Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես եւ Արցախի փաստաբանների պալատի նախագահը հայց ենք ներկայացրել ընդդեմ Փաշինյանի». Արա Զոհրաբյան

Օգոստոս 03,2023 14:46

«Այս վիճակում, երբ բոլորս անհանգիստ ենք Արցախի մեր հայրենակիցների հարցով, բնականաբար յուրաքանչյուրիս մոտ հարց է ծագում, թե ինչպես կարող ենք օգտակար լինել մեր հայրենակիցներին: Ցավոք, ՀՀ այսօրվա կառավարությունը ի նպաստ Արցախի կեցվածք չի դրսեւորում, ինչն ակնհայտ տեսանելի է»,- «Հայելի ակումբում նշեց Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը:

Նրա խոսքով. «Հայաստանի Հանրապետությունը, որ ներքին իրավական փաստաթղթերով հստակ պարտավորություն է ստանձնել սատար կանգնել Արցախի Հանրապետությանը եւ Արցախի մեր հայրենակիցներին, այսօր պասիվ վարքագծի մեջ է: Մենք նաեւ ականատես եղանք, որ կառավարության գլուխը՝ վարչապետի աթոռը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը, քանի անգամ հստակ հրապարակային դիրքորոշում է հայտնել, որ Արցախը Ադրբեջանի տարածքային կազմում է գտնվում:

Որպես փաստաբան ի՞նչ կարող էինք անել: Մեզ մոտ միտք հղացավ իրավական պաշտպանության հարց բարձրացնել: Որքանով դա արդյունավետ կլինի, ժամանակը ցույց կտա, բայց բոլոր դեպքերում կարծում եմ, որ նույնիսկ այն գործողությունները, որոնք կաթիլներով կարողանանք բոլորս միասին անել, ի վերջո ամբողջական իր արդյունքը կունենա»:

Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ինքը եւ Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը երեկ համատեղ հայց են ներկայացրել ընդդեմ վարչապետի, նրա գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու եւ հետեւանքների վերացման ածանցյալ պահանջի մասին: Նա համառոտ ներկայացրեց, թե ինչի մասին է խոսքը. «Մենք վարչական դատարանից խնդրել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ: Եվ երկրորդ պահանջը՝ որպես հետեւանքների վերացման ածանցյալ պահանջ, արգելել վարչապետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կատարելու Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու որեւէ գործողություն, այդ թվում՝ ստորագրելու փաստաթուղթ:

Խնդիրն այն է, որ ՀՀ Սահմանադրությունը, որը 1995թ հուլիսի 5-ին է ընդունվել, նախաբանում հստակ հիմնվել է Հայաստանի Անկախության մասին հռչակագրի վրա, իսկ Հռչակագիրը ինքնին հիմնվել է 1989թ Գերագույն Խորհրդի որոշման վրա, որտեղ Արցախի եւ Հայաստանի միավորման մասին է խոսվել:

Ավելին, ՀՀ Գերագույն խորհուրդը 1992թ հուլիսի 8-ին որոշում է կայացրել: Այդ որոշման առաջին կետով ասվում է՝ հետեւողականորեն սատար կանգնել ԼՂՀ-ին եւ նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը: Երկրորդ կետ՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում »:

Զոհրաբյանը անդրադարձավ նաեւ Փաշինյանի տարբեր հայտարարություններին ու հարցազրույցներին, որտեղ նա Արցախը ճանաչում է իբրեւ Ադրբեջանի մաս, խոսում է անկլավներից: Փաստաբանը հավելեց, որ փորձում են իրավական գործընթացով ցույց տալ եւ մեր հայրենակիցներին, եւ միջազգային հանրությանը, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները հակաիրավական են:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031