Սկիզբը՝ այստեղ:
- Խավարը նաեւ իմ մեղքն է
Վահեի հետ երեկոյան գնում ենք Փասադենա՝ Ռամկավար կուսակցականների հավաքին:
Ճանապարհին նկատեցի, որ որոշ տեղերում ասֆալտին կարկատաններ կային: Իսկ մեզ Երեւանում թվում էր, թե միայն մենք կարող ենք ճգնաժամում հայտնվել ու լիարժեք որակի ու հաստության ասֆալտե ճանապարհ կառուցելու փոխարեն գերադասում ենք անորակ ու պահանջվածից շատ բարակ կառուցել, որ ամեն տարի ստիպված ենք լինում վերակառուցել, կարկատաններով ծածկել առաջացած փոսերը:
Ռամկավար կուսակցության մուտքը փակ էր: Բեյրութցի Գուրգեն Փարթամյանը հայտնեց, որ հավաքը ոչ թե Ռամկավարների, այլեւ Հնչակյան կենտրոնում է լինելու, ու բացատրեց տեղը: Փաստորեն մենք առաջիններից էինք տեղ հասել, քանի որ մեկ ժամ շուտ էինք եկել: Մի քանի հոգի հեռուստահաղորդումներից արդեն ճանաչում էին ինձ, սակայն նրանցից եւ ոչ ոք ցուցահանդեսը տեսնելու չէր եկել:
Կարդացեք նաև
Վահեն վեճի բռնվեց մի մարդու հետ, ձգտելով համոզել, որ Ազգերի Լիգայի տված փաստաթղթով մենք կարող ենք միջազգային դատարանում հայց ներկայացնել եւ Թուրքիայից մեր հողերը պահանջել, իսկ ԱՄՆ-ից պահանջել, որ հանդես բերի նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քարտեզը, ստիպի թուրքերին ընդունելու այն: Իսկ ընդդիմախոսն ասում էր, որ ասենք թուրքերն ընդունեցին այդ վճիռը եւ հողերը հատկացրին Հայաստանին, իսկ այնտեղ քրդեր եւ թուրքեր են ապրում, ի՞նչ պետք է անես: Ովքե՞ր պետք է ապրեն վերստացած հողերում: Հայերը չեն գնա:
-Թող այդ քրդերը, թուրքերը ապրեն, ո՞վ է նրանց խանգարում: ԱՄՆ-ում տասնյակ ազգեր են ապրում, դա ի՞նչ է խանգարում:
-Երբ ընտրություն լինի, նրանք, որպես մեծամասնություն, իրենց խոսքը կասեն, ու վերջ:
-Բայց քրդերի համար պետություն ստեղծելու համար տարածք է հատկացված, նրանք կգնան իրենց երկիրը:
-Ոչ, նրանք հիմա ասում են, որ Կարսը, Վանը, Էրզրումը, Սարիղամիշը, Բիթլիսը իրենց հայրենիքն է, իսկ հայերը քրդերի երկրում ապրող փոքրաթիվ համայնք են: Ի վերջո, խնդիրը ուժն է լուծում: Մեր 10 միլիոնը թուրքերի 100 միլիոնի ու քրդերի 20 միլիոնի դեմ ի՞նչ կարող է անել:
-Դրա համար էլ ասում եմ, որ փաստաթղթերով պետք է պայքարենք, -պնդեց Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության անդամ, պաշտոնաթող սպա Վահե Մեսրոպյանը:
«Հայաստանի ներքին եւ արտաքին կացությունը» թեմայով ելույթ ունեցավ բժիշկ Համբիկ Ստամբոլյանը: Նրա խոսքերից աստիճանաբար պարզվեց, որ նիկոլական է, քանի որ ամեն կերպ ջանում էր համոզել հավաքվածներին՝ մոտ հիսուն հոգու, որոնք հիմնականում տարեց մարդիկ էին, որ Նիկոլը շատ ճիշտ արտաքին քաղաքականություն է վարում: Ու դահլիճը ծափահարում էր:
