Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս երկու ոլորտներում ես չեմ կարող ասել, որ մենք շատ մեծ փոփոխություններ ենք բերել: Եթե հապաղենք, շատ մեծ պրոբլեմներ կունենանք». Փաշինյան

Օգոստոս 03,2023 17:21

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը:

Նիստի սկզբում Կառավարության ղեկավարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Կոռնիձորում գտնվող հումանիտար օգնության ԼՂ տեղափոխելու արգելափակմանը, ինչպես նաև խաղաղ գործընթացը վիժեցնելու Ադրբեջանի գործողություններին:

Կառավարությունը հավանություն է տվել «ՋիԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին:

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «ՋիԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության ապահովմամբ՝ տվյալների մշակման կենտրոնի շահագործման համար փոխլրացնող երկու ենթակայանների և համապատասխան մալուխային գծերի կառուցման և ճանապարհային հասանելիություն ապահովելու համար տրանսպորտային ճանապարհի կառուցման և վերակառուցման մասով: Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա նպաստել ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի արդյունավետ իրականացմանը։

Վարչապետի ճշգրտող հարցին, թե պետության սեփականություն հանդիսացող ենթակայաններն ո՞վ է սպասարկում և ի՞նչ պայմաններով, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պատասխանել է. «Այս կոնկրետ հարցի առնչությամբ մենք քննարկել ենք մեզ մոտ եղած իրավակարգավորումները և դրանց էությունը հետևյալն է, երբ որևէ կազմակերպություն կարող է իր արտադրական առանձնահատկություններով պայմանավորված կարիք ունի բարձր լարման էլեկտրահաղորդման ցանցից հասանելիություն ունենալ, ապա դիմում է ՀԷՑ-ին: Եթե ՀԷՑ-ը մոտակայքում ունի նման հզորություն, որոշ դեպքեր կան, երբ կան նման ենթակայաններ, այդ դեպքում ՀԷՑ-ն առաջարկում է և՛ ծառայություն, և՛ հատուկ դրա համար նախատեսված սակագին: Քանի որ ՀԷՑ-ն այս դեպքում չունի ենթակայան և առաջիկա տարիների կապիտալ ներդրումների ծրագիրը նախապես համաձայնեցրել է կառավարության հետ, ունի զարգացման իր պլանը և չի նախատեսել այդ վայրում նման լրացուցիչ ներդրում, մենք առաջ ենք ընկնում: Այսինքն՝ հաշվի առնելով ներդրումների առաջնահերթությունը, պետական միջոցներով ձևավորում ենք պետական սեփականությամբ ենթակառուցվածք և դրա կառավարումը փոխանցում ՀԷՑ-ին: Այդ կառավարումը փոխանցելու հետ մեկտեղ կհստակեցվեն նաև հետագա սպասարկման կանոնները: Այսինքն՝ ՀԷՑ-ն ինչպես իր ենթակայաններն է սպասարկում, այնպես էլ կսպասարկի այս ենթակայանը և կապահովի համապատասխան ծառայություն: Դրա դիմաց առաջարկված վճարաչափն արդեն կհատուցի նաև այդ սպասարկման, ծառայությունների համար նախատեսված ծախսերը»: Տիգրան Խաչատրյանը նաև հավելել է, որ քննարկումներ կլինեն համակարգային ավելի լայն հնարավորություններ ընձեռող ենթակառուցվածք ձևավորելու ուղղությամբ:

Կառավարության ղեկավարն իր հերթին նշել է, որ այս, ինչպես նաև «Ենթակառուցվածք՝ ներդրումների դիմաց» ծրագրի իրականացումը կմեծացնի նոր ներդրումների հավանականությանը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, ներդրողների համար ավելի նախապատվելի կլինի ներդրումներ կատարել մի վայրում, որտեղ կա ենթակայան, ճանապարհ, ջուր, կապ: «Այս տրամաբանությունը ոչ միայն այսօրվա ներդրողի համար է, այլև ինչ-որ առումով հրավեր է այլ ներդրողներին, որ գիտեք` այստեղ կլաստեր է ձևավորվում, եկեք դուք էլ մասնակցեք։ Ու կանխատեսելի է նաև, որ այդտեղ որոշակի աշխուժություն է լինելու»,- ասել է վարչապետը։ Նա նաև ընդգծել է, որ եթե չկան մոդուլային ենթակայաններ, ապա պետք է ինժեներների առաջ խնդիր դնել՝ ունենալ մոդուլային ենթակայաններ, որոնք իրենց հզորություններն ավելացնելու որոշակի հնարավորություն կունենան։

