Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես էլ եմ ծխող, չեմ հիշում, որ ես դժգոհ մնամ, որ այդ օրը քիչ ծխեցի․ մեր նպատակը տուգանելը չէ, այլ, որ մարդիկ չծխեն»․ Նիկոլ Փաշինյան

Օգոստոս 03,2023 14:25

«Մենք ի հեճուկս մեր կայացրած որոշման, տեսնում ենք, որ սրճարաններում, այդ թվում` բացօթյա, ծխելու երեւույթը շարունակվում է»․-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ հաճախ գործադիրը որոշումներ է կայացնում, սակայն դրանց իրականացման վերահսկողությունը պատշաճ չի իրականացվում, եւ օրինակ բերեց ծխելն արգելելու մասին որոշումը։

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ի պատասխան ծխելու արգելքի մասին հարցի, ասաց՝ այդ ուղղությամբ այս տարվա կատարած աշխատանքի ցուցանիշները վկայում են, որ իրավիճակը մտահոգիչ է։

Ըստ Ղազարյանի՝ 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ այսօր ընդհանուր կազմվել է 7 հազար 186 վարչական արձանագրություն, որից 790-ը՝ հանրային սննդի օբյեկտներում։ Այս շաբաթվա ընթացքում կազմվել է 31 արձանագրություն։

Արգելված վայրերում, ինչպես ներկայացրեց նախարարը, կազմվել է 6044 արձանագրություն, այս շաբաթվա ընթացքում 210 վարչական արձանագրություն, 352 պաշտոնատար անձի նկատմամբ նույնպես վարչական արձանագրություն է կազմվել, այս շաբաթվա ընթացքում՝ 15։

«Պարոն վարչապետ, կակտիվացնենք, ամեն ինչ կանենք, որ ունենանք դրական արդյունքներ»,- խոստացավ Ղազարյանը։

«Մեր նպատակը տուգանքներ գրելը չէ։ Մեր նպատակն այն է, որ մարդիկ չծխեն։ Պատասխանատվությունը պետք է դնենք նաեւ սեփականատերերի ու աշխատողների վրա, որպեսզի նրանք թույլ չտան ծխել։ Էլի էդ քննարկումը կա՝ ի՞նչ իմաստ ունի բացօթյա սրճարանում, կանգառներում ծխելն արգելել։ Իմաստն այն է՝ մենք ծխողի համար ուզում ենք ստեղծել դիսկոմֆորտ, որ ծխողի համար հարմարավետ պայման չլինի, չծխի։ Ուզում ենք բոլոր հնարավոր ձեւերով արգելակենք մարդու ծխելու հնարավորությունը», -ասաց Փաշինյանը։

Նա նաեւ նշեց, որ ըստ օրենքի՝ ծխախոտի տաղավարները պետք է փակ լինեն, ծխախոտը չերեւա, սակայն այս պայմանն էր չի պահպանվում։

«Մենք ոչ թե պետք է ապոկալիպտիկ եզրակացություններ անենք այս երեւույթներից, այլ պետք է հետեւողականորեն աշխատենք այդ որոշումներն իրականացնելու համար, որովհետեւ մտածել, որ մարդկանց տասնամյակների սովորությունը մի որոշմամբ փոխվելու է, այնքան էլ իրատեսական չէ»,-ասաց Փաշինյանը։ Նա հավելեց, որ մարդկանց պետք է օգնել, ճիշտ հաղորդակցություն վարել։

«Ես էլ եմ ծխող, չեմ հիշում, որ ես դժգոհ մնամ, որ այդ օրը քիչ ծխեցի, ընդհակառակը, մարդիկ դժգոհ են մնում, որ սովորականից շատ են ծխել։ Ոչ մի ծխող ինքը գիտակցորեն երբեք չի ուզում ավելի շատ ծխել, դա բացառվում է։ Չկա մարդ, որ ասի՝ էսօր մի տուփ եմ ծխել, ոնց անեմ, որ օրը երկու տուփ ծխեմ»,- ասաց վարչապետը։

 Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031