Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ ձկնաբուծարանների մասին․ «Փակվելու են, թող փակվեն, ոչ մեկն իրենց իրավունք չի տվել պետական ռեսուրսն օգտագործել ու կասկածելի որակի արտադրանք շուկա նետել»

Օգոստոս 03,2023 13:13

«Անհրաժեշտ է բոլոր ոլորտներում ջրի նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխություն, որովհետեւ ջրի ճգնաժամն արդեն Հայաստանում է։ Սա գլոբալ խնդիր է, բայց Հայաստանում այն խորանում է ենթակառուցվածքների բացակայությամբ կամ մաշվածությամբ, ինչպես նաեւ ջրի նկատմամբ մեր վերաբերմունքով»,-այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ զեկուցվում էր ջրօգտագործման թույլտվության տրամադրման վերաբերյալ նախագիծը։

«Գեղարքունիքում այցի ժամանակ դառնությամբ արձանագրեցի, որ ամենամեծ գյուղերից մեկը՝ Ներքին Գետաշենը ջրի լրջագույն խնդիր ունի՝ ոռոգման, խմելու ջրի, կոյուղու։ Նաեւ ՝ մերձակա գյուղերը։ Ճանապարհներին տեսա մի քանի աղբյուրներ, որտեղ ջուրն ուղղակի հոսում էր։ Սա համատարած խնդիր է ու սա մեր հաջորդ ռազմավարական ծրագիրը պետք է լինի։ Հայաստանի հանրապետությունում այսօր ջուրը չի կառավարվում, ուղղակի հոսում է։ Կան կազմակերպություններ, պաշտոնյաներ, ընթացակարգեր, որոշումներ, բայց ջուրը չի կառավարվում։ Գիտելիքի խնդիր էլ ունենք, չգիտենք՝ ինչպես են ջուրը կառավարում»,-ասաց Փաշինյանը, նշելով՝ ջրի կորստի ահռելի խնդիր կա Հայաստանում։

Նա անդրադառնալով ձկնաբուծարանների՝ փակ ցիկլի անցնելու մասին կառավարության որոշմանը, որը դեռ նախորդ տարի է ընդունվել, ուժի մեջ կմտնի եկող տարվա հունվարի մեկից, ասաց, որ արդեն ակնարկներ են հնչում, թե այդ որոշումը պետք է հետաձգել․ «Շշուկով, կիսաձայն ասում են՝ դե, ոնց որ թե որոշումն իրականանալի չէ, ձկնաբուծարանները կսնանկանան, էս կանեն, էն կանեն․․․ Նախ՝ մենք մեզ հարց պիտի տանք՝ էդ ձկնաբուծարաններում, երբ ձկի բտման պրոցես է լինում, շուկայում հայտնված արտադրանքը ինչքանո՞վ է համապատասխանում սննդի անվտանգության կանոններին, դա ի՞նչ ազդեցություն է ունենում մեր առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության վրա։ Չենք հետաձգելու որոշումը։ Պատանդի կարգավիճակում անընդհատ պիտի որոշում կայացնենք ու փոխենք, համաձայն չեմ այդ տրամաբանության հետ։ 1,5 տարի առաջ ենք որոշում կայացրել, ժամանակ ենք տվել ներդրում անեն։ Իսկ ո՞վ է ասել , որ պետք է եկամուտներ ստանան, կասկածելի արտադրանք թողարկեն շուկա, հետո էլ անընդհատ շանտաժի միջոցով, թե՝ կսնանկանանք։ Էդ ձեր ռիսկն է, իսկ ո՞վ է ասել, որ պետությունն իր ջրային ռեսուրսները․․․հասկանում եմ, որ պետությունը տնտեսությանը պետք է աջակցի։ Եկեք հաշվենք, տարեկան ինչքանի՞ ջուր ենք ծախսում, վատնում, եւ ինչքանի՞ ձուկ ենք արտադրում։ Պետության օգտակար գործողության գործակիցն ինչքա՞ն է։ Այդ հաշվարկը որեւէ մեկն արե՞լ է։ Կարծում եմ՝ լուրջ հաշվարկ չկա։ Ջրի նկատմամբ վերաբերմունքն էդ է, ոչ մեկ չի հաշվում՝ բա պետությունն ինչքա՞ն կորցրեց, որ էդ ջուրը մտավ ջրավազան, դարձավ ձուկ ու գնաց կորավ։ Տասնյակ տարիներ ու միլիարդներ են պետք այդ ջրային ռեսուրսները վերականգնելու համար։ Այս բալանսը որեւէ մեկը հաշվե՞լ է։ Իհարկե՝ ոչ»։

Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում ձկնարդյունաբերությանը ոչ մի բան չի սպառնում, եթե խոսքն իրոք ձկնարդյունաբերության մասին է, այլ ոչ թե ջրի վատնման։ Նա մի քանի անգամ կրկնեց՝ ձկնաբուծարանների մասին որոշումը չի փոխվելու, չի հետաձգվելու, այդ մասին երեք ամիս առաջ նախարարին էլ է հանձնարարել, որ արտադրողներին տեղեկացնի։

«Փակվելու են, թող փակվեն, ոչ մեկն իրենց իրավունք չի տվել հանրային, պետական ռեսուրսն օգտագործել կասկածելի որակի արտադրանք շուկա նետելու համար»,-հայտարարեց Փաշինյանը։

Ապա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին հանձնարարեց շատ խիստ վերահսկողություն սահմանել՝արդյոք ձկնաբուծարաններում արտադրված արտադրանքը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին․ «Այդ լոբբինգի բոլոր միջոցներն էլ դադարեցրեք։ Որեւէ մեկն ինձ մոտ չմտնի, չասի՝ գիտեք, եկեք ամեն դեպքում այդ որոշումը հետաձգենք։ Չի հետաձգվելու»։

 Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031