունը, որ մեր տղերքը զոհվել են հանուն խաղաղության։ Ո՞ր խաղաղության, այն խաղաղության, որը պարտադրում է Ալիե՞ւը։ Չէ, մեր տղերքը դրա համար չեն զոհվել, զոհվել են հանուն հայրենիքի եւ հանուն այն հողի, որ այսօր ուզում է ծախսել»։

ՀԿ անդամ Գարիկ Գալեյանը նշեց․ «Հայտարարեց, որ մենք հայրենիք չունենք, որ մեր տղաները զոհվել են ապագա խաղաղության համար։ Այսինքն՝ հայրենիքի համար չեն զոհվել։ Ինքն ուզեցավ ասել, որ հայ ազգը հայրենիք չունի։ Խոսքը միայն Արցախի մասին չէ, նաեւ Հայաստանի մասին է… Մեզ ապագա խաղաղություն պետք չէ, առանց հայրենիք ի՞նչ խաղաղություն»։

Ասուլիսի բանախոսներից Արա Ռոստոմյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը որեւէ բան պատահական չի հայտարարում։ «Երբ 2022 թվականի ապրիլի 12-ին ինքը հայտարարեց, որ պատերազմը կարող էր ունենալ նույն արդյունքը, միայն առանց զոհերի, ինքը դա մտածված ասաց։ Հիմա իր այս խաղաղության հետ կապված հայտարարությունը վերլուծելով՝ հանգում ենք նրան, որ վաղը, երբ ինքը որոշ տարածքներ զիջելու լինի Հայաստանի տարածքից, դա է մեջբերելու։ Հիմա ինքն ասելու է՝ ես հանձնելու եմ տարածքները, եկեք առանց զոհերի հանձնենք, եթե չեք համաձայնվում, էլի պատերազմ է լինելու, ավելի շատ զոհեր ենք ունենալու, եւ մեկ է, նույն արդյունքն է լինելու։ Ինքը մի տարի առաջ նախապատրաստում էր, որ Հայաստանից տարածքներ հանձնելուց առաջ ծնողները ասեն, որ՝ չէ, թող մեր երեխեքը չգնան կռվեն, միայն խաղաղություն լինի։ Բայց ես իմ անունից եմ ասում՝ ես պատրաստ եմ պատերազմով խաղաղություն բերել։ Խաղաղությունն այն չէ, որ պետք է ամեն ինչ տաս, չոքած խաղաղություն ունենաս։ Վերջերս Բագրատ սրբազանն ասաց՝ մարդը պետք է անուն ու թասիբ ունենա։ Պետք հայերով բոլորս պետք է ապրենք այնպես, որ մեր անունն էլ հիշվի, մեր արած գործն էլ»,- նշեց Ռոստոմյանը։

Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում հնչեցրած հայտարարությանը, թե․ «տպավորություն է, որ Բաքուն մտադիր է խաղաղության պայմանագիր ստորագրել, հետո կտարածքային պահանջներ առաջադրել։ Դա Ադրբեջանի պլանն է»: «Բա եթե խաղաղություն ստորագրելուց հետո էլի տարածքային պահանջներ են լինելու, էլի զիջումներ ես անելու, ի՞նչ խաղաղություն, ո՞ւմ եք խաբում։ Էլի հերթական մանիպուլյացիան է, բա եթե մեր տղերքը զոհվել են ապագա խաղաղության համար, այդ խաղաղությունից հետո իմ տունն էլ ես տալու, Սյունիքն էլ ես տալու, էլ ի՞նչ խաղաղություն։ Ուրեմն պետք է զանգերը հնչեցնել, ազգային ազատագրական պայքարի դուրս գալ, թուրքական իշխանությանը վերջնականապես մեր երկրից վռնդել, հետո արդեն անցնել արտաքին թուրքերին, որ կարողանանք մեր հարցերը կարգավորել»,- հավելեց Արա Ռոստոմյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031