Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյան. «Գագիկ  Ծառուկյանը հայտ ներկայացրեց, որ մեզ մոտ անցկացվի  սամբոյի բարձրակարգ միջազգային մրցաշար՝ ամենաուժեղ մարզիկների ներգրավվածությամբ, ամենամեծ մրցանակային հիմնադրամով»

Օգոստոս 03,2023 18:43

Վաղը «Միկա» մարզահամալիրում մեկնարկող «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսում ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրեց, որ անցած տարի Երեւանում կայացած աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ FIAS-ի նախագահ Վասիլի Շեստակովի միջեւ հանդիպման ժամանակ առաջացել է Հայաստանում սամբոյի խոշորագույն մրցաշար կազմակերպելու միտքը:

«Երբ սամբոն դարձավ օլիմպիական մարզաձեւ, ՀԱՕԿ-ը բոլոր հնարավորություններն ու իրավունքներն ուներ՝ կազմակերպելու այս մրցաշարը: Եվ պարոն Ծառուկյանը հայտ ներկայացրեց, որ ինչպես միշտ, այն մեզ մոտ  պետք է անցկացնել բարձր մակարդակով, ամենամեծ մրցանակային հիմնադրամով եւ ամենաուժեղ մարզիկների ներգրավվածությամբ: Արդեն մեկ տարի այս մրցաշարը տեղադրված է միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում, մեկ տարի մենք մշտապես այս ուղղությամբ աշխատում ենք FIAS-ի հետ, իսկ վերջին երեք ամիսը՝ աշխատում ենք ինտենսիվ:

Մի քանի խոսք մեր ֆեդերացիայի մասին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել սկզբունքային եւ ճշտապահ աշխատելու համար: Սա ոչ միայն Միքայել Հայրապետյանի գործոնն է: Բոլորս անպայման պետք է հիշենք երջանկահիշատակ Լեւոն Հայրապետյանին, որն իրականում հսկայական ավանդ ունի այս մարզաձեւը Հայաստանում զարգացնելու եւ միջազգային հարթակում հեղինակություն պարգեւելու գործում: Եվ մենք տեսնում ենք, որ ՀԱՕԿ-ն ու Միջազգային ֆեդերացիան իրոք բարձր են գնահատում նրա ավանդը:

Մենք հույս ունենք, որ սամբոն Հայաստանում հենակետային մարզաձեւ լինելով՝ հենակետային մարզաձեւ կդառնա նաեւ օլիմպիական մարզաձեւերի ընտանիքում: Անձամբ ես կարծում եմ, որ սամբոն օլիմպիական խաղերում նորամուտը կնշի 2032 թվականի Խաղերում»,-ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Այնուհետեւ բանախոսները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Aravot.am-ը, նշելով, որ սամբոն Խորհրդային Միությունում ստեղծված մարզաձեւ է, ու ավելի շատ տարածված է խորհրդային նախկին հանրապետություններում եւ արեւելաեվրոպական երկրներում, իսկ հիմա աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, որի արդյունքում Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկները պատժամիջոցների են ենթարկվում, հետաքրքրվեց, թե սամբոյի միջազգային ֆեդերացիան ՄՕԿ-ի հետ կարողանո՞ւմ է համագործակցել եւ ի՞նչ ապագա է տեսնում օլիմպիական ընտանիքում, FIAS-ի տնօրեն Ալեքսանդր Կորսիկը պատասխանեց. «Այո, սամբոն Խորհրդային Միությունում ծնված մարզաձեւ է եւ այս տարի նշում է իր 80-ամյա հոբելյանը: Սամբոյի միջազգային ֆեդերացիան միջազգային կազմակերպություն է, որի մեջ ներկայումս կա 97 անդամ երկիր: Իսկ մեր մարզաձեւը գործում է ավելի քան 130 երկրում: Վաղը միայն այստեղ հանդես կգան բոլոր մայրցամաքների 22 երկրների սամբիստներ, իսկ աշխարհի առաջնությունում, հույս ունենք, մասնակցությունն ավելացնել:

FIAS-ը մշտական ճանաչման է արժանացել ՄՕԿ-ի կողմից, եւ որպես ճանաչված ֆեդերացիա՝ մենք սերտ համագործակցում ենք այդ կազմակերպության հետ ու աշխատում համապատասխանել նրա պահանջներին: 2022 թվականի մարտին FIAS-ի  կայացրած որաշման համաձայն՝ իր հովանու ներքո մրցումներում Ռուսաստանն ու Բելառուսը հանդես են գալիս չեզոք կարգավիճակում, ինչպես այլ մարզաձեւերի ֆեդերացիաներում: Մենք շարունակում ենք ՄՕԿ-ի հետ սերտ համագործակցել եւ, առաջ շարժվելով, ցանկանում ենք հասնել մեր երազանքին՝ երբեւէ տեղ ստանալ օլիմպիական խաղերում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031