Ինձ մոտիկից ճանաչողները գիտեն, որ ես ուղղափառ պաշտպանն եմ, երբ խոսքը վերաբերում է խոսքի ազատությունն ու անձնական ազատությունը հարգելու հարցին:
Յուրաքանչյուր ոք ազատ է անել այն, ինչ իր անձնական ազատության սահմաններում է, եւ հիմնական սկզբունքն այն է, որ յուրաքանչյուրն ազատ է անել այն, ինչ ցանկանում է, քանի դեռ նրա ազատությունը չի խանգարում ուրիշների ազատությանը եւ բացասաբար չի ազդում նրանց վրա:
Անձնական ազատության սահմանները եւ այն, ինչ կարող է բացասաբար ազդել այլ մարդկանց վրա, անկասկած, չափազանց դժվար է սահմանել, ճշտել, թե ինչն է ճշգրիտ կամ սխալ, թե ինչ է ընտրում անել յուրաքանչյուրն անկախ նրանից, թե դա ազդում է ուրիշների վրա, չափազանց բարդ խնդիր է: Շատերը կպնդեն, որ իրենց խնդիրը չէ, եթե մեկ ուրիշը բացասաբար ազդվի իր անձնական ազատության կիրարկումից եւ այդ պատճառով որոշ դատական գործերի եւ իրավական ընթացակարգերի ճշգրիտ որոշման համար տարիներ են պահանջվում: Անկասկած, որոշ հմուտ, ճարպիկ իրավաբաններ տիրապետում են այս գաղտնիքին եւ կարող են մանրեւրել, որպեսզի դատավճիռը հետաձգվի՝ առաջարկելով այնպիսի անկյուններ, որոնք հուշում են, որ ճշմարտությունը կարող է այլ կերպ լինել:
Ես իրավաբան չեմ եւ չեմ պնդում, որ այս հոդվածում իմ առաջարկած միտքը պետք է համարվի աստվածային պատվիրան, ոչ էլ բացարձակ ճշմարտություն: Ամեն ինչ հարաբերական է, բայց այս հոդվածում ես ուզում եմ իմ տպավորությունները կիսել եւ սեփական պատկերացումները ներկայացնել՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ես օրենսդրագետ չեմ, որ պետք է առաջարկեմ գաղափարներ, որոնք ՀՀ Ազգային ժողովը միանգամից կուսումնասիրի եւ հետո քվեարկությամբ կորոշի դրա որդեգրումը, հաստատումը:
Կարդացեք նաև
Շատ երկրներում այն, ինչ անհատն անում է իր մարմնի հետ մասնավոր, որոշ պարագաներում համարվում է անօրինական եւ օրենքով պատժելի: Օրինակ, անձնական ազատության սկզբունքը չի արդարացնում, երբ նա պնդում է, որ ազատ է անել այն, ինչ ցանկանում է իր մարմնի հետ եւ սեքսով զբաղվել փողի դիմաց: Այստեղ օրենքը համարում է, որ նա խրախուսում է վատ վարքագիծը, հետեւաբար, նա դաժանորեն ազդում է ուրիշների վրա, նույնիսկ, եթե նրանք նույնպես ներգրավված են այս գործունեության մեջ իրենց ազատ կամքով:
Մեկ այլ ծավալուն, բարդ օրինակ է հղիության արհեստական ընդհատման գաղափարը (վիժում), մի երկրում, որտեղ շատ քչերը պնդում են, որ այն լայնորեն ժողովրդավարական չէ, նախագահական, կոնգրեսի եւ սենատի ընտրություններին տասնամյակներ շարունակ դեռ վիճում են՝ արդյոք վիժումն օրինական է, թե արգելված, եւ յուրաքանչյուր նահանգ ունի իր կիրառումը: Պահպանողականները պնդում են, թե ծնվածը՝ կյանքը սպանվում է այդ գործընթացում, իսկ լիբերալները պնդում են, թե կինն ազատ է անել այն, ինչ ցանկանում է իր մարմնի հետ:
Եվ այսօր ես ուզում եմ առաջարկել եւ ներկայացնել իմ տպավորությունը: Գուցե ոմանք բնորոշ չհամարեն, որ ինձ նման մարդը, ով կանգնած է ազատության քարոզչության ուղղափառ ճամբարում, նման գաղափարներ է առաջարկում: Բայց այսօր ուզում եմ հորդորել եւ կոչ անել պատասխանատուների կողմից հետեւելու՝ վերահսկողությանն ու միջամտությանը, նաեւ պատժելու համար:
Հավատարիմ կմնամ իմ սկզբունքներին եւ կփորձեմ լինել որքան հնարավոր է արդար՝ առարկայական եւ տրամաբանական: Զուգահեռ ուզում եմ շեշտել այն սկզբունքը, որ պատիժը պետք է համապատասխանի հանցանքին…
Մեր ազգային լեզվի մեծապես եւ ամենագլխավոր խեղաթյուրման մեղքը
