Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե ինչ-որ չափով գոտեպնդենք արցախցիներին». Վիեննայի հայերը ցույց են արել՝ ի պաշտպանություն Արցախի

Օգոստոս 04,2023 13:20

ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակի դիմաց հայերը խաղաղ ցույց են կազմակերպվել Արցախի Հանրապետության` Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը բացելու, հումանիտար ճգնաժամին վերջ տալու պահանջով։ Հավաքի մասնակիցները միջազգային կազմակերպություններին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, ստիպել այդ բռնարար երկրին վերջ տալ անօրինական շրջափակմանը` այդպիսով կանխելով ահագնացող արհավիրքը։

ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակին պաշտոնապես նամակ է հանձնվել համապատասխան պահանջներով եւ տեղեկություններով, իսկ անտեղյակ անցորդներին բաժանվել է Արցախի պատմության եւ Ադրբեջանի կողմից ապօրինի փակված Կյանքի ճանապարհի վերաբերյալ 400 տեղեկատվական թերթիկ։

Հավաքի կազմակերպիչներն էին Հայ Դատի Վիեննայի հանձնախումբը, ակտիվ քաղաքացի Հասմիկ Հովակիմյանը, Ավստրիայի եւ Սլովակիայի հայերը:


Aravot.am-ի զրույցում ցույցի մասնակիցներից Նաիրա Մելքումյանը նշեց, որ ցույցին մասնակցել են հայեր Ավստրիայի տարբեր հատվածներից: Նաիրան ասաց, որ ինքը ֆեյսբուքում «Ավստրիայի հայեր» անվանումով խումբ ունի, որը 5 տարի է գործում է, եւ հաճախ են այդ խմբի միջոցով իրազեկում միմյանց համահայկական միջոցառումների մասին:


«Մինչեւ 2020թ ուրախ առիթներով էինք հավաքվում, 2020 թվականից մինչ հիմա ինտենսիվ օգնության ակցիաներ ենք կազմակերպում, այդ թվում՝ զինվորներին օգնելու, օգնության նպատակով խմորեղեն թխել-վաճառելու եւ այլն: Այս պահին էլ արցախահայության խնդրի հետ կապված ենք փորձում օգտակար լինել»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեր հարցին՝ իր տպավորությամբ հաջողվե՞ց օտարերկրացիներին իրազեկել խնդրի մասին, քանի որ ցույցը նաեւ իրազեկման առաքելություն ուներ: «Մոտ 400 բրոշյուր ենք բաժանել՝ անգլերեն եւ գերմաներեն, որպեսզի մարդիկ կարդան ու տեղեկանան, թե ինչպես է Արցախի խնդիրն առաջացել ու հիմա ինչ վիճակ է այնտեղ: Բրոշյուրների բովանդակությանը ծանոթանալուց հետո շատերը մոտենում հարցեր էին տալիս, ասում էին՝ ինչո՞վ կարող են օգտակար լինել: Գլխավոր խնդիրն այն էր, որ մարդիկ խոսեն այդ մասին, որովհետեւ մեր փոքրիկ երկրի մասին այդքան շատ լուսաբանումներ չկան: Ընդհանուր առմամբ, ցույց իրականացնելու գաղափարը Հասմիկ Հովակիմյանից էր»,-հայտնեց Նաիրա Մելքումյանը:

Հասմիկ Հովակիմյանը ցույցի ժամանակ բարձրաձայնել է սովի մատնված արցախցի երեխաների, դեղի կարիք ունեցող բուժառուների, առեւանգված Վագիֆ Խաչատրյանի եւ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, որն օրեցօր ավելի ու ավելի է ահագնանում:

Նաիրա Մելքումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գուցե իրենց ցույցի ու նման գործողությունների միջոցով ինչ-որ առումով գոտեպնդեն արցախցիներին, նրանք տեսնեն, որ մենակ չեն, նաեւ այլ երկրների հայերն էլ բարձրաձայնեն Արցախի խնդրի մասին:

https://www.youtube.com/watch?v=e9EGy2dRvrE

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Նաիրա Մելքումյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031