Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ժողովուրդը պետք է արթնանա իր լեթարգիկ քնից եւ հասկանա, որ աստիճանաբար իրեն վերածում են «փորս կուշտ, հետույքս ապահով» մի բիոզանգվածի»․ Սերժ Սրապիոնյան

Օգոստոս 03,2023 15:18

«Վիթխարի պրովոկացիա է այսօր կատարվում մեր երկրի ու ժողովրդի դեմ։ Եվ կատարվում է ներսից, հայկական իշխանական աթոռները զավթածների ձեռամբ ու միջոցով»,- այս մասին այսօր կառավարության շենքի մոտ Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության բողոքի ցույցի ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Սերժ Սրապիոնյանը։ «Ժամանակ է եղել, ես ասել եմ՝ նրանք սպանում են հայ միտքը, հիմա արդեն ես ասում եմ՝ սպանում են նաեւ հայ ոգին։ Ինչ-որ մի համաշխարհային երգիչ, որը հայտնի է իր սկանդալային բնավորությամբ… բերել այստեղ, իմ հարկերով վճարած փողով խրախճանք անել ժանտախտի պահին, նշանակում է թքած ունենալ ժողովրդի մտածողության վրա։ Նշանակում է, որ մեր երեխաներին զրկում են Կոմիտաս, Արամ Խաչատրյան հասկանալուց, ովքեր ազգային որակ են, Առնո Բաբաջանյանից, որն ազգային որակ է։ Եվ մեր երեխաները մեծանալու են մանկուրտ, հաջորդ սերունդը չի էլ հասկանալու, թե ով է Կոմիտասը, չի ունենալու ազգային մտածողություն եւ դրանով ավելի հեշտ կառավարելի է դառնալու ու լուծելու է այս մարդկանց գերագույն գլխավոր նպատակը, այն է՝ իր տանը նստել, սպասել, թե երբ թուրքի ողորմածությանը կարժանանան՝ մի կտոր հաց կամ սրի մի հարված կստանան։ Այն ժողովուրդը, որը զրկված է մտածելու հնարավորությունից, որը կորցրել է իր ազգային ինքնագիտակցությունն ու ինքնասիրությունը, այդ ժողովուրդը դատապարտված է պատմության թատերաբեմից հեռանալուն։ Եվ այս մարդիկ մեր ժողովրդին հիմա վերածում են դրան»,- ասաց նա։

Սերժ Սրապիոնյանի խոսքով՝ իշխանությունների հարձակումը մեր մտքի եւ մշակույթի, մեր ինքնության վրա է։ «Այն ավերածությունները, որ անում են այս մարդիկ՝ քանդելով բանակը, քանդելով տնտեսությունը, եւ եթե դրանից հետո արթնացում չկա, եւ մենք զարմանում ենք, որ չկա, պատճառն այն է, որ մեր ժողովուրդն, ըստ էության, վաղուց հարվածներ է ստանում իր հոգուն եւ մտքին։ Դժվար է մտածում, դժվար է վերադառնում իր հայկական ակունքներին։ Իսկ սա նշանակում է, որ մենք հայտնվել ենք մի այնպիսի փոսի առաջ, որ չենք էլ հասկանում, որ մեր քույր ու եղբայրներին՝ 120 հազար կին ու երեխա միջնադարյան ճիզվիտական օրենքներով մի թուրք լամուկ այսօր պարզապես ոչնչացնում է։ Եվ մենք անտարբեր նստած ենք ու մտածում ենք մի անհեթեթ նախադասության շրջանակում՝ անհրապույր ու դժգույն երկիր է Արցախը, մենք ի՞նչ գործ ունենք Արցախի հետ։ Իսկ այնտեղ էլ իր նման մեկը, որը վառելիք չի կարողանում ապահովել, որ գոնե մարզերից հաց հասնի Ստեփանակերտ երեխաներին, ավտոբուսներով խաղաղ երթ է կազմակերպում դեպի Հակարիի կամուրջ։ Այդ խաղաղությունը Ալիեւից դու որտեղի՞ց ես տեսել, կոֆեման մարդ։ Ի՞նչ պրովոկացիա եք կազմակերպել՝ այս ժողովրդին վերջնականապես ոչնչացնելու համար»,- ասաց Սրապիոնյանը։

Նա նշեց, որ ժողովուրդը պետք է արթնանա իր լեթարգիկ քնից, աստիճանաբար պետք է հասկանա, որ աստիճանաբար իրեն վերածում են «փորս կուշտ, հետույքս ապահով» մի բիոզանգվածի, որն իր իրավունքներն այլեւս պաշտպանել չի կարող, որը կենթարկվի անհայտ տեղերից հայտնված ապազգային գոյանքների իշխանության տակ եւ աստիճանաբար կկնքի իր մահկանացուն։ «Ես կոչ եմ անում ժողովրդին՝ մի հանդուրժեք, որ ճիճուները ղեկավարեն ձեզ, ձեր գլխում բանական ուղեղ է դրված, մտածեք եւ հասկացեք՝ սա այն վերջնագիծն է, որից անդին մենք ճանապարհ չունենք։ Սա պարզապես մեր ոչնչացման վերջն է, ընթացքն իրենք ապահովել են, մենք մոտենում ենք վերջին։ Հարկավոր է ոտքի կանգնել, մեր միակ փրկությունը խունտային իշխանական լծակներից հեռացնելն է։ Այլ ճանապարհ չկա, որովհետեւ ծառի որդը մեզնից է, կացնի պոչը մեզնից է, եւ ինքն է մեզ կտրում եւ ոչնչացնում»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Եղբայր, քո ասածներդ ամբոջությամբ ճշմարիտ են, բայց ամենադժվար հարցը հենց ժողովրդին լեթարգիկ քնից հանելու ձևը գտնելն է։ Մեր արտաքին և ներքին թշնամիներն անընդհատ ժողովրդին նորանոր նարկոզներ են ներարկում սենսացիոն լուրերի միջոցով, ալիևի ու նիկոլի բլբլոցների միջոցով, ռուսների ագն խոսնակի բլթոցների միջոցով, եվրոպական ու ամերիկյան կարեկցանքային խորամանկությությունների միջոցով և այլն։ Իսկ այդ ընթացքում հայ մտավոՌականությունն իջել է ջրի հատակը ու շնչապահմամբ է զբաղված։ Խորհրդարանական անդեմությունը, որն իրեն ընդդիմություն է անվանում, աշխատավարձ ու պարգևավճար ստանալու օրերին ձայնը փորն է գցում մնացած օրերին ինչ-որ ռեպլիկներ է անում իշխանության հասցեին ու նորից հորանջում ու քնում։ Իսկ արտախորհրդարանական անդեմությունը նիկոլի հետ ախպերական բազարներ է անում երկրի ճակատագիրը ռուսական ճահիճից հանելու և արևմտյան ճահիճը գցելու հարցերով։
    Իսկ ժողովրդին լեթարգիկ քնից հանելը մեզ մոտ միայն արտաքին ուժերն են կարողանում, ինչպես դա արեցին 2018 թվին, որ ընդամենը երկու տարի հետո Արցախը տան թուրքին։ Հիմա մեր ամբիցիոզ քաղաքական գործիչները ամառային արձակուրդների մեջ են, զով վայրեր են մեկնել։ Հեսա աշնանը կգան և կմտնեն իրենց գրասենյակներն ու սուրճ խմելով կզբաղվեն։ Ու էլի ժողովուրդը քնած կմնա։
    Սրտացավներով ուզում ենք ժողովրդին արթնացնենք, բայց իսկի մենք չենք կարգին արթնացել, ժողովրդին ոնց? արթնացնենք։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031