Գործող Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն հայերենն է: Մինչ այժմ մարդկանց եւ ամբողջ հանրապետությանը իրազեկելու փորձերն անարդյունավետ ու ապարդյուն են եղել, նույնիսկ այդ հարցում, թվում է, թե ոչ մեկին չի հետաքրքրել, երբ ոմանք բարձրաձայնեցին եւ փորձեցին մատնանշել այս մտահոգիչ երեւույթը:
Պե՞տք է տուգանենք շարքային քաղաքացուն կիսով չափ հայերեն խոսելու եւ կես տարօրինակ վեց լեզուների խառնուրդի համար, բացարձակապես՝ ոչ: Տուժողը ժողովուրդն է, բավական է, որ տառապում է, աղքատության եւ սոցիալական ճգնաժամի եւ ցանկացած այլ ողբերգության մեջ է, վերջին բանը, որ մեզ պետք է. սկսել հասարակ քաղաքացուց, չնայած որ նա իրականում անտարբեր է եւ ոչ մի ջանք չի գործադրում իր ընթացքը բարեփոխելու: Ես հրաժարվում եմ առաջարկել, որ միջոցները սկսվեն նախ ժողովրդից, ի վերջո կարող ենք հասնել այդ փուլին, բայց միայն մի քանի փուլ հետո, քանզի կարծում եմ՝ կան շատ ավելի խոր հանցավորներ:
Միջոցառումները պետք է սկսվեն նախ Ազգային ժողովից, ես առաջարկում եմ մի քանի գործնական միջոցներ:
Երբ ազգի ներկայացուցիչն իր խոսքում օգտագործում է վեցից ավելի օտար բառ, նրան պետք է հրապարակայնորեն հիշեցնել, որ նա խախտել է ազգային լեզուն, եւ նրա խոսքը պետք է հանվի գրառումներից, նրա խոսքը մերժվի եւ նա չխոսի հաջորդ նիստում: Եթե նա կրկնում է իր օրինակը երրորդ նստաշրջանում, ապա նրան պետք է արգելվի երկու նիստ եւ աստիճանաբար ավելանա արգելումների քանակը:
Հիշում եմ, որ գործադիր իշխանության ղեկավարը՝ վարչապետ պարոն Փաշինյանը, երբ ընդդիմադիրներից կոշտ քննադատություն էր լսում, խորհրդարանի խոսնակ պարոն Սիմոնյանը փորձում էր միջամտել եւ պաշտպանել վարչապետին, Փաշինյանը դիմեց Սիմոնյանին եւ ասաց. «Հըլը մի ռոպե»:
Նման միջադեպերի համար ինչ անենք, ոչինչ չենք կարող անել, ի վերջո անիրապաշտ է առաջարկել վարչապետին արգելել ժողովի հարթակից խոսել՝ ուրեմն ի՞նչ անենք:
Կարծում եմ՝ գալիք ընտրությունների համար պետք է լինի օրենք, որով բոլորը, ովքեր առաջադրվում են որպես թեկնածու, պետք է անցնեն թեստ, որտեղ կարող են երեսուն րոպե խոսել 20-ից պակաս օտար բառով: Հարկ է հաջորդ Ազգային ժողովի թեկնածուները հատուկ դասընթացների մասնակցեն ու միայն հաջողածները իրավունք ունենան առաջադրվել, թերեւս, նույնպես նախարարներն ու վարչապետը:
Ես լսել եմ, որ մեր վարչապետը մի նախադասությամբ ասում է՝ «զալաթ»:
Չնայած քաղաքականության մեջ վարչապետի նկատմամբ իմ դիրքորոշմանը, ես պետք է օբյեկտիվ եւ արդար լինեմ, նա միակը չէ, որ դա անում է:
Հանրային ժողովներ անցկացնող քաղաքական գործիչներն օգտագործում են «ղալաթ», «կապիտուլանտ»… բառերը, նրանց պետք է տուգանել, նրանք պետք է հասկանան, որ ամբոխի հետ այսպես խոսելով, մարդիկ ուշադիր լսում են իրենց, եւ այդպիսով նրանք անցնում են անձնական ազատության սահմանները՝ խոսելու, ինչպես նրանք իրենց հարմարավետ են զգում, նրանք խրախուսում են մարդկանց այսպես խոսել:
Մեր քաղաքական առաջնորդները կարծես թե չեն գիտակցում, որ պետք է օրինակ ծառայեն. դու ազատ ես, գուցե խոսես այնպես, ինչպես նախընտրում ես, բայց երբ հրապարակավ խոսում ես քաղաքացիների հետ, որպես հանրային գործերի ծառայող, մարդիկ քեզ ավելի շատ են լսում, քան քո մտերիմ ընկերները, եւ դու նրանց խրախուսում ես խեղաթյուրել իրենց ազգային լեզուն, եւ այսպիսով դուք այլեւս ազատ չեք:
Այստեղ ուզում եմ շեշտել, որ ես ավելի շատ նախընտրում եմ տուգանել եւ չարգելել խոսելը, որովհետեւ ես խրախուսում եմ խոսքի ազատությունը, դա ճիշտ է հանրային հանրահավաքների դեպքում, բայց խորհրդարանի ներսում դառնում է պաշտոնական եւ այլ իրավիճակ է ստեղծում:
