Սեպտեմբերի 17-ին նշանակված Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության առաջադրումներն այսօրվանից սկսվել են, այս պահի դրությամբ դեռ որեւէ ուժ հայտ չի ներկայացրել. այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: Նա դա հոգս չի համարում, քանի որ, իր դիտարկումներով, քաղաքական ուժերն առաջադրման փաստաթղթերը սովորաբար ներկայացնում են ժամկետի ավարտին մոտ՝ վերջին ու նախավերջին օրերին:
Վահագն Հովակիմյանն ուշագրավ թվեր հրապարակեց: Ըստ այդմ, Երեւանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընտրողների քանակը հուլիսի 14-ի դրությամբ կազմել է 823 559: Նախորդ ընտրություններում ՝2018-ի սեպտեմբերի 23-ին, այդ թիվը եղել է 848 հազար: Ի սկզբանե հրապարակված թիվը եղել է 853 հազար, բայց արդեն սեպտեմբերի 23-ի դրությամբ, քվեարկության օրը, ընտրական ցուցակներում Երեւանի ընտրողների թիվը եղել է 848 հազարից մի փոքր ավելի:
«Այսինքն` անցած 5 տարիներին ընտրողների թիվը նվազել է»,- հայտարարեց Վահագն Հովակիմյանը՝ բացատրելով պատճառը՝ 2021-ի Ընտրական օրենսգրքի փոփոխություններով, ընտրական ցուցակից հանվում էին այն քաղաքացիների տվյալները, որոնք 6 ամիս եւ ավելի ժամկետանց փաստաթղթեր ունեին:
Վահագն Հովակիմյանը նաեւ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 17-ին սպասվող ընտրություններում, կուսակցությունների առաջադրման առցանց գործիքակազմը ԿԸՀ-ն համալրել է նոր գործիքներով. «2022-ից ԿԸՀ-ն գործարկել էր օգտահաշիվներով ընտրական ցուցակները կազմավորելու հնարավորություն: Այլեւս համացանցի միջոցով են կազմակերպվելու նաեւ գովազդային վահանակների հայտերը: Ինչպես գիտեք, 5 քմ-ն գերազանցող գովազդային վահանակները բաշխվում են քաղաքական ուժերի միջեւ վիճակահանությամբ: 2021-ի փոփոխություններով, վիճակահանությամբ բաշխվող պլազային վահանակների շարքին էին ավելացել նաեւ վերելակներում, տրանսպորտի կանգառներում եւ մետրոպոլիտենի տարածքում տեղադրված վահանակները: Առցանց գործիքակազմը քաղաքական ուժերին հնարավորություն է տալիս եւ անհատապես ընտրել վահանակներ, եւ մեկ քայլով ընտրելու ամբողջը, հետո վիճակահանությամբ տիրապետելու իրենց հասանելիքը»:
Կարդացեք նաև
Առաջիկա ընտրությունների համար գովազդային վահանակների տիրապետող ընկերությունների կողմից վիճակահանության համար ԿԸՀ է ներկայացվել 2879 վահանակ:
Նախկինում կուսակցությունները թղթային տարբերակով ներկայացնում էին ցուցակներում ընդգրկված անձանց հայտարարագրերը եւ կրիչով էլ ներկայացնում էին էլեկտրոնային տարբերակները: Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ այժմ կուսակցություններն իրենց օգտահաշիվների միջոցով հնարավորություն են ունենալու թեկնածուների տվյալներին կցել նաեւ տվյալ թեկնածուի հայտարարագիրը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