«Դավիթ Տոնոյանի խոսքը կարելի է մեկնաբանել որպես գործարք, ռևերանս այս իշխանություններին, որպես հնարավորություն մաքրագրել և սրբագրել Նիկոլ Փաշինյանի արած քայլերը՝ ասելով, որ ամեն ինչում ես եմ մեղավոր, Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ»,-«Հենարան» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը` անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարություններին։
Ըստ նրա՝ նախկին ՊՆ նախարարը փորձում է իշխանությունների հետ գործարքի գնալ և դրա միջոցով որոշակի մեղք վերցնելով՝ փորձում է սևացնել այլ քաղաքական գործիչներին, որոնք կապ են ունեցել բանակի հետ։ Հենրիխ Դանիելյանի ձևակերպմամբ՝ պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը չի կարող փորձել իր վրայից հանել այն պատասխանատվությունը, այն ոչնչացված ճակատագրերը, որոնք կորսվել են իր «սխալ և դավաճանական» քաղաքականության պատճառով։ Նիկոլ Փաշինյանն ունի սեփական իշխանությունը պահպանելու օրակարգ և նա քայլեր է ձեռնարկում․ «Իր օրակարգը սկսվում է սեփական իշխանություն պահելու մոլուցքով։ Դավիթ Տոնոյանը փորձում էր այդ իշխանությանը հաճոյանալ։ Այսօր կալանքի մեջ է գտնվում Դավիթ Տոնոյանը՝ ասելով՝ հասկանում եմ, որ պարտված բանակի հրամանատար եմ։ Բայց մենք չունենք պարտված բանակ, այլ ունենք պարտված իշխանություն, ղեկավարություն»։
ՀՀ ՊՆ փոխնախարարի պաշտոնում Հրաչյա Սարգսյանի նշանակումը Հենրիխ Դանիելյանը համարում է անարգանք ՀՀ ԶՈՒ-ի, ՊՆ-ի նկատմամբ․ «Դա անարգանք է, ընդհանուր առմամբ, սպայի պատվին ու արժանապատվությանը։ Այնտեղ ծառայել են մարդիկ, որոնք կյանք են դրել, որ մեր սահմաններն անառիկ լինեն, որ կարողանանք ապահովել մեր անվտանգությունը, ինքնիշխան պահել մեր երկիրը։ Դա մի կառույց է, որտեղ մենք միշտ հույս ենք տեսել։ Մի մարդու, որը 44-օրյա պատերազմի ժամանակ հայտարարում էր, որ 25 միլիոն դրամի ցախավել են գնել, բերել, նշանակել են ՊՆ փոխնախարար։ Նրանք ՊՆ-ն սարքել են աշխատանքի ընդունման բյուրո։ Այնտեղ բերում են աշխատանքի այն մարդկանց, որոնց փորձում են ինչ-որ ձև՝ իբրև թոշակառուների բերել, ներգրավել»։
Հենրիխ Դանիելյանի կարծիքով՝ չկա խաղաղության օրակարգ․ «Բոլոր հարցազրույցները, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի խոսույթներն ասում են այն մասին, որ մենք չենք կարող ունենալ խաղաղություն այս իրավիճակում։ Պիտի կարողանանք փոխել բանակցողներին, որ ստեղծենք այնպիսի իրավիճակ, որ ՀՀ ներկայացուցիչը ներկայացնի ՀՀ-ն ու Արցախը, որ ունենա հայկական պլան, ոչ թե այլ երկրի պլան»։ Հենրիխ Դանիելյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում ՀՀ շահը։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունները նա նկարագրեց՝ որպես դիվանագիտական հրաձգություն, որը հասել է ուղիղ մեղադրանքների։
Կարդացեք նաև
Նաև վստահեցրեց՝ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ օր ու գիշեր աշխատում է, որ այս «դավադիր ռեժիմը» հեռացվի իշխանությունից․ «Տեսանելի ապագայում մենք մասնակից և ականատես կլինենք այն զարգացումներին, որոնք կքշեն, կտանենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, սուտը, խավարն ու կեղծիքը մեր երկրից»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից