Լրահոս
Օրվա լրահոսը

«Բերձորի միջանցքը փակ են պահում օրվա իշխանությունները՝ իրենց վարած քաղաքականությամբ ու հայտարարություններով»․ «Որդիների կանչ» ՀԿ անդամ

Օգոստոս 04,2023 14:14

Բերձորի միջանցքը վերջնականապես փակեցին, եւ օրվա իշխանություններն ամեն ինչ ուզում են գցել նախկինների վրա՝ առանց հաշվի առնելու, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել է նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը որեւէ քայլ չի անում։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Որդիների կանչ» ՀԿ անդամ Արա Ռոստոմյանը։

«Այսինքն՝ որեւէ բողոք վարչապետի կողմից չի հնչում, նաեւ միջազգային կառույցներում նա չբարձրացրեց հարց, որ բացեն Բերձորի միջանցքը, այլ մեղադրեց Ռուսաստանին, ԱՄՆ-ին, մյուսներին, բայց ոչ իրեն։ Եվ վերջին դեպքը, երբ արցախցի քաղաքացուն՝ Վագիֆ Խաչատրյանին ուղղակի առեւանգեցին, դա մեզ բոլորիս պետք է ազդակ լինի, որ օրվա իշխանություններն ում ուզենան՝ իր տվյալները կտան Ադրբեջանին։ Երեւանի  փողոցներում էլ քայլելիս մարդկանց կառեւանգեն, կտանեն Նախիջեւանի սահմանին կհանձնեն թուրքերին, կասեն՝ թուրքերը մտան առեւանգեցին։ Այսինքն՝ սա մտահոգիչ է, եւ հանրությունը պետք է սրան անդրադառնա եւ ձայն բարձրացնի։ Մարդկանց Բերձորի միջանցքից առեւանգում են, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Բերձորի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ պետք է ամբողջովին մերը լիներ, Աղավնոն, Բերձորն ու Սուսը պետք է հայկական լինեին  մինչեւ պայմանագրի ավարտը»,- ասաց նա։

Արա Ռոստոմյանը հավելեց, որ ելքը տեսնում են այսպես․ «Երբ Հայաստանի իշխանությունն ուզենա, որ ճանապարհը բացվի, ճանապարհը կբացվի։ Ճանապարհը փակ են պահում օրվա իշխանությունները՝ իրենց վարած քաղաքականությամբ, իրենց հայտարարություններով։ Ինքը տակից պայմանավորվում է, որ ճանապարհը թող փակ մնա, բայց իր բոլոր ելույթներում ինչ-որ թեզեր է առաջ քաշում, ասում է՝ այնտեղ սովամահ են լինում։ Հետեւաբար, Հայաստանում ու Արցախում իրավիճակը կփոխվի այն ժամանակ, երբ իշխանության ղեկին չեն լինի այսօրվա ներկայացուցիչները»։

«Ամբողջ աշխարհում մենք խայտառակ եղանք 2021 թվականի ընտրություններից հետո։ Մեզ որեւէ մեկն այլեւս լուրջ չի ընդունում, եթե պարտված իշխանությունը կարող է գալ իշխանության, ուրեմն այդ ազգը, այդ ժողովուրդն արժանի է դրան։ Բայց մենք ոտքի ենք կանգնել, որպեսզի ապացուցենք, որ ամբողջ ժողովուրդը չէ այդպես մտածում։ Վերջին դեպքերը՝ «Հայաքվեն» ցույց տվեց, որ ճնշումների պայմաններում մեկ ամսում 50 հազարից ավելի ստորագրություն հավաքվեց։ Եվ ես վստահ եմ, որ 300 հազար էլ կհավաքվի։ Եթե այդքան ժողովուրդ դուրս է եկել եւ ասում է՝ չէ, Արցախը պետք է լինի ազատ, ոչ Ադրբեջանի կազմում, ուրեմն սա այն գրավականն է, որ դեռ ազգը մեռած չէ»,- նշեց նա։

Արա Ռոստոմյանը նաեւ հավելեց, որ եթե լինի ուժ, որը դուրս կգա իրոք իշխանափոխություն իրականացնելու, իրենք պատրաստ են սատարել։ «Եթե առաջիկա քաղաքապետի ընտրությունները լինեն ոչ քաղաքի համար, այլ լինեն քաղաքական ընտրություններ, իրենց ամբողջ հայտարարությունը լինի իշխանափոխության ու Արցախը պահելու մասին, մենք կմտածենք, կոնսուլտացիաներ կանենք»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031