«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ին (Ռոստելեկոմ) կառավարությունը 613.1 մլն դրամի աջակցություն կտրամադրի։ Այս մասին որոշումը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։
Ըստ որոշման նախագծի՝ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման շրջանակներում ընկերությանն այս աջակցությունը տրամադրվում է տվյալների մշակման կենտրոնի շահագործման համար փոխլրացնող երկու ենթակայանների եւ համապատասխան մալուխային գծերի կառուցման եւ ճանապարհային հասանելիություն ապահովելու համար»։
Ընկերության՝ այս ծրագրի ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 11.1 մլրդ դրամ։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումների ծավալը կկազմի 6.5 մլրդ դրամ։
613.1 մլն դրամ աջակցությունը կառուցվող ենթակառուցվածքի նախնական արժեքն է։
Կարդացեք նաև
Ընկերությունը նախատեսում է հայաստանյան եւ միջազգային հաճախորդների կարիքները բավարարելու նպատակով Աբովյան քաղաքում կառուցել 218 սերվերային պահարանների ծավալով տվյալների մշակման կենտրոն։
Մատուցվելու են հետևյալ ծառայությունները՝ համատեղակայում (colocation), վիրտուալ սերվերներ (virtual machine services), ամպային ծառայություններ (cloud services) եւ այլն։
Ըստ որոշման նախագծի՝ ծրագրի իրականացման առաջին տարում ստեղծվելու են 33 նոր աշխատատեղեր, աշխատողների միջին ամսական աշխատավարձը նախատեսվում է 500 հազար դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագիծը զեկուցող էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանից հետաքրքրվեց՝ այնպիսի պայմաններ չե՞նք ստեղծում, որ պետության կառուցած ենթակառուցվածքները դառնում են այս ներդրող ընկերության սեփականությունը։ «Ենթակայանները կդառնան ՀԷՑ-ի սեփականությունը»,-ի պատասխան ասաց Գեւորգյանը։
«Բա չի՞ ստացվում, որ ուրիշ ներդրողի համար ենք ենթակառուցվածք ստեղծում։ Սակագնի մեջ հաշվարկվո՞ւմ է, որ պետությունն այդտեղ ներդրում է արել»,-հարցը կրկնեց Փաշինյանը։
Միջամտեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը․ «Այս հարցը շատ երկար քննարկել ենք։ Տվյալ դեպքում ենթակայանները լինելու են պետության սեփականությունը, որոնք հանձնվելու են ՀԷՑ-ին՝ սպասարկման համար, եւ այլ կազմակերպություններ կամ անհատներ, ովքեր ցանկություն կունենան տվյալ տեղում նույնպես ստանալ այդպիսի ծառայություններ, եթե կլինի հավելյալ թողունակություն, ապա իրենք կկարողանան օգտվել։ Սա մեզ համար սկզբունքային հարց է․ այն բոլոր գումարները, որոնք տրամադրում ենք ենթակառուցվածքների զարգացման համար, պետք է պետության սեփականությունը լինեն։ Սա կապիտալ ներդրում է։ Շատ ուշադիր ենք, որպեսզի որեւէ ծրագրում մենք որեւէ աջակցություն չտրամադրենք, որպեսզի որեւէ ձեւով փոխհատուցենք ներդրողների սեփական ներդրումների ծավալը»։
Ենթակառուցվածքների սպասարկման հարցը, ինչպես ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, կհստակեցվի ենթակայանների կառավարումը ՀԷՑ-ին փոխանցելու ժամանակ․ «Այսինքն՝ ՀԷՑ-ն ինչպես իր ենթակայաններն է սպասարկում, այնպես էլ կսպասարկի այս ենթակայանը, եւ կապահովի համապատասխան ծառայություն»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