Ոչ միայն քաղաքական գործիչները պետք է ենթարկվեն հսկողության, ամենամեծ վնասը հասցնում է Հանրային հեռուստատեսությանը, որտեղ հեռուստահաղորդումները կատարում են ազգային բարոյական ծանր հանցագործություններ, հեռուստաշոուները պետք է համապատասխանեն լեզվական չափանիշներին, երբ խախտում ու օտար լեզուներ են օգտագործում, պետք է տուգանվեն, բայց եթե նրանք դեռ չեն կարողանում բարեփոխել, ապա այդ հեռուստահաղորդումները պետք է կասեցվեն, քանի դեռ չեն փոխել իրենց վերաբերմունքը:
Նույնը վերաբերում է մամուլի եւ երաժշտության ոլորտին, եւ, իհարկե, դա չափազանց դժվար է իրականացնել, ինչպես կարող ենք ստիպել որեւէ մեկին մաքուր հայերենով երգել իր երգերը եւ դրանք տեղադրել համացանցում, այո, դա հնարավոր չէ, եւ հավանաբար ոչ իրատեսական (իրապաշտ) եւ գործնական:
Քանի որ հասել եմ ցուցակի վերջին, գիտեմ, որ իմ կողմից խելագարություն կլինի առաջարկել վերահսկել քաղաքացիներին, բայց կա մի հատուկ դեպք, որին մենք պետք է ուշադրություն դարձնենք, դա այն դեպքն է, որը երեկ գրավեց իմ ուշադրությունը եւ ոգեշնչեց ինձ այս հոդվածը գրել:
Մի գայթակղեք մեր նոր սերնդին
Մի քանի օր առաջ մի կին սկսեց իր սովորական զզվելի սովորությամբ այլանդակ լեզվով խոսել, իբր թե հայերեն կխոսի ու փաթաթված էր 10 տարեկան անմեղ փոքր աղջիկա: Ու երբ սկսեց «վապշեերենի» իր հավիտենական երդվյալ լեզուն, ստիպված էի խեղճ պստիկին բացատրել, թե այդ բառերը չորդեգրե ու առաջին անգամ լսեց, թե այդ մեկը հայերեն չէ:
Ու ուրիշ իմաստուն խելամիտ հայ աղջիկ նրան բացատրեց, որ ճիշտը «ընդհանրապես»-ն է, այլ ոչ թե «վապշե»-ն:
Ու զայրույթս անսահման էր, երբ այդ հայանուն կինը միջամտեց ու հանդգնեց նրան ասել թե՝ ականջ չկախի, «ընդհանրապես»-ը շատ երկար բառ է եւ դրա համար «վապշե» թող ասի:
Ու սպասեցի, որ փոքրիկը հեռանա ու այդ կնոջ վրա թափեցի զայրույթի բաժակս, խստորեն հանդիմանելով ու թելադրելով, թե ուրիշ անգամ չհանդգնի գայթակղեցնել մեր նոր սերնդին ու միեւնույն էր. նա արհամարհանքով ժպտաց ու զգացվեց, թե ի հեճուկս ինձ՝ համառորեն դիտմամբ այդպես շարունակելու է:
Հիմա այսպիսի մարդիկ պետք է տուգանվեն, որովհետեւ նրանք ոչ միայն կիրառում են իրենց ազատությունը, այլ միջամտում են ուրիշներին, անչափահասներին խրախուսում հրաժարվել մեր ազգային լեզվից:
Շատերը հավանաբար կասեն, որ այն, ինչ առաջարկում եմ՝ ֆաշիզմ է, բռնություն: Նրանք կարող են մասամբ ճիշտ լինել. իմ ասածը կարող է լիովին ճիշտ չլինել, բայց ես ասում եմ, որ խնդիրը շատ արմատացած է: Կան հարյուրավոր բառեր, որ մարդիկ պնդում են, որ որոշ օտար բառեր հայերեն են՝ ինձ ցույց են տալիս հայերեն բառարաններ, որոնք նույնն են առաջարկում եւ ես գիտեմ, որ այդ բառերից շատերը արաբերեն են եւ միեւնույն ժամանակ հանրապետության մտավորականները լուռ են մնում եւ լքում իրենց առաքելությունը։
Մի անգամ արեւմտահայ քաղաքական գործիչներից մեկը բողոքեց, որ ես լեզվի մասնագետ չեմ եւ չպետք է նման հոդվածներ գրեմ:
Երկու դեպքում էլ ասում եմ. ես մասնագետ չեմ՝ լեզվաբան, օրենսդիր, իրավաբան, մտավորական չեմ, միայն նշում եմ, որ երեւույթը գնալով աճում է եւ ոչ ոք կարծես թե որեւէ գաղափար չի առաջարկում, ուշադրություն չի դարձնում: Երբ նրանք՝ մասնագետները կստանձնեն իրենց առաքելությունը՝ ես կարող եմ դադարեցնել դրա քննարկումը եւ թողնել այն փորձագետներին:
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
Բլոգեր
«Առավոտ» օրաթերթ
03.08.2023