Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական կողմերը պետք է հետ վերցնեն Հակարիի կամուրջը՝ բացելով միջանցքը, նույնիսկ ժամանակավոր»

Օգոստոս 04,2023 13:30

«Ադրբեջանցիները շատ կոպիտ սխալ են թույլ տվել. անձը՝ Վագիֆ Խաչատրյանն, ում առեւանգել են ադրբեջանական ԱԱԾ սահմանապահները, ոչ մի կապ չունի այն մարդու հետ, ում ցանկացել են առեւանգել: Պարզապես, անուն-ազգանվան համընկնում է եղել». «Առավոտի» զրուցակիցն է  տնտեսագետ, հասարակական գործիչ Իգոր Զարգարյանը:

– Արցախում իրավիճակը գնալով օրհասական է դառնում, հումանիտար ճգնաժամը խորանում է, Ադրբեջանն ավելի կոշտ քայլերի է դիմում, Ակնա-Աղդամով հումանիտար բեռների՝ Արցախ մուտքի թեման է օրախնդիր դարձել ու այդ քննարկումներին, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել, ասաց՝ արցախցիներից մանդատ չունի: Ի՞նչ եք այս ամենի մասին մտածում:

– Ադրբեջանը զսպանակն ավելի շատ է սեղմում: Ադրբեջանը հիմա այլ կերպ է աշխատում. փորձում է ծուղակի մեջ գցել՝ բոլոր տարբերակներով: Ի դեպ, օրերս Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ ունեցած հանդիպումները ցույց տվեցին, որ Թուրքիան հրապարակային եւ ամբողջությամբ պաշտպանում է Ադրբեջանի քայլերը: Իբրեւ ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան, կարծում եմ, ավելի համոզված է, որ արեւմտյան երկրներից ոչ մի օգնություն էլ չի գա, այդ իսկ պատճառով զսպանակն ավելի են սեղմելու եւ մոտ ժամանակներս փորձելու են հասնել նրան, որ Ակնայով ճանապարհը բացվի, արցախցիները ստիպված լինեն այդ կերպ օգնություն ստանալ: Բայց սա, բացի բարոյական խնդրից, նաեւ քաղաքական է ու անգամ առողջապահական, քանի որ հայտնի չէ, թե ի՞նչ սնունդ է ուղարկվելու Ադրբեջանից Արցախ, ի՞նչ ժամկետներում կամ արդյո՞ք սննդամթերք է ուղարկվելու, առհասարակ, ի՞նչ բեռներ են տեղափոխվելու: Այս հարցերի մասին, վստահ եմ, որ պատկերացումներ չունեն անգամ այն մարդիկ, ովքեր կողմնակից են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններն արագ կարգավորմանը:

– Ադրբեջանի ԱԱԾ սահմանապահները Կարմիր խաչի մեքենայից արցախցի Վագիֆ Խաչատրյանին են առեւանգել, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել. ի՞նչ ուղերձ է դա:

– Այս հարցը երկու հարթություն ունի. առաջին՝ իրենք ցույց տվեցին, որ Կարմիր խաչը ոչ մի բան է եւ Կարմիր խաչի աշխատակցին հրելով, Վագիֆին առեւանգելով, ցույց տվեցին, որ որեւէ միջազգային ինստիտուտ իրենց վրա չի ազդելու: Բայց առանց այդ միջադեպի էլ պարզ ու հասկանալի էր, ոչինչ չի փոխվել. 100 տարի տարբերությամբ նույն գործընթացներն են ընթանում, ինչ վարքագիծ, որ ժամանակին Թուրքիան է դրսեւորել, այժմ Ադրբեջանն է դրսեւորում:

Հարցի երկրորդ կողմը հետեւյալն է՝ ադրբեջանցիները շատ կոպիտ սխալ են թույլ տվել. անձը՝ Վագիֆ Խաչատրյանը, ում առեւանգել են ադրբեջանական ԱԱԾ սահմանապահները, ոչ մի կապ չունի այն մարդու հետ, ում ցանկացել են առեւանգել: Պարզապես, անուն-ազգանվան համընկնում է եղել: Ինչպե՞ս են այս ամենի տակից ադրբեջանցիները դուրս գալու՝ չգիտեմ, բայց հայկական կողմը շատ արագ պետք է արձագանքի:

Շատ մանրամասների մեջ չեմ ցանկանում մտնել, բայց Ադրբեջանում կան ցուցակներ՝ այն մարդկանց, ովքեր արցախյան պատերազմների ժամանակ կռվել են: Հիմա՝ հարց՝ որտեղի՞ց այդ ցուցակներն ադրբեջանցիների մոտ: Սա շատ լուրջ խնդիր է եւ այն մարդիկ, ովքեր փոխանցում են, կամ որեւէ կերպ՝ կամա, թե ակամա, օգնում են այդ գործընթացին, մեծ վտանգ են մեզ համար. այդ ուղղությամբ լուրջ աշխատանք պետք է տարվի, եթե, իհարկե, իշխանությունը ցանկություն ունի այդ աշխատանքը տանելու:

– Ինչպե՞ս եք պատկերացնում այս իրավիճակների հանգուցալուծումը:

