Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանիների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առաքիչների նկատմամբ ավազակություն և կողոպուտ կատարելու համար

Օգոստոս 03,2023 16:49

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քերական վարույթով իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ կատարված ավազակության, ավազակության փորձի և կողոպուտի դեպքերի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Մասնավորապես՝ հուլիսի 30-ին՝ ժամը 11:45-ին, Երևան քաղաքում որպես առաքիչ աշխատող Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ հուլիսի 24-ին՝ ժամը 22:18-ին, հավելվածով առաքման պատվեր է ստացել, սակայն պատվիրատուն և վերջինիս հետ նույն վայրում գտնվող մեկ այլ երիտասարդ իրենց մոտ գտնվող դանակներով սպառնացել են իրեն և, պատվիրված սնունդը վերցնելով, հրաժարվել են վճարել:

Նույն ժամանակահատվածում իրավապահներին է դիմել Հնդկաստանի Հանրապետության մեկ այլ  քաղաքացի, ով նույնպես մատուցում է առաքման ծառայություններ, և պատմել, որ 2023թ․ հուլիսի 26-ին առաքման պատվեր է կատարել Երևան քաղաքի Մինսկի փողոցի 1-ին շենքի մոտակայքում, որտեղ իրեն դիմավորել են 4-5 երիտասարդներ։ Վերջիններս հայտնել են, թե իբր գումարն օնլայն են փոխանցել և հրավիրել ինչ-որ մութ շինություն։ Սակայն ինքը, նախապես տեղյակ լինելով, որ այդ տարածքում իր ընկերոջից դանակի սպառնալիքով պահանջել և ստացել են առաքումը, հրաժարվել է կատարել նրանց պահանջը, ինչից հետո վերջիններս փակել են իր մոպեդի ճանապարհը, իսկ երիտասարդներից երկուսը քաշել են իր պայուսակից, որպեսզի հափշտակեն:

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով, ինչպես նաև 44-253-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում: Երկու առաքիչները ճանաչվել են տուժող և ցուցմունք տվել դեպքերի հանգամանքների շուրջ:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են վերոհիշյալ երիտասարդների ինքնությունը, ինչպես նաև՝ վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված գործողություններով, ինչպես նաև ստացված տեղեկություններն իրացնելով, պարզվել է, որ առաքիչների նկատմամբ նման գործողություններ կատարած անձինք Երևան քաղաքի բնակիչներ են, որոնցից երկուսը՝ 16, երկուսը՝ 14, մեկը՝ 17 տարեկան:

Նախնական տվյալներով՝ հուլիս ամսվա ընթացքում՝ տարբեր օրերի, պատանիները առաքիչների նկատմամբ դանակի սպառնալիքով պահանջել և առանց վճարելու ստացել են օնլայն հավելվածի միջոցով պատվիրված տարբեր արժողության ապրանքներ, իսկ առանձին դեպքերում իրենց հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել, քանի որ միջամտել են դեպքին ականատես բնակիչներ կամ առաքիչը ցուցաբերել է զգոնություն:

Իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում պատանիները, հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Որոշումներ են կայացվել երիտասարդներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ 16-ամյա երիտասարդներից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 44-253-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 14-ամյա պատանիներից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ծնողի դաստիարակչական հսկողության հանձնելը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, ներգրավված յուրաքանչյուր անձի գործողություններն անհատականացնելու և իրավական գնահատական տալու, ինչպես նաև՝ անչափահասների գործողությունների արդյունքում ընկերությանը պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ:

Նկատի ունենալով, որ ձեռք բերված նախնական տվյալները վերաբերում են մի քանի նմանատիպ դեպքերի՝ ՀՀ քննչական կոմիտեն, հատկապես դեռահասների ծնողներին, հորդորում է առավել ուշադիր և զգոն լինել իրենց երեխաների վարքագծի նկատմամբ, վերահսկել նրանց կողմից կատարվող առցանց պատվերները և իրականացնել աշխատանքներ՝ նմանատիպ գործողությունների հանցավոր բնույթը բացատրելու, նման հանցավոր գործողությունների կատարումը թույլ չտալու, իսկ այդպիսիք կատարելու դեպքում հետևող քրեական պատասխանատվության վերաբերյալ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031