Ադրբեջանի ԱԳՆ-ն սադրիչ է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Լաչինի միջանցքը փակ լինելու վերաբերյալ:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի փորձերը օգոստոսի 3-ի կառավարության նիստում հերթական անգամ մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը «Լաչին» սահմանային անցակետի աշխատանքների, տարածքային ամբողջականության և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում խոսում են հայկական կողմից իրավիճակը սրելու մտադրության մասին, փոխանակ իրենց դրական ներդրումն ունենալու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում»,- ասվում է հայտարարության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ից նշել են, որ Լաչինի միջանցքի փակ լինելու վերաբերյալ պնդումները «որևէ հիմք չունեն», և որ Բաքուն բազմիցս հայտարարել է իր տարածքում առանց իր թույլտվության բեռների տեղափոխման անթույլատրելիության մասին: Ըստ այդ գերատեսչության՝ անցակետը կարևոր նշանակություն ունի Լաչինի միջանցքով ելումուտը վերահսկելու տեսանկյունից, որը «Հայաստանը վերջին մոտ երեք տարիներին շարունակում է շահագործել Ադրբեջանի տարածքում անօրինական գործողությունների համար»:
«Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում, սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ոչ թե խոսքով, այլ գործով, ապա պետք է զերծ մնա նման սադրիչ քայլերից և պաշտպանի Աղդամ-Խանքենդի [Աղդամ-Ստեփանակերտ] և այլ այլընտրանքային ճանապարհների օգտագործումը ծագումով հայ բնակիչների կարիքների բավարարելու համար: Հայկական կողմը նաև չպետք է խոչընդոտի ծագումով հայ բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի փորձերին»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