Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առաջարկում ենք Արցախի ժողովրդի ներուժը կենտրոնացնել օդանավակայանի վրա»․ Ժիրայր Սեֆիլյան

Օգոստոս 03,2023 14:54

«Ունենք որոշում ակտիվանալու գետնի վրա։ Ունենք որոշում, օր մեր ժողովրդին հրավիրելու, այս վճռական փուլը սկսելու։ Օգոստոսի 17-ին՝ Ազատության հրապարակում մենք մտնում ենք վճռական նոր փուլ, և այն, բնականաբար, պիտի ունենա իր տրամաբանական ավարտը»,-Ազատության հրապարակում հայտարարեց Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանը։

Նա հայտնեց՝ իրենք ունեն երկու նպատակ՝ առաջինը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, երկրորդը՝ անցումային, հակաճգնաժամային կառավարության ձևավորումը. «Այժմ Արցախի և Սյունիքի վիճակը ստիպում է, որ մեր քայլերով հասունացնենք պատմական քայլը։ Պիտի չբացառենք այդ փուլում պայքարի հանգրվանները, և ամեն մի հանգրվանում հնարավոր է և′ մեր քաղաքական խոսույթում տեղի ունենան փոփոխություններ, և′ գետնի վրա պայքարի մեր մարտավարական ընթացքում կարող են տեղի ունենալ փոփոխություններ։ Առաջնահերթորեն պիտի ձերբազատվել գլխավոր պատուհասից՝ Փաշինյան Նիկոլից։ Այսօր համասփյուռ հայ ժողովրդի գլխավոր օրակարգը սա է, մնացած բոլոր օրակարգերը, որոնց ականատես ենք այս օրերին, դրանք բոլորը ոչ մի տեղ չեն հասցնելու»։

Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ իրենց հիմնական նպատակն է նաև ժողովրդական համախմբումը և թվարկեց, թե ինչ սցենարներով դա կարող է տեղի ունենալ․ «Դա կարող է տեղի ունենալ ժողովրդական ընդվզման, անհնազանդության մեթոդներ կիրառելու միջոցով, բառիս բուն իմաստով հեղափոխության միջոցով, նաև կարող ենք հասնել այդ նպատակին ապստամբության միջոցով, որը ժողովրդի սրբազան իրավունքն է, նաև ժողովրդային ցասման միջոցով։ Թե այս սցենարներից որը տեղի կունենա, որոշողը գործող իշխանություններն ենք․ մենք մեկ է՝ հասնելու ենք մեր նպատակին։ Նիկոլ Փաշինյանի ամենօրյա երկարաձգումն այդ աթոռին, ամենօրյա նոր պատերազմ է նշանակում։ Նիկոլն ասոցացվում է պատերազմի հետ, բոլորը պիտի հասկանան։ Եթե ուզում ենք պատերազմը հնարավորինս հետաձգել, եթե ուզում ենք՝ առաջիկա պատերազմները զսպվեն մեր կողմից, հայոց պետության կողմից, ուստի դրա նախապայմանն օր առաջ Փաշինյան Նիկոլից ձերբազատվելն է։ Երբ ես նախորդ ամիսներին վերադարձա ԱՄՆ-ից մեկամսյա այցից հետո, իմ առաջին հրապարակային հանդիպման ժամանակ, երբ հարցրին ինձ՝ ինչպե՞ս եմ գնահատում իմ այցը, ես պատասխանեցի՝ ասելով, որ խիստ անհրաժեշտ։ Այժմ եթե ինձ հարցնեն դա, ես կպատասխանեմ շրջադարձային»։

Ժիրայր Սեֆիլյանը նաև թվարկեց, թե որ գործոններն են այս տարիների ընթացքում խանգարել համաժողովրդական համախմբմանը․ «Այս համախմբման գլխավոր խանգարող երևույթները մեր հանրապետության բարձրագույն պաշտոնը զբաղեցնող մարդիկ են եղել՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Հիմա հերթական անգամ մենք հորդորում ենք՝ կողք քաշվեք, բառիս բուն իմաստով, մի ցուցաբերեք քաղաքական որևէ ակտիվություն, մի խանգարեք հայ ժողովրդի համախմբմանը»։

Ժիրայր Սեֆիլյանը նաև հայտարարեց, որ եթե ֆորս մաժորային իրավիճակ լինի, հնարավոր է օգոստոսի 17-ից ավելի շուտ սկսեն իրենց գործողությունները։ Հարցին՝ Արցախում տեղի ունեցողը չի՞ խոսում այն մասին, որ պետք է ավելի շուտ սկսել, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց․ «Մենք, որ ասում ենք՝ իրավիճակին հետևում ենք, հենց այնպես չենք ասում։ Շատ լավ տիրապետում ենք՝ իրականում ինչ է կատարվում։ Պատահական չէ, որ մենք որոշեցինք՝ Արցախի ծանրագույն իրավիճակում, եթե առաջիկա ժամանակները որևէ զարգացումներ տեղի ունենան, մենք պատրաստ ենք առաջ գցելու այդ օրը»։

Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի այն կապակցությամբ, որ Արցախում որոշել են երթով դեպի Հակարի կամուրջ գնալ, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ այսուհետ Արցախի իշխանություններին որևէ բան առաջարկելն անիմաստ է։ Նրանք գերակատարել են իրենց պլանը՝ ոչ միայն երեսուն տարվա ընթացքում թույլ չտալով՝ Արցախը վերածվի անառիկ ամրոցի, ինքնաբավ դառնալուն, այլև թուլ չեն տվել Արցախում կես միլիոնից ավելի բնակչություն ապրի։ Հատուկ քաղաքականություն են վարել, որ այդ ամենը չլինի։ Նոյեմբերի 9-ից հետո շարունակում են իրենց դավաճանական ընթացքը։ Երթով Հակարի կամուրջ գնալու փոխարեն մենք առաջարկում ենք Արցախի ժողովրդի ներուժը կենտրոնացնել օդանավակայանի վրա, պետք է գնալ, օդանավակայանը վերցնել ռուսների ձեռքից, պետք է օդանավակայանից SOS բարձրաձայնել, հենց այնտեղից ճիշտ դիմումներ պիտի հղվեն աշխարհին և հասցեական կարևորագույն պետություններին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային։ Սակայն այս բոլորից առաջ գլխավոր անելիքը պետք է լինի ամբողջ ժողովրդին զինելը։ Տեսախցիկների առաջ ահել ու ջահել՝ զենքը ձեռքին պետք է խոսք ասի, որ մենք պատրաստ ենք պահել մեր սուրբ հողը։ Այն ինչ արվում է, շատ վտանգավոր է։ Եթե արևմուտքից չկա երաշխիք, որ այդ ակցիան կանցնի խաղաղ, ապա դա շատ վտանգավոր է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031