Քաղաքում զբոսնում են մտահոգությունն ու որոնումը… եթե բարձրակրունկ կոշիկ ես հագել, ուրեմն մոտերքում ես ապրում, որովհետև առանց հանրային ու մասնավոր տրանսպորտի, հազիվ գտնվի մեկը, որը հեռավոր փողոցից բարձրակրունկ հագած հասնի հացի, կաթնամթերքի, մրգի հերթերի կամ աշխատանքի վայր։
Սպորտային կոշիկով հարմար է՝ գիշերը կանգնում ես Թումանյան փողոցի «Արցախկաթ» գործարանի մասնագիտացված խանութի հերթում, որ առավոտյան շուտ մեկ մածուն, թթվասեր գնես, հետո շտապ հասնում ես «Մայակ» հացի փուռ՝ առավելագույնը երկու հաց գնելու, տուն ես գալիս պտտելով Ազատության հրապարակը՝ կարտոֆիլ, լոլիկ, վարունգ, սոխ, գրպանից հանում ես կիլոգրամին ոչ պատշաճ գումար՝ վճարելու և անթափանց տոպրակ։ Վառում ես արևային լապտերը, լոգանք ընդունում, լսում առավոտյան 8:30-ի լուրերը. ահա՛, պատրաստ ես աշխատանքի գնալ։
Սա 2023 թվականն է, անդամահատված, շրջափակված ու երկու ամիս բացառապես առանց որևէ ապրանքի ներկրման Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։
Դեղատներում ամենօրյա ընդունելիք դեղերը տալիս են մեկ ամսվա կտրվածքով, որպեսզի շատերին բաժին հասնի, տանտիրուհիները ամեն ճաշապատրաստումից առաջ ձեթը բաժանում են անթիվ մասերի՝ անորոշ երկար են ձգվում պաշարման օրերը։
Կարդացեք նաև
Հանկարծ գույն նկատեցի. Վերածննդի հրապարակի վրանների ֆոնին մեկը ժպտում էր, մոտեցա.
-Ինչ լավ է, որ ժպտում եք։
-Նկար եմ ուղարկում աղջկաս, նա ուսանող է Երևանում, ուզում եմ համոզվի, որ լավ եմ,- արցունքները զսպելով ասաց անծանոթը։
Տուն եկա դարձյալ մտահոգ, հինգերորդ անգամ կծեցի փոքրիկ Snickers շոկոլադը և խնամքով փակեցի դարակս՝ վաղը ևս մեկ անգամ կարող եմ կծել։ Հիշեցի քրոջս յոթամյա որդու փրկության բանաձևը. «Եթե նամակ գրենք Ձմեռ պապիկին և խաղալիքի փոխարեն քաղցրավենիք խնդրենք, կարծում եմ նա կհասկանա ու ամռան այս օրերին կուղարկի, հաստատ կուղարկի, նա երկնքով է գալիս, նրա համար փակ ճանապարհ չկա»։
Մտածեցի՝ գուցե ճիշտ է ասում, գրե՞մ…
Սոնա ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
Հայաստանի, Արցախի, Բուլղարիայի գրողների միությունների անդամ
Ստեփանակերտ, 2023