– Մոտ ժամանակներս լուծումները կերեւան, եթե, իհարկե, ինչ-որ հրաշքներ լինեն: Բայց, իմ կարծիքով, հրաշքի այլընտրանքը մեկն է. միգուցե մոտեցումս ռադիկալ է եւ շատ ուղիղ ու շատ մարդկանց գուցե դուր չգա, բայց եթե մի փոքր հնարավորություն կա, որ հայկական կողմերը ետ վերցնեն Հակարիի կամուրջը՝ բացելով միջանցքը, նույնիսկ ժամանակավոր, պետք է գնալ այդ ճանապարհով: Ես հասկանում եմ, որ սա որոշակիորեն կսրի իրավիճակը, ադրբեջանցիները դա պրովոկացիա կանվանեն, միգուցե օգտագործեն եւ ավելի մեծ բախումներ հրահրեն: Առաջարկածս տարբերակը նաեւ ցույց կտա, որ կա Հայաստան, կա Արցախ, կա հայկական բանակ, կա ՊԲ, որ խնդրի այլ լուծումները չեն աշխատել, մարդիկ ստիպված գնացել են սրան: Ի դեպ, ես համոզված եմ, հակառակի պարագայում ադրբեջանցիները միանշանակ այդ տարբերակը կկիրառեին:

Այստեղ, իհարկե, մեծ դեր է խաղում ՌԴ-ն, իրենք կարող են օգնել, կարող են խանգարել, կարող են՝ չեզոք մնալ, մինչեւ գործընթացները տրամաբանական ավարտի հասնեն: Այո, սա ռիսկային է, այո, վտանգներ է պարունակում, բայց, մյուս կողմից՝ սպասելով ռիսկերը չեն նվազում, ավելին՝ շատանում են: Ասենք՝ մեկ ամիս հետո, ի՞նչ է լինելու, կամ՝ եթե Արցախում սննդամթերքն ամբողջությամբ վերջանում է, ի՞նչ են անելու. նույն բանը: Կամ, կա եւս մի տարբերակ, որին ես պարզապես չեմ հավատում. ադրբեջանցիները բացում են ճանապարհը եւ հայերն Արցախից դուրս են գալիս: Հուսով եմ, այդպես չի լինի:

– Ձեր նշած տարբերակն իմաստ կունենա այն պարագայում, երբ ՀՀ իշխանությունն այլ տրամադրություններ ունենար, բայց եթե նրանք հայտարարում են՝ Արցախն Ադրբեջան է, ի՞նչ ակնկալել:

– Այո եւ ոչ. այո, դուք ճիշտ եք, բայց կան այլ տարբերակներ էլ, ասենք՝ ջոկատներ, որոնք կարող են գործել ինքնուրույն, կամ, ասենք, պետության լռության պայմաններում: Կա նաեւ երկրորդ տարբերակը՝ միգուցե ճիշտ ժամանակն է ՀՀ-ում գործող իշխանության համար, մի փոքր դիրքերը փոխելու, միջազգային ասպարեզում որոշակիացնելու իրենց մոտեցումները: Նաեւ գործընթաց կա՝ «ՀայաՔվեն», որը որ իշխանության համար անսպասելի եւ շատ արագ հավաքեց ձայների անհրաժեշտ քանակը: Հաջորդ փուլը, վստահ եմ, նույն տեմպով կստացվի ու հարցը կմտնի խորհրդարան: Ես մնում եմ այն համոզման, որ այս գործընթացը շատ լավ հնարավորություն է իշխանության համար՝ փրկելու իրենց դեմքը, իրենց զիջողական մոտեցումներից ետ կանգնելու: Իրենք միշտ հայտարարում են՝ ժողովրդի ձայնն է իրենց համար կարեւոր, ժողովրդի առաջին ձայնը եկել է՝ օգտագործեք դա, դուրս եկեք գործընթացից կամ սառեցրեք այն:

Եվ երկրորդ՝ հավատ ունեմ, որ խորհրդարանում, անգամ ՔՊ-ական մի քանի տասնյակ պատգամավոր կօգնեն այդ օրենքն անցկացնելուն: Հակառակ պարագայում, բոլոր այն պատգամավորները, ովքեր դեմ կքվեարկեն, իրենց համար դա ցմահ խնդիր է լինելու, դրանից մաքրվել չեն կարողանալու:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
04.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Այն, որ պետք է ոչ ստանդարտ քայլեր կիրառել միջանցքը բացելու համար, դա միանշանակ է։ Կարելի է մշակել մի քանի ոչ ստանդարտ լուծումների տարբերակներ և դրանցից կիրառել թշնամու համար ամենաանսպասելին։
    Ներկայիս խեղճուկրակ իշխանությունը միայն պասիվ ու անորոշ վիճակով սպասելու կողմնակից է։ Դրանք ջուր ծեծողներ են, անխիղճ ու անտարբեր բիոզանգված, իսկ գործ անողը հայերի ակտիվ հատվածները պետք է լինեն, որոնց համար հայոց հրամայականն է – ՀԱՄԱԽՄԲՎԵԼ հանուն Արցախի և Հայաստանի փրկության, ԱՐԹՆԱՑՄԱՆ ժամն է արդեն։ Մեր ականջներում անընդհատ պետք է հնչի “Հայեր միացեք, միացեք հայեր, Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք” կրկներգը։ Ուշացնել արդեն չի կարելի, քանի որ արցախցիների դիմացկունությունն անսպառ չէ։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031