Վահեն հարց ուղղեց, թե ինչո՞ւ չի կարեւորում Թուրքիայի նկատմամբ միջազգային ատյաններում հողերի պահանջով հայց ներկայացնելը, ինչո՞ւ չի խոսում Ազգերի Լիգայի որոշումը Հայկական հարցի խնդրով, չէ՞ որ թուրքերը վախեցած են այս հարցում: Համբիկը պատասխանեց, որ այսօրվա պայմաններում ուժեղ եւ հզոր Թուրքիայի դեմ նման հարցով հանդես գալը կործանարար կլինի փոքրիկ Հայաստանի համար: Հնչակյանները, որոնք կլանված լսում էին, բուռն ծափահարեցին: Համբիկը խուսափում էր այսօրվա գլխավոր հարցի՝ ողջ Արցախը թուրքերին հանձնելու մասին խոսել, միայն հուշելով արցախցիների նկատմամբ էթնիկ զտման ենթարկելու վտանգի մասին:
Մի երիտասարդ հարց ուղղելիս նախ հայտարարեց, թե Արցախի բնակչության 80%-ը գող ու թալանչիներ են: Եթե ի պատասխան ելույթ ունենամ, ապա կարո՞ղ եմ պաշտպանել երկրորդ եւ երրորդ նախագահների վարքագիծը, նրանց կողմից սեփական շահը հանրային շահից վեր դասելու գործունեությունը: Իսկ նրանց հրավերով ՀՀ տեղափոխված ու բարձր պաշտոններում հաստատված արցախցիները, որոնք թալանում էին երկիրը, այն հասցրին աղքատության եզրին:
Դպրոցականների համար տոն օր է ԱՄՆ-ում: Առաջարկվել է հաստատեն Ստամբուլյան կոնվենցիան, ըստ որի դպրոցականները, սկսած առաջին դասարանից, իրավունք կունենան ընտրելու, թե որ սեռին են ուզում պատկանել: Ըստ օրենսդիրների, նրանք պետք է լիակատար ազատություն ստանան, որով էլ կորոշեն երկրում մարդու ազատության չափը:
Գլենդելի վրա երկու ուղղաթիռ կախված հետեւում էին դպրոցի տարածքում տեղի ունեցող մարդկանց խմբերի բախումներին: Հայ երեխաների ծնողները հարձակվել են մանկավարժական խորհրդի նիստին մասնակցած հոմոսեռական ներկայացուցիչների վրա: Ոստիկանները մեծ դժվարությամբ էին զսպում երկու կողմերին: Հայ երեխաներին զայրացրել էր 10 տարեկան երեխաներին իրենց ընտրությամբ սեռը փոխելու մասին որոշումը: Իսկ երեկոյան «Թվիթերում» տեղադրվել էր այս թեմայով մեկ այլ իրադարձություն. Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության շերիֆը, գլխավերեւում բռնած ԱՄՆ-ի եւ հոմոսեքսուալիստների դրոշները, հանդիսավոր քայլքով դրանք կապեց սյան թելին ու ողջ ոտիկանական գնդի ծափերի տակ բարձրացրեց վեր:
Կարծում եմ, որ բնության կամ Աստծո կողմից ըստ սեռի բաժանումը կնոջ եւ տղամարդու հազարամյակներով հաստատված մարդկանց բազմացման ձեւն է, ու արհեստական որոշումով այլ, ոչ բեղմնավորման ձեւեր առաջարկելով արգելակել մարդկանց բազմացմանը՝ բնության օրենքի խախտում է, որը կարող է անսպասելի հետեւանքներ ունենալ:
