Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունն այսօր բողոքի ցույց անցկացրեց կառավարության շենքի մոտ՝ պահանջելով, որ կառավարությունն ավելացնի ռազմարդյունաբերության ֆինանսավորումը։
«Այսօր, երբ Արցախը շրջափակման մեջ է, եւ առջեւում մեզ սպասվում է մի նոր պատերազմ՝ ցեղասպանական ելքով, մեզ մոտ չկա գալիք պատերազմի զգացում։ Ավելին, կազմակերպվում են տարատեսակ ուտեստների, խմիչքների եւ երգի փառատոններ, որոնք նպատակ են հետապնդում շեղել ժողովրդի ուշադրությունը եւ նրան պահել թմբիրի մեջ։ Այդ փառատոնները բյուջեի աննպատակ մսխում են։ Հորդորում ենք եւ պահանջում աննպատակ չմսխել բյուջեի փողերը, բյուջեի հաշվին դրսից չհրավիրել տարատեսակ երգիչների, համաշխարհային աստղերի, հիմա մեզ այլ բան է հարկավոր։ Ուժերը եւ առկա ռեսուրսները պետք է համախմբել՝ դիմագրավելու գալիք պատերազմին։ Պահանջում ենք առկա ռեսուրսներն ուղղել Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացմանը։ Դա կնվազեցնի դրսից ունեցած կախվածությունը եւ կզարգացի տեղական արդյունաբերությունը»,- իրենց պահանջն ընթերցեցին նախաձեռնության անդամները։
Նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անգամ 44-օրյա աղետալի պատերազմում կրած պարտությունից հետո պետական քաղաքականությունը չի փոխվել դեպի ռազմարդյունաբերության զարգացումը։ «Ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանցիները նորից բայրաքթարներով հարձակում գործեցին, իսկ մենք էլի անպաշտպան էինք, ինչպես 44-օրյայի ժամանակ։ Եվ ես վստահ եմ՝ այսօր էլ մենք նույն կերպ անպաշտպան ենք։ Մեր պահանջը սա է՝ ռազմարդյունաբերության զարգացումը դարձնել պետական քաղաքականություն, բերել օրակարգ, առաջին պլան։ Այս օրերին մենք տեսնում ենք, որ տարբեր խրախճանքի միջոցառումներ, տարբեր փառատոններ են կազմակերպվում։ Հիմա տեսնում ենք, որ տարբեր օտարերկրյա երգիչներ են հրավիրվում Հայաստան, աստղաբաշխական գումարներ են ծախսվում նրանց Հայաստան բերելու համար, իսկ ռազմարդյունաբերության զարգացմանը՝ ոչ մի կոպեկ։ Մենք գիտենք, որ ՀՀ-ում կան տարբեր խմբեր, ովքեր կամավոր կերպով փորձում են նույն բայրաքթարների դեմ միջոցներ ստեղծել, անօդաչու սարքեր, հարձակվողական, պաշտպանողական տարբեր զինատեսակներ ստեղծել։ Եվ պետության կողմից բացարձակ զրո ուշադրություն է։ Մեր պահանջը հստակ է, մենք այստեղ ասում ենք՝ այո ռազմարդյունաբերությանը, ոչ խրախճանքին՝ ժանտախտի պահին»,- ասաց Չախալյանը։
Կարդացեք նաև
Նա հավելեց․ «Արցախահայությունը շրջափակված է, մենք անվտանգության խնդիր ունենք։ Շատերն ասում են՝ այս պահին միգուցե սա շեղող հարց է, բայց ես վստահ եմ, որ շեղող չէ։ Ռազմարդյունաբերության զարգացումը հենց այն անկյունաքարային կետն է, որով մենք կարող ենք շրջադարձ կատարել եւ որով կարող ենք ՀՀ այսօրվա անպաշտպան ու թույլ վիճակը փոխել։ Եվ մենք հավատում ենք, որ սա ռազմարդյունաբերությամբ կարող ենք փոխել»։
Հարցին, որ Հայաստանի իշխանությունը խոսում է այն մասին, որ չի կարողանում զենք գնել, ինչպե՞ս պետք է զարգացնեն ռազմարդյունաբերությունը, Չախալյանը պատասխանեց․ «Այս հարցը եւս լեգիտիմացնում է մեր պահանջները։ Ինչո՞ւ պետք է դռնեդուռ ընկնենք, աշխարհի տարբեր երկրներում զենք փնտրենք, եթե հայկական միտքը, հայի պոտենցիալն ի վիճակի է ժամանակակից զենքեր ստեղծել։ Եվ հենց այս խնդրի առկայության պայմաններում, որ մենք ուրիշ տեղ զենք ենք պատվիրել, բայց չենք կարողանում հասցնել Հայաստան, առավել եւս մեր պահանջը դառնում է օրակարգային։ Մենք պետք է մինիմում մեր անվտանգային հարցերը կարողանանք լուծել։ Պարենային անվտանգությունը եւ ռազմական անվտանգությունը պետք է կարողանանք մեր ուժերով կազմակերպել։ Այո, մենք դեմ չենք օտարներից զենք գնելուն, բայց երբ մեր պոտենցիալը չի օգտագործվում, սա մեզ համար անթույլատրելի է։ Այդ գումարը, որ տալիս են, որ մի երկու ժամ երգ հնչի Երեւանում, դրանից 150 կազմակերպության կարող են բաժանել 200 հազարական դոլար, որը շրջադարձային կլինի հայկական զենքի արտադրության ոլորտում»։
Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն այսօրվա մարտահրավերները եւ պահանջեն, որ օրակարգային դառնան վերոնշյալ հարցերը։
Դիտարկմանը, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում է «խաղաղության դարաշրջանի», ոչ թե պատերազմի, Վահագն Չախալյանը պատասխանեց․ «Ցավոք, մեզ ոչ ոք չի հարցնում, թե մենք ինչի ենք պատրաստվում։ Այնպես չէ, որ 44-օրյա պատերազմից առաջ մեզ հարցրեցին՝ մենք պատերազմի՞ ենք պատրաստվում եւ մեզ վրա հարձակվեցին։ Մենք հասկանում ենք, որ մեր թշնամու ախորժակն էլ ավելի գրգռված է։ Ես վստահ եմ, որ դա ժամանակավոր է, ես վստահ եմ, որ այդ օրը գալու է, տեսնելու ենք, թե Ալիեւը ոնց է քանդելու իր փողկապը, որ ծամի։ Բայց եկեք մենք մեր հասանելիքն անենք։ Այստեղ պատերազմի մասին խոսք չկա, խոսքն ընդամենը ռազմարդյունաբերությունը զարգացնելու մասին է, որպեսզի մեզ վրա հարձակվող ագրեսորի ատամները կարողանանք ջարդել։ Ո՞վ է երաշխիք տալիս, որ Ալիեւը մեզ վրա չի հարձակվելու։ Ես մի բան գիտեմ՝ ե՞րբ չեն հարձակվում քեզ վրա, երբ ուժեղ ես եւ ամուր կանգնած ես քո հողի վրա։ Մեր հողի վրա ամուր կանգնելու ճանապարհն անցնում է ռազմարդյունաբերության զարգացումով»։
Նա հայտարարեց, որ իրենց ցույցերը լինելու են շարունակական, մինչեւ իշխանությունները հաշվի կնստեն ՀՀ քաղաքացիներին անվտանգ լինելու իրավունքի հետ։ Իշխանությունները, նրա խոսքով, պարտավոր են ապահովել մեր անվտանգ լինելու իրավունքը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