Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավիթ Տոնոյանը՝ որպես ՊՆ նախկին նախարար, որպես գործիչ, որպես հայ և որպես տղամարդ քննիչ հանձնաժողովի իր մենախոսությամբ գործեց ինքնասպանություն»․ Նաիրա Զոհրաբյան

Օգոստոս 03,2023 16:05

«Դավիթ Տոնոյանը՝ որպես ՊՆ նախկին նախարար, որպես գործիչ, որպես հայ և որպես տղամարդ այս երկու օրվա քննիչ հանձնաժողովի իր մենախոսությամբ գործեց ինքնասպանություն»,- «Հայելի» ակումբի ուղիղ եթերում հայտարարեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարություններին։

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ողջունում է ընդդիմության որոշումը՝ չմասնակցել այդ քննարկումներին․ «Այդ շոուների նպատակն է Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործել բանակի նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին 44-օրյա պատերազմի հայադավությունն իր վրայից մաքրելու համար։ Դավիթ Տոնոյանը փորձեց կատարել դա։ Այն, ինչ ասում էր Դավիթ Տոնոյանը, մեկ նախադասությամբ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ, որ չգիտի այն ամենը, ինչ նա պարտավոր չէր իմանալ, ուստի Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ՝ որպես գլխավոր հրամանատար, որ մենք տանուլ ենք տվել պատերազմը։ Միևնույն է՝ Նիկոլ Փաշինյանը կրելու է պատասխանատվություն, մեկն էլ դու ես լինելու, Դավիթ Տոնոյան։ Որպես պաշտպանության նախարար՝ քո բաժին պատասխանատվությունը դու կրելու ես»։

Նաիրա Զոհրաբյանը Դավիթ Տոնոյանին մի քանի հարց հղեց․ «2020-ի օգոստոսի կեսերին Ադրբեջանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ էին, և Թուրքիան F-16 կործանիչները բերեց Ադրբեջան։ Զորավարժություններից հետո դրանք այդպես էլ չտարվեցին։ Այդ ժամանակ ընդդիմությունը բարձրաձայնում էր, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական ագրեսիայի Թուրքիայի անմիջական օգնությամբ ու մասնակցությամբ։ Ի՞նչ արեցիք Դուք՝ որպես ՊՆ  նախարար։ Ձեր երկօրյա մենախոսությունում մենք այդ հարցի պատասխանը չտեսանք։ Եթե դուք հայտարարում եք, որ Նիկոլ Փաշինյանը ռազմական գործիչ չէր, պարտավոր չէր իմանալ, հարց՝ ո՞վ է Ձեզ տվել անմիջական հրամաններ, Դուք ո՞ւմ հրամաններն եք կատարել՝ որպես ՊՆ նախարար, ինչը հանգեցրել է պատերազմի և այդ ընթացքում ո՞ւմ հրամանն եք կատարել, ինչը հանգեցրել է պարտության։ Դուք չեք ամաչո՞ւմ, որ յոթ տարի՝ որպես փոխնախարար, երեք տարի արդեն ՊՆ նախարար, լինելով պատերազմի կառավարման  թիվ մեկ պատասխանատուն՝ քննիչ հանձնաժողովում որպես մարդ, քաղաքական գործիչ Դուք գործեցիք ինքնասպանություն»։

Անդրադառնալով Արմեն Աշոտյանի նկատմամբ կատարվողին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Չկա ՀՀ որևէ քաղաքացի, նույնիսկ նիկոլական, որը վստահ չլինի՝ այն, ինչ այսօր Արմենի հանդեպ է կատարվում, քաղաքական հետապնդում է։ Արմենը ՀՀ-ի թիվ 1 քաղբանտարկյալն է։ Ձեր այս քայլերով, որոնք որևէ աղերս չունեն իրավաբանության հետ, դուք ուղղակիորեն ամրագրում եք բոլոր այն հիմքերը, որով Եվրոպական դատարանում դուք՝ բոլորդ՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորներ, ճանաչվելու եք մեղադրյալներ։ Ձեր ուսերից պոկվելու են դատավորների ուսադիրները՝ որպես քաղաքական հանձնարարություն կատարողների։ Ինձ համար կանխատեսելի էր, որ դուք չեք էլ փորձելու առերեսում կազմակերպել Արմեն Աշոտյանի և այսպես կոչված վկաների միջև, որոնց իբր ցուցմունքներով Արմեն Աշոտյանի խափանման միջոցն ընտրել եք կալանքը։ Բա կազմակերպեիք այդ առերեսումը, թող ձեր ներկայությամբ տեսնեինք՝ Արմենը փորձո՞ւմ է ճնշում գործադրել վկաների հանդեպ։ Ճիշտ եք անում, որ վախենում եք, ձեր վախն Արմենը բռնել է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»․ Նաիրա Զոհրաբյանի մի հարցին Դավիթ Տոնոյանն արդեն իսկ պատասխանել էր ԱԺ–ում՝ պատմելով, որ պատերազմին նախորդող ժամանակահատվածում ՀԱՊԿ, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության 12 դեսպանների հետ հանդիպումների ընթացքում փորձել է նրանց ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ զորավարժություններից հետո Ադրբեջանում մնացած եւ Արցախի օդային սահմանների մոտ թռիչքներ իրականացնող թուրքական չորս F-16 ինքնաթիռները վկայում են հնարավոր պատերազմի մասին՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ․ «Բոլորին ներկայացնում էի F-16-ի թռիչքների մասին մանրամասն տեղեկատվությունը: ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության մեր գործընկերներին միայն մեկ խնդրանք էի հնչեցնում՝ չեզոքացնել Թուրքիայի ներգրավումը հնարավոր գործողություններին»։

Դավիթ Տոնոյանն ասել է, որ այդ շրջանում հայկական կողմը լուրջ մտահոգություններ ուներ՝ պայմանավորված նրանով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ զորավարժություններից հետո թուրքական F-16 ինքնաթիռները չէին վերադարձել Թուրքիա, այլ տեղակայվել էին Գյանջայի օդանավակայանում․ «Գրեթե ամեն օր չորս F-16 ինքնաթիռ օրական 5-6, երբեմն 8 ժամ էին անցկացնում օդում՝ մոտենալով Հայաստանի եւ Արցախի օդային սահմաններին: Մեր մտահոգություններն էլ ավելի սրվեցին, երբ Թուրքիան ռոտացիա անցկացրեց՝ ոչ միայն օդաչուների, այլեւ ինքնաթիռների»: Պատասխանելով ռուսաստանյան կողմի արձագանքների մասին հարցին, Դավիթ Տոնոյանն ասել է, որ «մեզ հորդորում էին չսադրել եւ սառնասիրտ լինել, ինչը մեր կողմից արվել է»: Նա, մասնավորապես, նշել է, որ F-16-ները երբեմն այնքան են մոտեցել, որ թիրախավորվել են Արցախի Պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերի կողմից, սակայն խոցման հրաման չի արձակվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031