Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ չեն խաղաղության պայմանագիր կնքել ցանկացած պայմաններով, անհրաժեշտ է ևս մեկ անգամ անցնել որոշ բարդ հարցերի վրայով: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ՝ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:
«Բաքվից ու Երևանից եկող ազդակները՝ շուտափույթ խաղաղության պայմանագրին հասնելու նկատմամբ հավատարիմ լինելու մասին, չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնության գալ ցանկացած պայմաններով: Դեռ պետք է լուծում գտնել մի շարք բարդ հարցերի»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչ խնդիրներ կան, որ զսպում են երկու երկրների միջև խաղաղության հաստատումը:
Ըստ Գոնչարի՝ այդ խնդիրներից ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության՝ համընդհանուր ճանաչված իրավունքների և անվտանգության ապահովման հարցն է՝ «Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակում»: «Կողմերը համապատասխան տրամաբանության հանգել են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի փոխադարձ հաստատումից հետո: Պահանջված է նաև պայմանագրի իրականացման այնպիսի միջազգային մեխանիզմների հարցը, որոնք հարցականի տակ չեն դնի Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական անկախությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Գոնչարը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվ աջակցություն է ցուցաբերում կողմերին՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում: «Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստումը Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ պայմանավորվածությունների տարրերից մեկն է: Ռուսական կողմը եռանդուն կերպով աջակցում է Բաքվին ու Երևանին այդ փաստաթղթի նախապատրաստման գործում՝ օգտագործելով քաղաքական-դիվանագիտական խողովակներ բոլոր մակարդակներում. ամեն տարի անցկացվում են եռակողմ գագաթնաժողովներ, պարբերաբար հանդիպում են արտգործնախարարները»,- ասել է Գոնչարը՝ հավելելով, որ 2022թ. ապրիլից ակտիվ աշխատում է նաև Ռուսաստանի ԱԳՆ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