Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանի գավաթ» միջազգային մրցաշարով Երեւանում տրվում է սամբո մարզաձեւի օլիմպիական մեկնարկը

Օգոստոս 03,2023 17:33

Օգոստոսի 4-ին «Միկա» մարզահամալիրում առաջին անգամ անցկացվելու է սամբոյի «Գագիկ Ծառուկյանի գավաթ» միջազգային մրցաշարը:

Այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ասաց. «Այսօր իրավամբ Հայաստանում մեծ իրադարձություն է: Սամբոն որպես օլիմպիական մարզաձեւ ՄՕԿ-ն ընդունել է 2018 թվականի նոյեմբերին: Այս ընթացքում Հայաստանը հյուրընկալել է սամբոյի երիտասարդների, պատանիների, դեռահասների եւ մարտական աշխարհի անդրանիկ առաջնությունը: Այն Հայաստանում անցավ շատ բարձր մակարդակով, ինչից հյուրերը մեծապես տպավորված էին:

Հաշվի առնելով, որ սամբոն մեր երկրում հենակետային մարզաձեւ է, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սամբո մարզաձեւը Հայաստանում էլ ավելի զարգացնելու պատրաստակամություն հայտնեց, ինչի արդյունքում այսօր մենք արձանագրում ենք, որ աշխարհում առաջին անգամ Ազգային օլիմպիական կոմիտեի բարձր հովանու ներքո Երեւանում, կարելի է ասել, տրվում է սամբո մարզաձեւի օլիմպիական մեկնարկը, թեեւ օլիմպիական խաղերի իրական մասնակից սամբոն կարող է լինել 2028 թվականին: Բայց պիտի նկատի ունենալ մի շատ կարեւոր հանգամանք: Այս մրցաշարը վարկանիշային շատ բարձր կարգ ունեցող միջոցառում է, որին մասնակցելու համար աշխարհի 22 երկրներից հրավիրվել են աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ եւ մեդալակիրներ: Այնպես որ, յուրաքանչյուր քաշային կարգում կայանալիք ամեն մի գոտեմարտ հավասարազոր է լինելու Աշխարհի ու Եվրոպայի վճռորոշ գոտեմարտերին:

Աշխարհի ուշադրությունն այսօր Հայաստանում է եւ նման հնարավորություն ընձեռելու համար ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել պարոն Գագիկ Ծառուկյանին, սամբոյի միջազգային ֆեդերացիային»:

Ֆեդերացիայի նախագահը նաեւ տեղեկացրեց, որ այս օրերին Երեւանում անցկացվում է մարզաձեւի մրցավարական եւ մարզչական սեմինար: «Դրանք, սովորաբար, անցկացվում են աշխարհի եւ մայրցամաքային առաջնությունների ժամանակ: Բայց որպես բարձր որակի մրցումների խորհրդանիշ FIAS-ը որոշեց անցկացնել նաեւ այս օրերին՝ Հայաստանում»,- հավելեց Միքայել Հայրապետյանը:

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի տնօրեն Ալեքսանդր Կորսիկը ընդգծեց, որ սամբոն Հայաստանում զարգանում է արագ տեմպերով, ինչը մարզաձեւի ազգային ֆեդերացիայի աշխատանքի, արդյունք է եւ որ դա հնարավոր է դարձել Հայաստանի մարզական ղեկավարության, մասնավորապես, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Հրաչյա Ռոստոմյանի աջակցության: «Հայաստանում կազմակերպվող հերթական մրցաշարը մեծ իրադարձություն է սամբոյի աշխարհում: Երեւանում հավաքվել են աշխարհի բոլոր ուժեղագույն սամբիստները, որոնց համար սահմանված է մրցանակային լուրջ հիմնադրամ: Եվ մենք հույս ունենք, որ առաջին անգամ անցկացվող այս մրցաշարը կդառնա ամենամյա»,-ասաց Ալեքսանդր Կորսիկը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031