Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնոյանը խոսեց որպես «պետության մարդ»

Օգոստոս 04,2023 10:00

Դավիթ Տոնոյանը, լինելով 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտպանության նախարար, բնականաբար, պատասխանատվություն է կրում պարտության համար: Ավելին՝ նա պատասխանատու է «նոր պատերազմ, նոր տարածքներ» հոխորտանքի համար, որը հնչեցնում էր պատերազմից առաջ: Չնայած՝ հանուն արդարության պետք է նշել, որ այդ հոխորտանքը տեղավորվում էր վարչապետի տղայական, անպատասխանատու կեցվածքի շրջանակներում: Տոնոյանի դեմ առաջ քաշած քրեական մեղադրանքներին ես, ճիշտն ասած, չեմ հավատում. կարծում եմ, դրանց հիմքը իշխանության քարոզչության «հայեցակարգն» է, ըստ որի, պարտության մեջ մեղավոր են բոլորը, բացի Փաշինյանից:

ԱԺ ՔՊ-ական «քննիչ» հանձնաժողովը, որի միակ նպատակն է այդ թեզն առաջ տանելը, իհարկե, որեւէ խնդիր չունի ճշմարտությունը, այդ թվում՝ ՊՆ պատասխանատվության չափը բացահայտելու: Եվ, հետեւաբար, հանձնաժողովի ցանկացած միջոցառում կոչված է, ի վերջո, պետության ղեկավարին, պատերազմի ժամանակ՝ Զինված ուժերի գլխավոր հրամանատարին «սպիտակեցնելու»:

Պաշտպանության նախկին նախարարին հանձնաժողով հրավիրելը նման միջոցառումներից մեկն էր: Այդքանով հանդերձ՝ պետք է Դավիթ Տոնոյանին արժանին մատուցել՝ իր ելույթում եւ պատասխաններում նա իրեն դրսեւորել է որպես «պետության մարդ»: Ի՞նչ եմ ես դրա տակ հասկանում: «Պետության մարդը», անկախ կարգավիճակից, աշխատավայրից եւ քաղաքական հայացքներից, այն անձնավորությունն է, որն ակնածանքով է վերաբերվում Հայոց բանակին, չի փորձում այն վարկաբեկել (ինչով 5 տարի զբաղված են ներկայիս իշխանությունները) եւ առավոտվանից երեկո չի փորձում ապացուցել, որ մեր բանակը թույլ է եւ նոր պատերազմում ջախջախվելու է: Դա այժմ բաց տեքստով ասում է Ալիեւը (ինչը հասկանալի է), ինչպես նաեւ՝ անընդհատ ակնարկում են ՔՊ-ականները:

Դավիթ Տոնոյանի պատասխաններում ինձ համար կարեւոր էր, որ նա հերքում է իշխանության քարոզչության հեքիաթները՝ զանգվածային (11 հազարանոց) դասալքության, դավաճանության եւ «5-րդ շարասյան» մասին: Այդ պնդումները ոչ միայն ցինիկ են՝ հաշվի առնելով զոհերի թիվը, այլեւ ուղղակիորեն հարվածում են այսօրվա բանակին:

Իսկ պատերազմը վարում է ոչ միայն բանակը: Կարծում եմ, ոչ ոք չի վիճի, որ պատերազմում են պետությունները՝ իրենց դիվանագիտությամբ, իրենց տնտեսական եւ մարդկային ռեսուրսներով: Նաեւ՝ իշխանության ինտելեկտուալ ռեսուրսով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    Տոնոյանը խոսեց որպես Նիկոլի ամոթխած հարճ: Նրա ողորմելի ելույթի միակ նպատակը Նիկոլին արդարացնելն էր. «Հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի՝ թե՛ ընդդիմության, թե՛ դիմության, որ ես ինչ-որ գործարքի եմ գնում…» Վա՜յ, չէ, չէ, ի՞նչ գործարք, ի՞նչ բան: Բա Նիկոլի նման ազնվագույն դրամաշորթը գործարքի մեջ կմտնի՞: Նիկոլի նշանակած անկախ-անշահախնդիր դատավորը իհարկե առանց որեւէ գործարքի է թույլ տվել ժամանել «քննիչ» հաանձաժողով… 🙂