Այս թեմայի շրջանակում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է նաև չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված մեկ այլ նախագիծ, ըստ որի` կառավարությունը հավանություն է տվել «Եվրոպլաստ 999» ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին: Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ապահովելու անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցում՝ աջակցելու իրականացվող ներդրման 20 տոկոսի չափով նշված ենթակառուցվածքների՝ ընկերության կողմից արտադրության արդյունավետ կազմակերպման և ծավալների ու արտադրատեսակների ընդլայնման նպատակով ձեռքբերած 24,300 քառ․ մետր հողատարածքում նախնական մոտ 3,000 քառ․ մետր արտադրական տարածք կառուցելու ծրագրի իրականացման և համապատասխան ենթակառուցվածքների ապահովման միջոցով: Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա նպաստել ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրին։

Բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը քննարկվող հարցի շրջանակում նշել է. «Նման ենթակառուցվածքները շատ անհրաժեշտ են ոլորտի զարգացման համար։ Մենք ծրագրի իրականացման առաջին օրերից շատ սերտ աշխատել ենք «ՋիԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության հետ և վերջերս էլ մի քննարկում ունեցանք, որտեղ ներկայացվեց վերջնական ծրագիրը, թե ինչ է արվելու։ Ուզում եմ նշել, որ ստեղծվող ենթակառուցվածքի հնարավորությունները ներկայացվել է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդում և արդեն իսկ ունենք որոշակի պատկերացումներ, թե ինչպես կարելի է այդ ենթակառուցվածքի շնորհիվ լուծել առկա խնդիրները՝ նույնիսկ մեր պետական տվյալների կառավարման հետ կապված։ Արդիական տեխնոլոգիաներով է կառուցվում Տվյալների կենտրոնը և համապատասխանում է ժամանակակից բոլոր ստանդարտներին»։

Կապահովվի «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի պահանջների կիրարկումը, կկարգավորվի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացի իրականացումը

Կառավարությունը հաստատել է Ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգը, Ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման կարգը, Ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպման կարգը, ջրօգտագործման թույլտվության վերանայման կարգը, Ջրօգտագործման թույլտվության կասեցման կարգը, Ջրօգտագործման թույլտվության ուժը կորցրած ճանաչելու կարգը, Ջրօգտագործման թույլտվության դադարեցման կարգը, Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, Հորատանցքի անձնագրերի և հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը։

Նախագծի ընդունումը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-316-Ն Օրենքով և Վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահով ղ միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N1099-Ա որոշմամբ, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունմամբ կապահովվի 2022 թվականի հուլիսի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-319-6-Ն Օրենքի պահանջների կիրարկումը և կկարգավորվի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացի իրականացումը՝ օրենսգրքի պահանջներին համապատասխան:

