Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Բաքվին ու Երևանին առաջարկներ է ներկայացրել տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

Օգոստոս 04,2023 12:04

Հայաստանն ու Ադրբեջանը «տնային մշակման» են ընդունել Ռուսաստանի առաջարկները տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու վերաբերյալ: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ՝ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«Մոսկվայում հուլիսի 25-ին տեղի ունեցած վերջին շփումները Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ բարդ իրավիճակի ֆոնին: Չբացահայտելով զգայուն մանրամասները՝ կարող եմ ասել, որ մեր կողմից մենք առաջարկել ենք լարվածության թուլացման փոխզիջումային լուծումներ, որոնք կողմերն ընդունել են «տնային մշակման»,- ասել է Գոնչարը: – Ակնկալում ենք, որ մարդասիրական նկատառումները, հասարակ մարդկանց մասին հոգատարությունն ավելի վեր կլինեն, քան Բաքվի ու Երևանի միջև տարաձայնությունները»:

Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը բոլոր փուլերում ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «2020թ. նոյեմբերին Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությամբ դրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության ներկա փուլի հիմքերը, 2020-2022թթ. մշակվել է հայ-ադրբեջանական կարգավորման աշխատանքային քարտեզ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հիման վրա»,- ասել է դիվանագետը:

Գոնչարը նաև նշել է, որ ռուսական կողմը շարունակում է եռանդուն միջնորդական ջանքերը բոլոր ուղղություններով, այդ թվում տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթաց, Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցում, երկխոսության զարգացում մտավորականության և փորձագետների մակարդակով: «Ամեն ինչ չէ, որ ընթանում է այնքան արագ, որքան կցանկանայինք, սակայն դա հասկանալի է՝ հաշվի առնելով այն հսկայական խնդիրներն ու տարաձայնությունները, որոնք կուտակվել են հակամարտության տարիների ընթացքում,- ասել է նա:- Ընդ որում՝ արհեստականորեն չենք արագացնում աշխատանքը և չենք ձգտում անցկացնել հանդիպում հանդիպման համար, ինչից որ հաճախ զերծ չեն մնում մեր արևմտյան գործընկերները»:

Անդրադառնալով Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցին, դիվանագետը նշել է, որ այդ հարցերը առարկայական կերպով քննարկվում են Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի նախագահությամբ: Նա նշել է, որ Խմբի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մոսկվայում: «Դրա արդյունքում կողմերը փաստել են առկա առաջընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մոդալության համաձայնեցման գործում, մասնավորապես, ձեռք է բերվել ընդհանուր ըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի- Հորադիզ երկաթուղու կազմակերպման և վերականգնման համար կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ,- ասել է Գոնչարը: Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ հուլիս 25-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը այդ թեման նույնպես քննարկվել է. մեր կողմից առաջարկ է արվել այդ աշխատանքը շուտափույթ կերպով տեղափոխել նախագծային փուլ»: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է հասնել նրան, որ «բոլոր պայմանավորվածություններն այդ ուղղությամբ լինեն առաջնահերթ»: «Կողմերից ոչ մեկի մոտ չպետք է ստեղծվի այնպիսի տպավորություն, որ ինչ-որ մեկը ստացել է ավելին: Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սկզբում՝ երկաթուղայինի, թույլ կտա բացահայտել Հարավային Կովկասի հսկայական տնտեսական ներուժը և հզոր խթան կհաղորդի եռակողմ աշխատանքի բոլոր մյուս ուղղություններին»,- ասել է Գոնչարը:

 Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031