Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) սեփականատերերը շարունակում են իրենց բողոքի ցույցերը։ Այսօր նրանք դարձյալ հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ «Գերակա հանրային կոռուպցիա» գրությամբ պաստառով։
Սեփականատերերից Ռոբերտ Բաղիյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գնահատող ընկերությունը՝ «ՎԻ ԵՄ-ԱՐ ՓԻ» ընկերությունը պետք է լիցենզիայից զրկվի, քանի որ խախտումներ է թույլ տվել։ Բայց իրենք ծածկադմփոց են արել եւ միայն գնահատող մասնագետին են լիցենզիայից զրկել, բայց ԾԻԳ-ը շարունակում է վտարման ու դեպոզիտային հաշիվների մասին նամակներ ուղարկել իրենց:
«Մեր հարեւաններից մեկը զանգում է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ղեկավար Շողիկ Երանյանին, ասում է՝ ո՞նց ես դեպոզիտային հաշիվ կախել իմ հաշվին, չէ՞ որ այդ ամենը ապօրինություններով է եղել։ Նա պատասխանել է՝ հասկանում եմ, բայց ինձ ասել են, ոչինչ, շարունակիր ուղարկելը։ Բազմիցս հարցրել ենք՝ այդ «դաբրո» տվողն ո՞վ է, արի առաջ, տեսնենք դու ո՞նց ես կարողանում այդքան բան անել։ Շողիկ Երանյանը բացահայտ հանցագործություն է իրականացնում։ Այդ գնահատման ընկերության գնահատողի գնահատումները Կադաստրի կոմիտեն, հանձնաժողովը զրոյացնում են, ասում են՝ խախտումներ ես անում, կասեցնում են։ Այդ մարդու կազմած գնահատումները դու ո՞նց ես հիմք ընդունում ու ուղարկում մեզ։ Այստեղ մենք արձանագրում ենք, որ Շողիկ Երանյանն անձամբ թաթախված է այս մութ սխեմայի մեջ։ Թե հիմա իրեն հրաման են տալիս, թե հրաման չեն տալիս, բայց ինքը պետական կառույցի ղեկավար է, ի՞նչ հրաման տալիս են, պետք է կատարի՞։ Ոչ, դու ունես հստակ կանոնագիրք, թե ոնց պետք է աշխատես, դու չես կարողանո՞ւմ ասել՝ ես չեմ կարող այսպես աշխատել, հետո քրեական գործ է բացվելու ինձ վրա։ Մենք կանգ չենք առնելու, շարունակելու ենք։ Կադաստրի կոմիտեի որակավորման հանձնաժողովը պետք է ամբողջությամբ լուծարվի, որովհետեւ իրենք մասնագետ չեն, ապօրինի հրաման կատարող են»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոբերտ Բաղիյանը նշեց, որ իրենց պահանջն այն է, որ այս գործընթացում ներգրավված բոլոր անձինք պատասխանատվության ենթարկվեն։ «Այստեղ բոլորը թաթախված են մութ սխեմայի, կոռուպցիայի մեջ, բոլորն «ատկատների» վրա են աշխատում։ Մենք 2008 թվականից պայմանագիր ենք կնքել, այդ ընկերությունը մեզ խաբել է։ Դուք չեք բավարարվում, որ այդ ընկերությունը խաբել է թաղամասի 7 ընտանիքի, ստիպում եք, որ 110 սեփականատիրոջն էլ խաբի։ Ո՞նց եք դուք այդ ընկերությանը պատժելու, որը հանցագործություն է անում։ Մենք ասում ենք՝ օրենքում ոնց հստակ գրված է, այդպես արեք, մենք ձեզնից ավել ոչինչ չենք ուզում։ ԾԻԳ-ը՝ Շողիկ Երանյանի գլխավորությամբ, արբիտրի դերում պետք է լինի, պետք է հետեւի, որ կառուցապատողը սեփականատիրոջը չխաբի, սեփականատերն էլ կառուցապատողին չխաբի։ Բայց ԾԻԳ-ը ջանասիրաբար պաշտպանում է միայն կառուցապատողի շահերը։ Սա ծայրից ծայր կոռուպցիա է։ Մենք պայքարը շարունակելու ենք, թեկուզ տարիներ անցնեն, այդ ամենը, ինչ կառուցել են, իրենք քանդելու են ու հողը վերադարձնելու են մեզ։ Մենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին ու մյուսներին ասել ենք՝ չենք ուզում ձեր ծրագիրը կասեցնել։ Դուք ասում եք՝ այս ծրագիրը պետք է կայանա, մենք էլ ձեզ լավագույն տարբերակները ասում են, դուք ինչո՞ւ եք միջամտում մեր սեփականության հարցերին»,- նշեց թաղամասի բնակիչը։
