«Այո, կարող եմ: Մինչեւ ՔՊ անդամ լինելը՝ ես եղել եմ լրագրող եւ երկար տարիներ իմ գործունեությունը նվիրված է եղել ազատ, թափանցիկ, մրցակցային ու արդար ընտրություններ ունենալուն: Կուսակցական լինելը չի ենթադրում լինել հանցագործ, որովհետեւ ԿԸՀ նախագահի կողմից արդար, ազատ ու թափանցիկ ընտրությունների ապահովման համար իր պարտավորությունների չկատարումը կլինի հանցագործություն: Ես կարող եմ եւ ապահովելու եմ, որ Հայաստանում՝ քանի դեռ ես ԿԸՀ նախագահն եմ, ընտրությունները լինեն, ազատ, արդար, թափանցիկ»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ԿԸՀ նախագահ, իշխող ՔՊ անդամ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ լինելով իշխող թիմի անդամ՝ կկարողանա՞ ապահովել Երեւանի ավագանու ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ:
Ընտրությունները, հիշեցնենք, նշանակված են սեպտեմբերի 17-ին: Օգոստոսի 3-13-ը առաջադրումների փուլն է, 13-18-ը գրանցումների: Գրանցման ժամկետի ավարտից հետո՝ 5-րդ օրը, սկսվում է նախընտրական քարոզչություն․ ընտրությունների նախընտրական քարոզչությունը կսկսվի օգոստոսի 23-ից:
Ընտրություններին ներկա լինելու համար հրավեր է ուղարկվել 20 երկրների ընտրական մարմինների ներկայացուցիչների:
Խոսելով նախընտրական քարոզարշավի մասին, Վահագն Հովակիմյանն ասաց, որ մեր հասարակությունում ամենամեծ մոլորությունն այն է, որ ընտրություններում մրցակցությունը սկսվում է այն պահին, երբ նշանակվում են ընտրություններ. «Մրցակցությունը քաղաքական ուժերի միջեւ առկա է միշտ: Այն ուղղակի քարոզչության տեսքով իրավունք չունեն արտահայտել քվեարկության օրը եւ դրա նախորդ օրը: Մեր քաղաքական դաշտին շատ կնպաստի, եթե մեր քաղաքական ուժերը ընտրությունների միջեւ ընկած 5 տարիները օգտագործեն իրենց գաղափարները, հայացքները տարածելու, համախոհներ ներգրավելու ուղղությամբ: Եթե օրենսդրությունն ուսումնասիրեք, կտեսնեք, որ քարոզարշավի փուլը ոչ թե հնարավորությունների եւ իրավունքների, այլ սահմանափակումների փուլ է: Այդ փուլում ընտրական օրենսգիրքը հստակ ամրագրում է, թե քաղաքական ուժերն ինչպես կարող են քարոզչություն իրականացնել, մինչդեռ դրան նախորդող 5 տարիներին քարոզչություն իրականացնելիս ավելի ազատ են»:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ վերջերս տարածված մի ձայնագրությունից, որտեղ զանգահարողը՝ ներկայանալով ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանի օգնական, զանգահարում է տարբեր համայնքների ղեկավարների եւ փորձում է հասկանալ, թե նրանք ընտրողների ի՞նչ քանակ կարող է ապահովել ՔՊ-ի համար. խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր ծնունդով այլ բնակավայրերից են, բայց իբրեւ ընտրողներ հաշվառված են Երեւանում: Լրագրողները հետաքրքրվեցին՝ դա ընտրախախտում չէ՞:
Վահագն Հովակիմյանի տպավորությամբ, ըստ էության, այդ խոսակցության ընթացքում՝ մյուս կողմում գտնվող զրուցակիցները, սկսում են ինչ-որ հանձնարարություններ ստանալ. «Ես կարող եմ մի բան ասել, զուտ ձայնագրությամբ վարչական ռեսուրսի չարաշահման փաստ չի եղել, բայց դա իմ կարծիքն է, ընդամենը: Սա ԿԸՀ-ի իրավական դիրքորոշումը չէ: Եթե լինի դիմում բողոք, որը փաստարկված կներկայացնի, թե ինչ վարչական ռեսուրսի օգտագործում է տեղի ունեցել, ԿԸՀ-ն կքննարկի եւ կտա իրավական գնահատական: Նման դիմում բողոք հիմա չկա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