Թեմայի շրջանակում վարչապետը խոսել է բոլոր մակարդակներում ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտության, գլոբալ բնույթ կրող ջրի ճգնաժամի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում ահռելի ծավալների հասնող ջրի խնդրի, ենթակառուցվածքների բացակայության կամ մաշվածության, մարզերում խմելու, ոռոգման ջրի, կոյուղու խնդիրների մասին: «Ես կարծում եմ, որ սա մեր հաջորդ ռազմավարական ծրագիրը պետք է լինի, եթե հերթով թվարկեմ՝ ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական համակարգերի վերաբերյալ, մենք այս ծրագրերը հոսքագծի վրա դնելուց հետո, պետք է շատ լուրջ վերաբերենք ջրի պրոբլեմին: Եկեք խոստովանենք՝ Հայաստանի Հանրապետությունում ջուրը չի կառավարվում, ջուրն ուղղակի հոսում է: Կան կազմակերպություններ, պաշտոնյաներ, ընթացակարգեր, օրենքներ, կառավարության որոշումներ, բայց ջուրը Հանրապետությունում չի կառավարվում, և սա մեր մեծագույն խնդիրն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստանում 15 ջրավազան կառուցելու հանձնառությանը, Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչ ընթացքում է այս հանձնառության կատարումը: Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը ներկայացրել է, որ 15 ընտրված ջրամբարների մասով աշխատանքային խումբն աշխատում է՝ սերտորեն համագործակցելով ՏԿԵՆ-ի և Ջրային կոմիտեի հետ։ Ըստ ներկայացված տվյալների, 15-ից 6-ի պարագայում արդեն կայացել են նախագծման մրցույթները, նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այդ 6-ից 3-ի դեպքում այս տարի նախագծերը պատրաստ կլինեն, իսկ մյուս 3-ի դեպքում՝ և 3 ամիս կպահանջվի: Այսինքն՝ տարվա վերջում, մյուս տարվա առաջին եռամսյակում 6-ի համար պատրաստ կլինեն նախագծերը: Դրանից հետո կլինեն մյուս փուլերը՝ մրցութային փաթեթների պատրաստում, շինարարության մրցույթի հայտարարում և հաջորդ քայլերը: Մյուս 9-ը, ըստ խորհրդականի, այն ջրամբարներն են, որոնց ցուցանիշները նախնական բավարար արժանահավատություն և խորություն չեն ունեցել, և ավելի խորն ուսումնասիրության կարիք ունեն։ Արտաշես Թումանյանը նաև տվյալներ է ներկայացրել ծավալների վերաբերյալ՝ ըստ մոտավոր գնահատականների, 6-ի դեպքում կհավաքվի մոտ 20 մլն խմ ջուր, իս կ 15-ը միասին՝ 100-110 մլն խմ ջուր:

Վարչապետը հավելել է, որ եթե ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ հիդրոռեսուրսները կլիմայի փոփոխության արդյունքում որոշակի փոփոխություններ են կրել և տեղորոշված վայրում ջրամբար ունենալը կարող է արդյունավետ չլինել, ապա պետք է այլ վայրում կառուցել ջրամբարները, քանի որ սա մի գործընթաց է, որը պետք է շարունակական լինի: Կառավարության ղեկավարն արձանագրել է` առավել կարևոր խնդիր է այն, որ Հայաստանում ջրամբարներ նախագծող միայն մեկ ընկերություն կա և հավելել, որ պետք է միջոցներ ձեռնարկել ու արտերկրյա ընկերություններ ներգրավել, քանի որ մեկ ընկերության պարագայում ջրամբարների կառուցման տեմպը կարող է չափազանց դանդաղ լինել: «Այս պահին ասում ենք 15 ջրամբար, իսկ մեր ռազմավարությունը պետք է լինի 150 ջրամբար, 250 ջրամբար, 350 ջրամբար: Սրանք զուտ թվեր չեն, որովհետև խոսքը փոքր ջրամբարների մասին է: Հանրապետությունում վստահաբար կան շատ տեղեր, որտեղ դա հնարավոր է անել, այլ բան, որ այդ տեղերը պետք է գտնել, տեղորոշել, հաշվարկել և իրականացնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև ձկնարտադրության և դրա համար վատնվող ջրի ծավալների բալանսների խնդրին, ինչպես նաև հանձնարարել Սննդի անվտանգության տեսչությանը՝ խիստ վերահսկողություն սահմանել պարզելու` արդյոք ձկնաբուծարաններում արտադրված արտադրանքը համապատասխանում է սննդի անվտանգության ստանդարտներին: Հաջորդ խնդիրը, որին անդրադարձել է վարչապետը, վերաբերել է նրան, թե արդյոք կառավարության ընդունած որոշումից հետո կրճատվե՞լ են 50 միկրոնից պակաս հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը:

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Կառավարության ղեկավարի կողմից բարձրացված խնդիրների կապակցությամբ ասել է. «Այս կարգավորումը հենց ջրօգտագործման թույլտվությունների կառավարման իմաստով շատ կարևոր է: Երկրորդը՝ 2024թ. հունվարի 1-ից Ջրային օրենսգրքով ուժի մեջ կմտնի ձկնաբուծարանների փակ շրջանառու համակարգը: Նաև ուզում եմ օգտվելով առիթից ասել, որ 2024թ. հունվարի 1-ից բոլոր ջրօգտագործողներն էլեկտրաչափական ջրաչափեր պետք է ունենան: Սա ևս կարևոր կարգավորում է, և որևէ փոփոխություն այս որոշումներում չի լինի: Կապված տոպրակներին հետ, ըստ էության, 2019թ. կարգավորումով՝ օրենսդրական փոփոխությունով, 2022թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորումը՝ առ այն, որ արգելվում է պոլիէթիլենային տոպրակների մինչև 50 միկրոն հաստության վաճառքը: Այստեղ, կարծում եմ. համայնքներն ինչքան հնարավոր է վերահսկողություն իրականացրեցին, բայց սա ամբողջական արդյունք չտվեց: Մենք հիմա նախագիծ ունենք, որով, ըստ էության, պոլիէթիլենային տոպրակների որևէ տեսակի և մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքն ենք արգելելու»:

