Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաքննության մարմինն ամեն ինչ արել է, որ Սուրեն Թորոսյանն ապօրինի կերպով ազատվի քրեական պատասխանատվությունից. փաստաբան

Օգոստոս 03,2023 23:42

Արագածոտնի մարզում ջրօգտագործողների ընկերության վերահսկողության պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի կողմից համագյուղացուն ծեծի ենթարկելու գործով դատական նիստն այսօր տեղի չի ունեցել, մեղադրյալի պաշտպանի՝ դատարան չներկայանալու պատճառով:

Տուժող Արմեն Սահակյանի ներկայացուցիչ Արսեն Բաբայանի (լուսանկարում) համոզմամբ՝ այնպիսի մեղմ մեղադրանք է առաջադրված Թորոսյանին, որ դատարանն ամենաշատը կնշանակի տուգանք, իսկ քննությունն էլ այնքան վատ է իրականացվել, որ ցանկացած պաշտպան հեշտությամբ կարող է հասնել արդարացման: «Այսինքն՝ նախաքննության մարմինն ամեն ինչ արել է, որ Սուրեն Թորոսյանն ապօրինի կերպով ազատվի քրեական պատասխանատվությունից իր արարքի համար»,- Aravot.am-ին ասաց Արսեն Բաբայանը:

Նրա խոսքով՝ նախաքննությունն իրականացվել է ամբողջությամբ ապօրինի, չի իրականացվել օբյեկտիվ, ամբողջական, բազմակողմանի եւ լրիվ. «Ակնհայտորեն մեղսագրվել է խիստ մեղմ պատիժ ենթադրող արարք, մասնավորապես՝  թեթեւ մարմնական վնասվածք պատճառելը, մինչդեռ քրեական վարույթի նյութերից, ստացված տվյալներից ենթադրվում է, որ միանգամայն այլ արարք է տեղի ունեցել կամ այլ արարք է մտադրված եղել կատարել հանցավորը, քան այն, ինչ գրել են: Օրինակ՝ ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ Սուրեն Թորոսյանը կանգնեցնում է մեքենան, տուժողին ասում է՝ նստիր մեքենան, նա հրաժարվում է, որից հետո իջնում է մեքենայից, գազը փչում երեսին, երբ տուժողը կռանում է, աչքերը տրորում, այդ ընթացքում փայտով հարվածներ է հասցնում այնքան, որ վերջին հարվածից փայտը կոտրվում է գլխին: Դրանից հետո, նորից նախաքննության տվյալներով, վերցնոմ է քարը, որ հարված հասցնի հենց գլխին, սակայն այդ ընթացքում վրա հասած համագյուղացիներից մեկը քարը ձեռքից խլում է, ինչից հետո Թորոսյանը նստում է մեքենան ու հեռանում»:

Ըստ Բաբայանի՝ քննությամբ կան տվյալներ, որ նախկինում էլ է նրանց միջեւ վեճ եղել, որը կարող էր այս վեճի պատճառ հանդիսանալ, սակայն չի ստուգվել նախաքննության կողմից. «Այսինքն՝ պարզված չէ վեճի շարժառիթը:  Գազի հետ կապված որեւէ գործողություն չի իրականացվել, նախաքննության մարմինը գազի դրվագը հաստատված չի համարել եւ չի ներառել մեղադրանքում: Մինչդեռ պարտավոր էր առնվազն նշանակել համապատասխան փորձաքննություն, պարզելու համար արդյո՞ք կիրառվել է գազ, դրա համար, օրինակ, մաշկից վերցնել համապատասխան նմուշ, շորերից  վերցնել նմուշ, դատաքիմիական փորձաքննությամբ պարզել, եղե՞լ է, թե՞ չի եղել: Բայց ամենակարեւորը, առաջին երկու օրերի ընթացքում քննությունը շատ պատշաճ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար նախաքննական մարմինը հանձնարարական է ուղարկել ոստիկանությանը՝ առաջադրելով բազմաթիվ հարցեր: Օրինակ՝ ո՞րն է եղել Արմեն Սահակյանի եւ Սուրեն Թորոսյանի վիճաբանության պատճառը, այս հարցումից ստացվում է, որ նախաքննության մարմինը չգիտի բուն պատճառը, իսկ եթե դու չգիտես պատճառը, չես կարող իմանալ շարժառիթը, իսկ եթե չգիտես շարժառիթը, բնականաբար, հանցագործության մասին կարող ես մտածել, որ չի էլ եղել: Հաջորդ հարցը՝ ովքե՞ր են մասնակից եղել վիճաբանությանն ու ինչ գործողություններ են կատարել: Տեսախցիկներ կա՞ն, թե չկան: Այդ հարցերը ուղարկել է ոստիկանությանը, բայց չի սպասել դրանց պատասխաններին, անմիջապես նախաքննության ավարտ է հայտարարել ու գործն ուղարկել դատարան: Այսպիսի բազմաթիվ դրվագներ կան, որոնք դատարանում կբարձրաձայնենք»:

Սուրեն Թորոսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031