«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանում արգելափակել են «Ազատություն ռադիոյի» եւ երեք ադրբեջանական ԶԼՄ-ների կայքերը (արտասահմանում գործող «Մեյդան» ՀԸ, «Ազերբայջան սաաթի», եւ տեղական «Թուրան» ՀԸ), համարելով դրանց գործունեությունը երկրի անվտանգության սպառնալիք։
Արեւմտյան կազմակերպությունները վաղուց են խոսում Ադրբեջանում բացեիբաց գրաքննություն մտցնելու եւ մարդու իրավունքների ու միջազգային կոնվենցիաների խախտումների մասին։
Ասում են, որ «Ազատություն ռադիոյի» կայքն ընկել է Ալիեւի ու նրա կնոջ քացու տակ այն բանից հետո, երբ հետաքննություն է անցկացվել մի քանի ֆինանսական գործարքների հարցով, որոնց մեջ հայտնվում են կապերը ղեկավար ընտանիքի ու մերձորեն փոխկապակցված մի քանի անձանց անունները։
Կարդացեք նաև
Ադրբեջանում 2016 թ-ից գործում է Ալիեւի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին վիրավորանքների (այս դեպքում պետք է հասկանալ ոչ թե վիրավորանքների, այլ անգամ անմեղ քննադատության) համար մինչեւ 3 տարվա ազատազրկում։
Այս ամենը թողնենք իրենց, բայց վերջերս Ալիեւը պարծենում էր իր՝ երկրի շահերին նվիրվածությունով ու ասում, որ հայ ղեկավարները Ղարաբաղում առանձնատներ ու պալատներ էին կառուցում, իսկ ինքը՝ ճանապարհներ ու քաղաքներ։
Ադրբեջանցի մի ծանոթ վերլուծաբանի խոսքերով՝ Ադրբեջանում այնքան շատ փող կա, որ դա հերիքեց եւ բանակի վերազինմանը, եւ մինչեւ կոկորդը լցնող, բայց չկշտացնող կոռուպցիային, թալանին։ Էնպես որ, այդ ճանապարհներն ու գյուղեր, քաղաքները Ալիեւը կառուցում է մնացորդային սկզբունքներով։ Սկզբում իր, իր ընտանիքի ու քաղաքական համախոհների շահերը, հետո՝ մնացածի։
Չեմ անդրադառնում Արցախում ինչ պետք է արվեր ու ինչ չի արվել թեմային, արածի, ու գլխավորապես չարածի պտուղները հիմա բոլորս ենք համտեսում, էլ ավելի դառը, նվաստացուցիչ պտուղները՝ մեր արցախցիները։
Բայց այդքան մի հավատացեք Ալիեւի խոսքերին։ Նա ինքնասիրահարված, հավանաբար հոգեբանական դեռ կայացման խնդիրներ ունի։ Չեմ կարող ասել, թե մանկուց են դրանք գալիս, բայց էն, որ ռուս վերլուծաբաններն ասում են, թե նա հմուտ քաղաքական գործիչ է, սուտ է։ Կոմպլեքսավորված, բայց լիքը փող ունեցող անձնավորություն է։ Ծիծաղելին նաեւ այն է, թե ոնց են մեղադրում հայկական կողմին եվրոպացիներին կաշառելու ու այլ բաների մեջ։ Զզվելի է։
Ալիեւը լրջորեն տրորել է Արեւմուտքի ոտքը։ Տեսնենք ինչ է սրան հետեւելու։ Միգուցե հիմա՞, սեփական շահերի ոտնահարման թնջուկում նաեւ հասկանան, թե ի՞նչ է իրականում նշանակում Ադրբեջանի քաղաքականությունը արցախցիների նկատմամբ։