Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանին ուղղված մեր նամակը թարգմանված, դրված էր ռուս չինովնիկի սեղանին, ուզում ենք հասկանալ՝ ի՞նչ է կատարվում»․ արցախցիները վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Օգոստոս 03,2023 14:09

44-օրյա պատերազմի հետեւանքով փախստական դարձած արցախցիների բողոքի ցույցերը շարունակվում են։ Այսօր նրանք կառավարության շենքի մոտ էին հավաքվել՝ պահանջելով, որ իրենց ընդունի Նիկոլ Փաշինյանը։

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը (լուսանկարում) լրագրողներին ասաց, որ երկու օր առաջ նամակ են հղել կառավարությանը։ Դրանով պահանջում են, որպեսզի Հայաստանի ղեկավարն իրենց պատասխանի, թե ի՞նչ իրավունքով է խախտել Սահմանադրությունը, ըստ որի՝ Հայաստանը հրաժարվել է Արցախի բնակչության անվտանգության երաշխավորի դերից։ «Մենք գիտենք, որ նամակի պատասխանը պետք է լիներ 7 օրվա ընթացքում, բայց երեկվա մեր ակցիայի ժամանակ, երբ մեր պատվիրակությունը մտավ ՌԴ դեսպանատուն, ինձ Լեւոն Հայրյանը փոխանցեց, որ մեր նամակը, որն ուղղել ենք Հայաստանի վարչապետին, թարգմանված դրված էր ռուս չինովնիկի սեղանին։ Եվ ինքն այնտեղից դրվագներ էր կարդում, որտեղ մենք մեղադրանք են ներկայացրել, որ ռուսական զորքերը չեն կատարում իրենց պարտականությունները։ Գրել էինք, որ եթե չեն կատարում իրենց պարտականությունները, թող դրա մասին հայտարարեն։ Այսինքն՝ զարմանալի չէր, մենք հենց նամակում էլ գրանցել ենք, որ արդեն կասկածներ ունենք, որ Հայաստանի իշխանությունները չեն ծառայում հայոց ժողովրդին, այլ սպասարկում են այլ երկրի շահերը։ Եվ հիմա փաստորեն մենք երեկ ստացանք դրա ապացույցը՝ մեր նամակը, որն ուղղված էր Հայաստանի կառավարության ղեկավարին, մեկնաբանում է ռուս չինովնիկը։ Նույնիսկ դեսպանն էլ չէ, դեսպանատան մի աշխատող։ Մենք ուզում ենք, որ վարչապետը մեզ ընդունի, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, իրո՞ք մեր երկիրը ղեկավարվում է այլ երկրների կողմից»,- ասաց Քարամյանը։

Նա անդրադարձավ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովի հայտարարությանը, որ այն պայմաններում, երբ Հայաստանի ղեկավարությունը Ղարաբաղն ադրբեջանական է ճանաչել, ՌԴ հասցեին որեւէ պահանջ անտեղի է։ «Ռուսաստանը սկզբում ճնշումների ու սպառնալիքների տակ ստիպում է, որ Հայաստանի ու Արցախի իշխանավորներն անհեթեթ ու տրամաբանության մեջ չտեղավորվող հայտարարություններ անեն, հետո արդեն հայտարարում են՝ մենք ի՞նչ անենք, Հայաստանի իշխանություններն իրենք են ճանաչել։ Եթե Հայաստանի իշխանությունները ճանաչել են, ապա դուք ի՞նչ գործ ունեք Արցախում, դուրս եկեք այդտեղից։ Ինչի՞ համար են իրենց այդ ճանապարհին կանգնել, եւ իրենց զինվորի ներկայությամբ Կարմիր խաչի մեքենայից մարդ են առեւանգում։ Կամ գյուղացի է առեւանգվում այն ճանապարհից, որը ռուս խաղաղապահները պետք է հսկեն»,- ասաց Մարգարիտա Քարամյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031