Հաջորդ խնդիրը, որը բարձրաձայնվել է վարչապետի կողմից, վերաբերել է բացօթյա սրճարաններում ծխելու արգելքին: Նա ընդգծել է, որ ի հեճուկս Կառավարության որոշման, այդ երևույթը շարունակվում է: Այս կապակցությամբ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ներկայացրել է հետևյալ տվյալները. «2023թ. հունվարի 1-ից մինչ այսօր կազմվել է ընդհանուր 7186 վարչական արձանագրություն, որից 790 հանրային սննդի օբյեկտների, այս շաբաթվա ընթացքում 31 արձանագրություն: Արգելված վայրերում՝ 6044 արձանագրություն, այս շաբաթվա ընթացքում՝ 210 վարչական արձանագրություն: 352 պաշտոնատար անձի նկատմամբ արձանագրություն, այս շաբաթվա ընթացքում՝ 15 վարչական արձանագրություն»: ՆԳ նախարարը հավելել է, որ աշխատանքները կակտիվացնեն դրական արդյունք ունենալու նպատակով:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշել է, որ կատարված ուսումնասիրության համաձայն` ծխողների շրջանում կա քանակական փոփոխություն, այսինքն՝ տարվող քաղաքականության արդյունքում կա որոշակի արդյունք: Նախարարի խոսքով, ստեղծվում են նաև աջակցող ինստիտուտներ այն մարդկանց համար, ովքեր ուզում են թողնել ծխելը:

Իրավական դաշտի բարելավում՝ ի նպաստ զբոսաշրջության բնագավառի դինամիկ զարգացման

Կառավարությունը հավանություն է տվել «Զբոսաշրջության մասին» օրենքի և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին:

Գործող իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունն առաջացել է զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման և նոր մարտահրավերների պայմաններում զբոսաշրջային գործունեության սուբյեկտների և զբոսաշրջիկների փոխադարձ իրավունքների և պարտավորությունների հստակեցման, զբոսաշրջային ծառայություններին ներկայացվող պահանջների հստակեցման և զբոսաշրջային գործունեության նկատմամբ վերահսկողության միջոցների հստակեցման իրական անհրաժեշտությունից: Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունները և լրացումները նպաստելու են քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանությանը, զբոսաշրջային գործունեության ծառայություններին և սուբյեկտներին ներկայացվող պահանջների հստակեցմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլն:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ պլանավորվում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների տարեկան թիվը հասցնել 15 մլն-ի: Ըստ վարչապետի, այս տարվա ընթացիկ թվերը ցույց են տալիս, որ եթե հնարավոր լինի այնպիսի ծառայություններ մատուցել, որ Հայաստանից վերադարձած զբոսաշրջիկը Հայաստան այցելելու խորհուրդ տա նաև ուրիշներին, դա շատ իրատեսական կլինի: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ոլորտում ռազմավարական նշանակության որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա: Այս առումով՝ վարչապետը կարևորել է նաև մարզերի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը, անկանխիկի ներդրումը մարզերում, Պարեկային ոստիկանության և Փրկարար ծառայության արդյունավետ աշխատանքը:

