Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժեղացնել միջազգային ճնշումը՝ մեր հումանիտար նպատակին հասնելու համար»․ Դավիթ Կնյազյան

Օգոստոս 03,2023 23:23

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն օգոստոսի 3-ին են եղել են  Լաչինի միջանցքի սկզբնամասում՝՝ Կոռնիձորի սահմանային հատվածում, որտեղ արդեն 9-րդ օրն է՝  կանգնած են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տանող բեռնատարները։

Հայաստանի արտաքին գործերի նախարության  բազմակողմ քաղաքականության եւ զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը լրագրողների հետ ճեպազրույցում  նշեց, որ կարեւոր է  միջազգային հանրության ներկայացուցիչներն  իրենց սեփական աչքերով հավաստիանան, որ միջանցքը լիովին փակ է ցանկացած տեսակի հումանիտար շարժման համար եւ  զեկուցեն իրենց մայրաքաղաքներ եւ միջազգային կազմակերպությունների կենտրոնակայաններ:

«Այսպես պիտի ի ցույց դնենք, որ Ադրբեջանի հայտարարություններն այն մասին,  որ միջանցքը բաց է՝ չեն համապատասխանում իրականությանը, եւ Ադրբեջանը չի կատարում իրավական ուժ ունեցող պարտավորությունները, որոնք սահմանված են միջազգային հումանիտար իրավունքով եւ Արդարադատության միջազգային դատարանի հայտնի որոշումներով»,-ասաց նա։

Ըստ Դավիթ Կնյազյանի՝ մեծ ակնկալիքներ ունեն, որ միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա հնարավորություն կտա վերաբացել միջանցքը՝  թույլ տալու հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ:

«Այդ առումով մենք ունենք դրական զարգացում. բազմաթիվ հայտարարություններ են արդեն հնչել Եվրամիության, Եվրախորհրդի, արդեն նաեւ ՄԱԿ-ի եւ գործընկեր երկրների կողմից: Հարցը լայնորեն լուսաբանվում է նաեւ միջազգային ԶԼՄ-ների կողմից: Մենք շարունակում  ենք  աշխատանքները՝ ուժեղացնելու միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա, հասնելու համար մեր նպատակին, որը բացառապես հումանիտար է»,- նշեց նա:

Դավիթ Կնյազյանը համոզված է, որ միջազգային գործընկերները, հասնելով Կոռնիձոր, համոզվեցին, որ  որեւէ խոսք չկա սադրանքի մասին, ինչպես որ ադրբեջանական կողմն ի սկզբանե նշում էր, թե հայկական կողմն իբր սադրանք է պատրաստում, եւ սա ընդամենը նպատակ է հետապնդում քաղաքականացնել իրավիճակը: Պաշտոնյան հավաստիացրեց, որ մինչեւ բեռները Կոռնիձոր հասնելը՝ հայկական կողմը պատշաճ կերպով տեղեկացրել է իր խնդրանքի մասին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին և իրենց միջոցով նաեւ ադրբեջանական կողմն էր տեղյակ։

Ի դեպ, օգոստոսի 3-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկում «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը եւ սովի բացառումը»  թեմայով, որի ժամանակ Հայաստանը ներկայացրեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031