Ռոբերտ Բաղիյանը նաեւ ասաց, որ 2008 թվականին իր գույքի սեփականության վկայականը վերցրել ու գրավադրել են բանկում։ Մի քանի անգամ բանկում վերահաշվարկ են արել ու այդ գումարները քաշել։ «Նույն սխեման հիմա է կատարվում։ Մարդիկ կան մեր հարեւաններից, որոնք պայմանագրեր են կնքում, բայց իրենք գումարը չեն տալիս, հետո պայմանագիրը կնքում։ Իրենք վերցնում են այդ գույքը, գրավադրում են բանկում, հետո այդ մարդու գումարը տալիս են։ Այսինքն՝ եթե դա քաղաքաշինական ծրագիր է, ինչո՞ւ ներդրում չեք անում։ Այնպիսի մարդու տվեք, որ գոնե ներդրում անի, 50 հազար դրամանոց ֆոնդով ընկերությանը դուք թույլ եք տալիս, որ գա այս ամենը անի։ Ինչո՞ւ, որովհետեւ այստեղ կոռուպցիա կա»,- հավելեց նա։
Բնակիչները նշեցին, որ որակավորման հանձնաժողովն իր տեղում չէ։ Ըստ նրանց՝ գնահատողին լիցենզիայից զրկելով՝ ուզում են ցույց տալ, որ իբր օբյեկտիվ գործ են արել։ «Բայց օբյեկտիվ կլինեին, եթե ճիշտ ձեւակերպեին, թե ինչի համար է զրկվել լիցենզիայից։ Այսինքն՝ որակավորման հանձնաժողովն իր տեղում չէ, որովհետեւ չի անդրադառնում հիմնական սխալներին, անդրադառնում է երկրորդական սխալներին։ Դրանից կարելի է եզրակացնել, որ կողմնապահ է։ Մեր խնդիրը բաղկացած է երկու մասից՝ մեկը իրավունքների խնդիր է, մյուսը՝ գումարային։ Շատ մարդկանց թվում է, որ գումարային հարցը բոլոր հարցերը փակում է։ Եթե 17 տարի ուզում են մարդկանցից գույք խլել, զոռբայությամբ էժան գնահատել ու խլել, դրա համար մեկը պե՞տք է պատժվի, թե՞ ոչ։ Մենք լուծումներ ենք առաջարկում, չենք ուզում իրավիճակը բերել փակուղու եւ օգտվելով դրանից՝ մեծ գումարներ վերցնել։ Մի խումբ մարդիկ կան, որոնք ուզում են, որ գումարը նորմալ փոխհատուցվի, դրա համար պետք է օբյեկտիվ գնահատողներ աշխատեն, պետք է մրցակցային բնույթ կրի գնահատումների գործընթացը, ոչ թե մենաշնորհ լինի։ Մյուս մասը տեղում են բնակարաններ ուզում, որ տեղում շենք կառուցվի, դա մարդկանց սահմանադրական իրավունքն է։ Ոմանք էլ ուզում են իրենք տեղում կառուցապատում իրականացնեն։ Իրենք իրավունք չունեն գան զոռով մարդուց սեփականություն վերցնեն, եթե այդ մարդը չի խոչընդոտում ծրագրի իրականացմանը։ Մենք այդ առաջարկներն արել ենք, չեն ընդունել։ Եթե ընդունեն, պրոցեսը շատ արագ առաջ կգնա, իսկ այսպես կգա կհասնի մի փուլի, որ պրոցեսը կանգ կառնի ընդհանրապես։ Եթե իրենց հույս այն է, որ դատարաններով ստիպելով՝ պետք է հասնեն իրենց ուզածին, դա էլ շատ բարդ կլինի, որովհետեւ շինությունները քանդելով, միեւնույն է, իրենք հողը չենք կարողանում վերցնել։ Հետեւաբար, լուծումները պետք է լինեն օրենքի շրջանակներում, բայց իրենք օրենքից դուրս են փորձում այդ լուծումները տալ»,- ասաց բնակիչներից մեկը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