Նիկոլ Փաշինյանը թեմայի շրջանակում անդրադարձել է նաև Հայաստանում պատմամշակութային հուշարձանների պահպանմանը և վերականգնմանը: «Այստեղ էլ մենք լուրջ պրոբլեմներ ունենք այն առումով, որ անտառների թավուտներում թաքնված հարյուրավոր հուշարձաններ ունենք, որոնք զբոսաշրջային ահռելի պոտենցիալ ունեն: Բայց իհարկե, մենք ամեն ինչ չենք կարող միանգամից լուծել, պետք է հետևողական, շարունակական աշխատենք այս ուղղությամբ: Ակնհայտ է, որ Հայաստանը զբոսաշրջության համար շատ գրավիչ երկիր է»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը զբոսաշրջության առումով կարևորել է նաև Սևանա լճի խնդիրների լուծումը: «Մենք բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման կառավարման նոր մշակույթ պետք է ներդնենք: Սևանի ջրերի մաքրման խնդիրը լրջորեն պետք է լուծվի, կոյուղային ցանցի ջրերի մաքրման հարցերը պետք լուծվեն: Մենք մինչև հիմա տարիներով աշխատում ենք արդեն գլխացավանք դարձած Արեացիայի ծրագրով, այդպես էլ լուծումներ չենք կարողանում գտնել: Այստեղ լուրջ պրոբլեմներ ունենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հանձնարարել է բոլոր հայտարարված ծրագրերը դնել հոսքագծի վրա և առաջիկայում կենտրոնանալ խմելու, ոռոգման ջրի, Սևանի էկոլոգիական վիճակի, ջրամբարների, ինչպես նաև ջրերի մաքրության և կոշտ թափոնների կառավարման հետ կապված խնդիրների վրա: «Այս երկու ոլորտներում ես չեմ կարող ասել, որ մենք շատ մեծ փոփոխություններ ենք բերել: Պետք է լրջորեն կենտրոնանանք այդ խնդիրների վրա: Մենք պետք է իմանանք ինչ ծրագիր ենք իրականացնում և իմանանք կոնկրետ պատասխանատուներին, պետք է համոզված լինենք պատասխանատուների կոմպետենտության վրա: Սա չափազանց լուրջ խնդիր է: Եթե հապաղենք, շատ մեծ պրոբլեմներ կունենանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում տուժած անձանց ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին

Գործադիրի որոշմամբ, համապատասխան փոփոխություններ և լրացումներ կկատարվեն ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ, որով կհատկացվի 15.9 մլն դրամ՝ 2023թ․ հուլիս և օգոստոս ամիսներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։

Ներկայացվող նախագծով կարգավորվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում տուժած անձանց (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված) ընտանիքների սոցիալական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

Նախագծով առաջարկվում է «1011.Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի «12001. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառման ֆինանսական միջոցներից նվազեցնել 15.9 մլն դրամ։ Պակասեցվող ֆինանսական միջոցները արդյունքային ցուցանիշների փոփոխություն չի նախատեսում: Արդյունքում ակնկալվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքների ֆինանսական վիճակի բարելավում:

Սահմանվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ

Կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրի նպատակն է համակարգել և միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը՝ այդ թվում, անհրաժեշտության դեպքում հաստատել ապրանքների ծագումը ապրանքների ծագման երկրի կողմից որոշված և արտահանման ժամանակ կիրառվող ոչ սակագնային միջոցների ներդրման և արտահանման մաքսատուրքերի դեպքում։

Մանկատների ձեռնարկատիրական գործունեության տեսակները կդառնան համահունչ ժամանակակից մարտահրավերներին

Գործադիրի որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ կկատարվեն «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» «Գյումրու «Երեխաների տուն», «Խարբերդի մասնագիտացված մանկատուն», «Երևանի «Մանկան տուն», «Գավառի մանկատուն» հաստատություններ ստեղծելու մասին որոշումներում:

Նախագծերի անհրաժեշտությունը պայմանավորված է խնամվողների տարիքային շեմի հետ կապված փոփոխությունների ամրագրման, թեթև և չափավոր ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող երեխաների պարագայում հաշմանդամության կարգավիճակ ունենալու փաստի արձանագրման, հաստատությունների ձեռնարկատիրական գործունեության բնույթի արդիականացման կարևորությամբ: Նախագծերով նախատեսվում է հետևյալ կարգավորումները՝ փոփոխել խնամվողների տարիքային շեմը՝ հնարավորություն ստեղծելով վերջիններիս լիարժեք իրացնել կրթություն ստանալու իրենց իրավունքը՝ չստեղծելով անհարկի խոչընդոտներ, սահմանել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արդիական, կիրառելի մոդելներ, թեթև և չափավոր ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող երեխաների պարագայում ամրագրել վերջիններիս՝ հաշմանդամություն ունենալու փաստը։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031