Իսկ ի՞նչ է լինելու կենդանական աշխարհի հետ: Ամերիկացիք տանը շուն են պահում: Նրանց է՞լ պիտի պարտադրեն այլ ձեւի հարաբերություններ ունենալ: Ինչպե՞ս պետք է պարտադրեն էշերին, կովերին ու ցուլերին, ձիերին մարդկանց ընդօրինակեն: Իսկ վայրի գազանները եւս պետք է խառնեն սեռերը: Լավ, ասենք կրկեսի կամ գազանանոցների առյուծներին մի կերպ վարժեցրիր նման վարքագծին, իսկ նրանց վայրի ցեղակիցների հետ ինչպե՞ս եք վարվելու: Գայլերը, որոնք ատում են կրկեսն ու մարդկաց, ի՞նչ են անելու: Մարդու կամքին չենթարկվելու պատճառով պիտի ոչնչացնեք նրանց: Իսկ միջատների հետ ի՞նչ պետք է անեն… Այս մտորումների մեջ էի, երբ «Թվիթերից» տեղեկացա, որ դպրոցում, որտեղ տեղի էր ունենում «Հպարտության» (գեյերի) նիստը, հայ ծնողները բողոքի ցույց են արել, որը վերածվել է ծեծկռտուքի: Սոցցանցի մեկնաբանները հիմնականում պաշտպանում էին երեխաներին, իրենց սեռը, սկսած 10 տարեկանից, ինքնուրույն որոշելու իրավունքը:
Դուրս եկա շրջելու քաղաքում, հույս ունենալով որեւէ դպրոցի հանդիպել ու տեսնել, թե ինչպես են տոնում իրենց պատմական այս վերափոխությունը: Հասա Բրենդ փողոցի բարձրահարկ շենքերի թաղամասը: Միահարկ Գլենդելի ծաղիկներով շրջապատված տնակներից հետո այս շինությունները տարօրինակ ու անսովոր են թվում: Բայց այստեղ մի քանի կադրեր որսացի՝ մատուցելու իմ ընթերցողներին:
Ֆեյսբուքյան իմ էջում տեղադրված «Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին» «Առավոտ» թերթի հոդվածաշարի տակ ոմն Սուսան Վաղարշակյան մեկնաբանություն է տեղադրել: Ահա այն. «Ցավալի է, բայց փաստ, որ այն անձինք, որոնց համար Արցախը հայրենի եզերք է, չգիտես ինչու, Արցախում ապրելու փոխարեն, սիրում են հեռվից գովերգել Արցախը։ Հարց՝ ինչո՞ւ չեք ապրում ձեր հայրենի եզերքում, չէ՞ որ միայն ապրելով կարելի է հողը պահել… Ինչ հեշտ է ամեն ինչում մեղադրել Փաշինյանին, իսկ ինչո՞ւ ինքներդ ձեզ չեք մեղադրում Արցախը լքելու համար։ Ձեր հայրենի եզերքը պահելու համար պայքարել է պետք, իսկ պայքարելու համար հողը դատարկ չեն թողնում»: Ինչ խոսք, որ նրա հանդիմանության առիթը այսօրվա իշխանությանը մեղադրական, մանավանդ մեր հայրենի եզերքը առանց վարանման թշնամուն նվիրելու վերաբերյալ իմ ելույթներն են: Այնուամենայնիվ, տեղադրեցի հետեւյալ պատասխանը. «Ինչ հեշտ է մի բան չիմանալ ու գրել, մեղադրել… Ես ընդամենը երկու ամսով եմ մեկնել ԱՄՆ, նպատակ ունենալով ինձ հետ տարած նյութերով ցուցահանդեսներ կազմակերպել… Արդեն այն ցուցադրել եմ Լոս Անջելեսում, 48 գրքերի հեղինակ եմ, մեծ մասը Արցախի մասին է, իմ բոլոր ֆիլմերը Արցախի մասին են… Միայն ինձ չեմ ներում, որ ձեզ խավարում եմ թողել…»:
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.08.2023