    Հարցերն ու պատասխաններն ավելի զզվելի էին, քան «հարգելի նախագահողը» եւ ոչ պակաս «հարգելի» քննիչ ուսապարկերը: Դե իսկ իր գերագույն գլխավոր ստրկատերը պիտի որ գոհ մնա. մեղադրյալը ստուգարքը լավ հանձնեց, մնաց բուն քննությունը…

  2. Հ. Շ. says:

    . Ընդհանուր Քպականներն, իրենց համակիրները եւ նոյնիսկ չէզոք հայերը, ուրիշ հարց են: Սակայն գոնէ իր, Փաշինյանին կեցուածքը այն չէ, որ ինք՝ մեղաւոր չէ, պարտութեան եւ կորուստներուն համար: Սակայն ըստ իրեն, ինք ներում ստացած է, լուացուած ու մաքրուած է իր այդ մեղքից, Յունիս 2021ի ընտրութիւններով: Որոնք, նաեւ, ոչ միայն հաստատած են նախկինների մեղքերը՝ նոյն Աղէտին առնչութեամբ, այլ նաեւ այն իրողութիւնը որ նրանք ներում չեն ստացած, քանզի ժողովուրդը, այդ ամէնէն ետք անգամ, դարձեալ նախընտրեց զինք վերընտրել:

    . Տոնոյանի ըսածներուն մէջ, ամենացնցիչ դրուագը այն էր, երբ նա յայտնեց թէ, Արցախի պատերազմի ընթացքին արդէն, թուրքերը ուղղակի յարձակած էին նաեւ Հայաստանի հարաւային տարածքներուն վրայ, եւ կը ջանային զանոնք գրաւել: Մինչեւ իսկ կրակ բանալով այդտեղ գտնուող ռուսների վրայ:

    • Հ. Շ. says:

      Եթէ Տոնոյանի այդ ըսածը ճիշդ է, եւ շատ հաւանական է որ՝ ճիշդ է, հարկաւոր է լման պատերազմը դիտել տեսանկիւնէ մը, որ մինչեւ հիմա չկայ: Ահա այդ տեսանկիւնին վերաբերող մի քանի հիմնական կէտեր՝

      . Նկատի ունենալով որ ռազմական յարձակումը, ուղղակի՝ Հայաստանի վրայ էր, Ռուսաստանը որեւէ կերպով չի կրնար արդարացնել իր ծայրագոյն թերացումը, Հայաստան-ՌԴ անվտանգութեան դաշինքներու հիման վրայ: Թէ այդ թերացումը անզօրութեան պատճառով է, կամ այլ պատճառներով, յստակ չէ: Բայց թերացումը, անհերքելի է:

      . Զինադադարի համար Հայաստանի կատարած զիջումները՝ Արցախի տարածքներուն վերաբերեալ, կը միտէին ուրեմն ոչ միայն գոնէ փրկելու Արցախի մնացորդ մը, այլ նաեւ առաջքը առնելու Հայաստանի հարաւային տարածքներու կորուստին:

      . Առարկայականօրէն, սխալ չէ Հայաստանի վարչակարգի այն կեցուածքը որ, այժմու դրութեան մէջ, իրենց կարող են միայն զբաղուելու Հայաստանի տարածքի պահպանութեան խնդրով: Այսինքն, այդ ալ կատարելու՝ կարողութիւնը չունին, բայց միայն այդ ուղղութեամբ կարող են գոնէ բաներ մը փորձել:

      Մեր ճակատագիրը պիտի որոշուի Ուկրաինայի ռազմադաշտում տեղի ունեցող համաշխարհային պատերազմին մէջ: Եւ վերջերս լուրերը վատ չեն, այդ մասին…

      Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031