Գյումրիում երեկ ավարտվել է «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքի փուլը։ Մեկ ամսվա ընթացքում միջադեպեր չեն գրանցվել, սակայն եղել են որոշակի արտառոց պատմություններ։
«Ազգային արժեք» ակումբի ղեկավար Վարդան Սրտաշյանը, որը հուշագիր էր ստորագրել «Համախմբում» շարժում նախաձեռնող խմբի հետ՝ ըստ էության, դառնալով «Հայաքվեի» Շիրակի մարզի պատասխանատուն, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ դպրոցի մի խումբ մանկավարժներ եկել են Գյումրու քաղաքապետարանի շենք ու միացել նախաձեռնությանը։
Հիշեցնենք, որ ըստ նախաձեռնության, քրեական պատիժ է նախատեսվում այն անձանց համար, որոնք Արցախը ՀՀ անունից այլ պետության կազմում կճանաչեն, ինչպես նաև կհրաժարվեն Հայաստանի Հանրապետության անունից Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից։
Մանկավարժները ինքնակամ, ոգևորված եկել ու միացել են ստորագրահավաքին, սակայն կարճ ժամանակ անց հետ են վերցրել իրենց ստորագրությունները։
Կարդացեք նաև
Ավելին, նրանք, ըստ Վարդան Սրտաշյանի, նկարահանել են իրենց ստորագրությունը հետ վերցնելու պրոցեսը, ինչը ենթադրելու առիթ է տվել կազմակերպիչներին, որ այս ամենը կատարվում է նրանց աշխատանքից ազատելու սպառնալիքի ներքո։
«Ենթադրում եմ, որ ճնշում է եղել մանկավարժների վրա՝ հավանաբար աշխատանքից հեռացնելու, մարդկանց ահաբեկելու։ Ի դեպ, նկարել տվեցին այդ պրոցեսը։ Իրենց անվան դիմաց դրած ստորագրությունը հեռացնել տալով՝ երևի ոմանց համար հաստատեցին, որ եկել, փոշմանել ու ջնջել են իրենց ստորագրությունները։
Նրանք պատճառաբանում էին, թե լավ չեն իրազեկվել՝ ինչի համար են եկել, ստորագրել ու հավաստագիրը ստանալուց հետո են հասկացել, որ սխալ են արել։ Բայց վստահորեն կարող եմ ասել՝ մեր խումբը հանգամանալից ներկայացրել է ամեն բան։ Եվ դա պատրվակ էր ստորագրությունը հետ վերցնելու։
Եղել են պրովոկացիոն դեպքեր, ովքեր մտել են, փորձել են իրավիճակը սրել, բայց մեր խումբը չի տրվել սադրանքներին։
Խնդիր կարող էր լինել նաև Մարալիկում տեղի իշխանությունների հետ, որոնք առաջին օրը մի փոքր օրենքին անհամապատասխան էին իրենց պահում, բայց մարդկային բանակցությունների արդյունքում նրանք ևս չուզեցին գնալ այդ ուղղությամբ։
Հարցը բանավոր կերպով լուծվեց և այնտեղ սրացման չգնացին։
Ընդհանուր առմամբ Շիրակի մարզում այսքանն է գրանցվել, գիտեք այլ մարզերում ընդհուպ հարձակումներ եղան։ Շիրակի մարզում վատ չընթացավ»,-ասաց Վարդան Սրտաշյանը։
Նա նաև նշեց՝ եղել են պետական ծառայողներ, որոնք անտեսելով ամեն ճնշում՝ եկել ու միացել են ստորագրահավաքին։
«Եղել են պետական պաշտոնյաներ, որոնք խղճի թելադրանքով, բացեիբաց եկել ու ստորագրել են։ Եղել են հարգանքի արժանի այդպիսի շատ դեպքեր։ Ես չէի ուզի ուշադրություն սևեռել այդ մարդկանց վրա՝ անիմաստ նրանց չվնասելու համար, բայց ուզում եմ ասել, որ այդ նույն իշխանությունների մեջ մարդիկ հասկանում են, որ այս իրավիճակն աղետալի է և պետք էի ինչ-որ բան անել։ Սեփական գործը, կարիերան վտանգելու գնով նրանք ևս եկել, ստորագրել են»,- ասաց մեր զրուցակիցը։
Վարդան Սրտաշյանն ասաց, որ Շիրակի մարզի բոլոր խոշոր համայնքներում ստորագրահավաք է ընթացել՝ Գյումրիում, Ախուրյանում, Ազատանում, Մարալիկում, Աշոցքում, մի շարք գյուղերում՝ Ղարիբջանյանում, Հոռոմում, Տուֆաշենում։
«Ի զարմանս մեզ՝ Արթիկում էր շատ բարձր ակտիվությունը, տոկոսային հարաբերությամբ առաջատար էր Շիրակի մարզում։ Այն համայնքներն էլ, որտեղ ստորագրահավաք չենք կարողացել իրականացնել, մոտեցել են հարևան համայնքներից, ստորագրել են։ Շատ գյուղերում մենք իրազեկել ենք մարդկանց ստորագրահավաքի կազմակերպման մասին, և նրանք եկել, ստորագրել են»։
Վարդան Սրտաշյանի տեղեկացմամբ, Շիրակում մոտ 3500 ստորագրություն է հավաքվել, ինչը բավական լավ ցուցանիշ է՝ մյուս մարզերի հետ համեմատ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