Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ ԱԽ-ում Ֆրանսիայի և Շվեյցարիայի ներկայացուցիչներն անդրադարձան Արցախի շրջափակմանը, Ադրբեջանը՝ մեղադրեց Հայաստանին

Օգոստոս 04,2023 10:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամերիկյան նախագահության կողմից կազմակերպված «Սովի և հակամարտության հետևանքով գլոբալ պարենային անապահովություն» խորագրով բաց քննարկմանը Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանից բացի Լեռնային Ղարաբաղի շրջափակմանն անդրադարձան նաև Խորհրդի մշտական անդամ Ֆրանսիան և ժամանակավոր անդամ Շվեյցարիան:

Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ, գործերի ժամանակավոր հավատարմատարը Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի մասին խոսել է աշխարհում բոլոր անհրաժեշտ կետերին հումանիտար աջակցություն հասցնելու կարևորության համատեքստում:


«Ֆրանսիան այսօր նաև կոչ է անում վերացնել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու և ազատ տեղաշարժի արգելքները՝ այս տարվա փետրվարին ընդունված Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան», – իր խոսքում հայտարարել է Ֆրանսիայի ներկայացուցիչը:


Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի տեղակալն էլ իր հերթին ընդգծել է ճգնաժամային գոտիներում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներգրավվածության հրամայականը:

Պաշտոնյան նշել է. «Մենք դատապարտում ենք, որ մարդասիրական դերակատարները, օրինակ՝ ԿԽՄԿ-ն, ոչ միշտ են կարողանում իրականացնել իրենց գործառույթները, ինչպես, օրինակ, Հարավային Կովկասում գտնվող Լաչինի միջանցքում է»:

Ադրբեջանի պատվիրակությունը ՄԱԿ ԱԽ բաց քննարկումն օգտագործեց որպես աշխարհին մոլորեցնելու ևս մեկ հարթակ՝ դատապարտելով Հայաստանին՝ «հումանիտար աջակցության խնդիրը չարամիտ նպատակներով չարաշահելու համար»: Ըստ այդ երկրի մշտական ներկայացուցչի՝ Լաչինում անցակետ տեղադրելը «Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է, ինչպես ցանկացած այլ երկիր իրավունք ունի պաշտպանել իր սահմանները»:

Ադրբեջանական պատվիրակությունը նաև մատնանշել է, որ Հայաստանի կողմից տեղադրված ականների պատճառով Ադրբեջանը տուժում է մինչ օրս: «Հայաստանը պարտավոր է առանց հապաղելու ականապատ տարածքների մասին կոնկրետ և ամբողջական տեղեկատվություն տրամադրել», – հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031